Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Որքան էլ ՔՊ-ականները պնդեն, որ դա կապ չունի Ադրբեջանի հետ «խաղաղության գործընթացի» հետ, պարզ է, որ նման «զուգադիպություններ» չեն լինում:
Համաձայն եմ, որ խնդիրը քաղաքական չէ՝ այն իմաստով, որ այդ իրավաբանը քաղաքական գործիչ չէ եւ քաղաքական դեմարշներ չի անում. պարզապես նրա ծառայությունների կարիքը մեր կառավարությունն այլեւս չունի, քանի որ մտադիր է հրաժարվել Ադրբեջանի դեմ հայցերից:
Իհարկե, դա Կիրակոսյանի ղեկավարած գրասենյակի միակ ուղղությունը չէ: Բայց, եթե Հայաստանի որեւէ քաղաքացի հաղթի կառավարությանը ՄԻԵԴ-ում, դա կառավարությանն առանձնապես չի հուզում՝ հնարավոր փոխհատուցման դեպքում հո փողն իրենց գրպանի՞ց չեն տալու:
Այս դեպքում Ալիեւին հաճոյանալու խնդիր չկա: Համաձայնել, որ 2016 եւ 2020 թվականին Ադրբեջանը հայերի դեմ որեւէ հանցագործություն չի գործել՝ դրա դիմաց ստանալով անորոշ հավաստիացում, որ Ադրբեջանը մեզանից միլիարդավոր «փոխհատուցում» չի ուզի՝ դա, իհարկե, «հմուտ դիվանագիտության մեծ ձեռքբերում է»:
Ի դեպ, երբ ներկայիս դիլետանտները քննադատում են Վարդան Օսկանյանին, դա ինձ համար առնվազն տարօրինակ է: Օսկանյանն իր պաշտոնավարման ժամանակ, իհարկե, սխալներ արել է, բայց այն տապալումը, որի ականատեսն ենք մենք այսօր, ոչ մի այլ ժամանակաշրջանի հետ չի համեմատվի:
Ոչ միայն Կիրակոսյանը՝ իշխանություններին ընդհանրապես որեւէ մասնագետ պետք չէ: Պաշտոններում պետք են բոցաշունչ ճառեր արտասանող դեմագոգներ, որոնք առատորեն օճառ են օգտագործում՝ իրենց «շեֆի» մասին խոսելիս:
Պետական համակարգում ծառայելն ամենեւին դատապարտելի չէ, եթե տվյալ անձը ծառայում է պետությանը, ոչ թե Փաշինյանին, քաղաքական թեմաներով ավել-պակաս չի խոսում եւ իշխանության պատվերները չի կատարում: Եղիշե Կիրակոսյանը հենց այդպիսին էր:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
«Նոր տարի» հենակետը սահմանազատմամբ մնում էր Հայաստանի տարածքում, սակայն հանձնվել է Ադբեջանին
Մինչ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ճամարտակում է, որ անհույս թեկնածուին դարձնի քաղաքապետ, պետք է հիշել ․․․
Ինչո՞ւ անիմաստ ճիգեր գործադրել և Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բացատրել …