12/03/2025

Թեթեւ ոճով լուրջ բաների մասին․ Առասպելներ եւ բացահայտումներ. իրականում ի՞նչ են ստեղծել հայերը

Բելառուսական արմատներով երիտասարդ ռուս գրող Տիմ (Տիմոֆեյ) Սկորենկոյի «Մարսագնաց, ակորդեոն, ՄՌՏ․ հայկական գյուտարարական մտքի պատմությունը» գիրքը ( «Марсоход, аккордеон, МРТ. История армянской изобретательской мысли», издание Слово/Slovo, Москва, 2024г., 494 страницы.)  համոզիչ կերպով ցույց է տալիս, որ «Ամեն ինչ հայերն են հորինել» պնդումը, իհարկե, չափազանցություն է ու կատակ, սակայն այնպիսի կատակ, որը պարունակում է զգալի ճշմարտություն։

Հեղինակն իր առջեւ խնդիր է դրել պարզելու, թե ինչ նվաճումների են հասել հայկական ծագումով գյուտարարները, եւ լավագույնս լուծել է այն՝ մատչելի կերպով ներկայացնելով միջազգային արխիվների ուսումնասիրությամբ հիմնավորված հարուստ փաստագրված նյութ։

Ո՞վ է հնարել ակորդեոնը։ Ո՞վ է նախագծել առաջին մարսագնացի շասսին։ Ո՞վ է ստեղծել սուրճի պատրաստման ավտոմատ սարքը։ Ո՞վ է աճեցրել Սինգապուրի խորհրդանիշը դարձած խոլորձը։ Իսկապե՞ս ամերիկյան դոլարը կեղծումից պաշտպանող կանաչ ներկը մեկուկես դար առաջ մշակել է քիմիկոս Խաչատուր Տեր-Ստեփանյանը։ Այս ամենի մեջ ո՞րն է առասպել, ո՞րը՝ ճշմարտություն։ Այս բոլոր հարցերին պատասխանում է Տիմ Սկորենկոյի հիշյալ գիրքը։

Առասպելներ եւ բացահայտումներ. իրականում ի՞նչ են ստեղծել հայերը

Հեղինակը հիմնավոր կերպով հերքում է տարածված առասպելները, թե հայերն են մշակել ավտոմատ փոխանցման տուփը, ձեռքի ֆենը, դոլարի կանաչ ներկը։ Բայց նույնիսկ նման վերանայումից հետո չափազանց տպավորիչ է մեր հայրենակիցների գյուտերի ու հայտնագործությունների ինչպես ցանկը, այնպես էլ դրանց աշխարհագրությունը (Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ, ԱՄՆ, Ավստրիա, Ֆրանսիա, Սինգապուր)։ Անվիճելի է՝ աշխարհով մեկ սփռված մեր փոքրաթիվ ազգի ներկայացուցիչները հասցրել են իրենց մտավոր հետքը թողնել ամենատարբեր ոլորտներում՝ երաժշտությունից ու տիեզերքից մինչեւ բժշկություն եւ բուսաբուծություն։

Սկսենք երաժշտությունից։ Փողոցային նվագախմբերի եւ խնջույքների հոգին հանդիսացող ակորդեոնը արտոնագրվել է 1829 թ․՝ հայազգի մասնագետ Սիրիլ Դեմիանի կողմից: Նա է հորինել «ակորդեոն» անվանումը եւ նախագծել այնպես, որ այն մեկ սեղմումով կարող է վերարտադրել ամբողջական ակորդ։ Դժվար է պատկերացնել, որ ռուսական բայանի նախահայրն ունի   հայկական արմատներ, բայց դա իրողություն է։ Այժմ դուք գիտեք, թե ում պետք է շնորհակալ լինել, երբ վայելում եք բոցաշունչ ակորդեոնի մեղեդին, լինի դա ֆրանսիական շանսոն, թե արգենտինական տանգո:
Իսկ ի՞նչ կասեք տիեզերքի նվաճման մասին։ Գրքի ամենավառ դրվագներից մեկը նվիրված է խորհրդային ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանին, որի ղեկավարությամբ ստեղծվել է լեգենդար «Լուսնագնացի» շասսին։ 1970 թ․ «Լուսնագնաց-1»-ը հաջողությամբ աշխատեց Լուսնի վրա՝ անխափան անցնելով ավելի քան 10 կմ։ Հայ ինժեների ներդրումը տիեզերական մրցավազքում իսկապես աստեղային է դարձել։

Ակորդեոնից մինչեւ լուսնագնաց. ինչպես մեր հայրենակիցների գյուտերը վերափոխեցին աշխարհը

