Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի տարածած տեղեկությունը, թե նախօրեին երեկոյան Հայաստանի զինված ուժերը հարավարևելյան ուղղությամբ կրակ են բացել ադրբեջանական դիրքերի վրա: Հայաստանի ՊՆ-ն հերքելով տեղեկությունը, նաև հերթական անգամ հիշեցնում, որ Երևանն առաջարկել է ստեղծել սահմանային միջադեպերի քննության համատեղ մեխանիզմ:
Ադրբեջանը, ըստ էության անտեսում է Երևանի այդ առաջարկը, բայց Բաքվի տարածած տեղեկությունը՝ իբրև թե հայկական կողմից կրակոցների վերաբերյալ, ուշադրության է արժանի Երևանի մեկ այլ առաջարկի ֆոնին, որը վերաբերում է հաղորդուղիների ապաշրջափակմանը: Այդ թեմայով Նիկոլ Փաշինյանը նախօրեին հրապարակեց նաև հոդված, ներկայացնելով Հայաստանի մոտեցումները, Բաքվին արված ընդհանուր առաջարկները, և հարց տալով, թե հասկանալի չէ Բաքվի մերժումը:
Հայաստանի վարչապետի հոդվածին հաջորդում է փաստորեն Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությունը, որը թերևս «հասկանալի» է դարձնում, թե Ադրբեջանի համար ինչու՞ ընդունելի չէ հիմնարար հարցերի, այդ թվում ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ որևէ համաձայնություն:
Ընդունելի չէ, որովհետև Ադրբեջանը շարունակում է ապահովել ուժի գործոնին, նվազագույնը, որպես շանտաժի միջոց: Ըստ այդմ, Ադրբեջանը տարածվող ապատեղեկատվությունը ծառայեցնում է պարզապես շանտաժի համար:
Ընդ որում, ուշագրավ է գուցե այն, որ դա զուգորդվում է նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Անկարա այցի հետ, որ տեղի է ունենում Էրդողանի հրավերով: Իրավիճակը բարդ է, իսկ գործընթացները բավականին հակասական ու բազմաշերտ:
Չի բացառվում, որ սահմանին կրակոցների վերաբերյալ ապատեղեկատվությամբ Ալիևը փորձում է իր համար որոշակի հող ապահովել Անկարայում, որտեղ Էրդողանը նրանից գուցե կակնկալի «չխանգարել» այն բարդ խաղին, որի մեջ Թուրքիան մտնում է ներկայիս ոչ պակաս բարդ համաշխարհային շրջադարձի պայմաններում:
Գուցե հնչի տարօրինակ, բայց Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվությունը լինելով շանտաժ Հայաստանի հանդեպ, անուղղակի իմաստով թերևս որոշակի դասավորության պարագայում նաև որոշակի «շանտաժի» տրամաբանություն կարող է ունենալ Թուրքիայի հանդեպ, որպեսզի վերջինս շատ զբաղված լինելով իր աշխարհաքաղաքական նոր խաղով, չմոռանա Բաքվի նպատակների մասին:
Բաց մի թողեք
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը, Արցախը, Դոնբասն ու մյուսները
Կեցցե՛ հեծանիվը: Կեցցե՛ ազգի ցավերով «տապակվող» ղեկավարը
Հայաստանը, ցավոք, Ադրբեջանին պարտվում է բոլոր հարթակներում, վերջ կերևա՞ ․․․