Վերադառնանք Երկիր, ավելի հստակ՝ ժամանակակից գրասենյակ, որտեղ այսօր պարտադիր տեղադրվում է սուրճի ավտոմատ սարքը։ Գիտե՞ք, արդյոք, որ սուրճի վաճառքի առաջին ավտոմատ սարքը ստեղծել է Սայրուս Մելիքյանը (ԱՄՆ)։ Այդ գաղափարը նա հղացել է 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին բանակում ծառայելիս, իսկ հետպատերազմյան տարիներին կյանքի կոչեց այն՝ հեղափոխելով սուրճի հանրային արտադրությունը։ Այսպիսով, ամեն առավոտ, երբ մեքենայից մի բաժակ էսպրեսսո եք վերցնում, հիշեք՝ դա հնարավոր է դարձել շնորհիվ հայի հնարամտության։ Նման եզրակացության կարելի է հանգել նաեւ՝ ծանոթանալով ավտոբետոնախառնիչի ստեղծման պատմությանը՝ մի սարք, առանց որի այսօր անհնարին է պատկերացնել շինարարության ոլորտը։

Եկավ նաեւ բժշկության հերթը։ Արդեն կես դար մագնիսառեզոնանսային շերտագրության շնորհիվ փրկվում են միլիոնավոր կյանքեր՝ հայտնաբերելով հիվանդությունները վաղ փուլերում։ Այս սարքի սկզբնական տարբերակը մշակել է ամերիկացի գյուտարար Ռայմոնդ Դամադյանը, որը հիմք է դրել ճշգրիտ ախտորոշման դարաշրջանին։ Թեեւ հայազգի գիտնականի անունը լայն հանրությանը շատ հայտնի չէ, նա գիտության պատմության մեջ մտավ որպես «ՄՌՏ-ի հայր», որի ստեղծագործական տաղանդն արդի բժշկությանը տվեց ամենապահանջված սարքերից մեկը։

Հռչակված անուններ են նաեւ՝ Աշխեն Հովակիմյան (Ագնես Ջոակիմ, որն աճեցրել է Սինգապուրի ազգային խորհրդանիշը հանդիսացող Վանդա Միս Ջոակիմ օրխիդեան) եւ Հովհաննես Ադամյան (գունավոր հեռուստատեսիլի համահեղինակներից)։ Տիմ Սկորենկոն իր գրքում փաստերով լուսաբանում է հայ գյուտարարների տպավորիչ ցանկը զանազան ոլորտներում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սարքերից մինչեւ ռազմական տեխնիկա։

Հարց է առաջանում. ինչո՞ւ քչերը գիտեն այս ամենի մասին: Հեղինակն իրավացիորեն նշում է, որ ճակատագիրը հայ գյուտարարներին ցրել է տարբեր երկրներում եւ դարաշրջաններում։ Նրանց ձեռքբերումները հաճախ տարրալուծվել են խոշոր տերությունների պատմական շրջադարձերի մեջ կամ վերագրվել տիտղոսակիր ազգերի ներկայացուցիչներին: Հեղինակին հաջողվել է բծախնդիր ուսումնասիրությունների հիման վրա  ռուսերեն ընթերցող լսարանին ներկայացնել անուններ, ովքեր թեեւ հաճախ մնացել են ստվերում, բայց նրանց գործը եւ ստեղծագործական ներուժն արժանի են հիացմունքի եւ խոր հարգանքի։

Թեթեւ ոճով լուրջ բաների մասին

Հեղինակին հաջողվել է մատչելի ձեւով ներկայացնել բավականին բարդ տեխնիկական հարցեր, ինչը մատչելի եւ հետաքրքիր է դարձրել գրքի ընթերցումը։ Եվ սա պատահական չէ. նա նախկինում եւս հրատարակել է գյուտերի ու գյուտարար մտքի պատմության մասին բեսթսելլերներ եւ քաջ գիտի, թե ինչպես իր ընթերցողին լուրջ հարցերը ներկայացնել մատչելի լեզվով: Մոտենալով հայ գյուտարարների յուրաքանչյուր պատմությանն ամենայն պատասխանատվությամբ եւ հենվելով բացառապես փաստերի վրա, հեղինակը կարողանում է գիտությանը եւ տեխնիկային առնչվող բավականին բարդ նրբություններն ընթերցողին ներկայացնել առանց ձանձրալի մանրամասների։ Գրավիչ, ուշագրավ եւ ուսանելի ճանապարհորդություն. այսպես կարելի է բնութագրել Տիմ Սկորենկոյի երկը: Հեղինակը ներկայացնում է անհերքելի ճշմարտությունը, որն արժեքավոր է, քան գեղեցիկ, բայց հորինված պատմությունը: Գիրքը կարդալուց հետո «Ամեն ինչ հորինել են հայերը» արտահայտությունն այլեւս չի առաջացնի քամահրական ժպիտ։ Ընդհակառակը՝ ընթերցողը կտոգորվի հարգանքի զգացումով. ակորդեոնը, լուսնագնացն ու ՄՌՏ-ն արդեն իսկ բավարար են՝ հայ գյուտարարների տաղանդի առջեւ գլուխ խոնարհելու համար, եւ լավ առիթ՝ ցանկանալու, որ նրանց գործը շարունակեն մեր նորանոր հայրենակիցներ։

Արմեն Մարտիրոսյան
ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամավոր (1990-95թթ., 1995-99թթ.)
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան