12/03/2025

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնի համար ամենաբարձր միավորները ստացել է Արգիշտի Քյարամյանի սանիկը․ Լուսանկար

Մոտ կես տարի Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի հաստիքը թափուր մնացելու հետո, առաջիկայում այն կհամալրվի: Այս բարձր պաշտոնին 3 անձ է այժմ հավակնում` Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը եւ Գեւորգ Քոչարյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների նախօրեին մեկնարկած մրցույթում նրանք հաղթահարել են շեմը ու ներկայացվել Կառավարության քննարկմանը։ Կոռուպցիոն հանցագործությունները քննող կառույցի ղեկավարի թափուր պաշտոնի համար, հիշեցնենք, հինգ թեկնածու էին պայքարում։ Թեկնածուներից սահմանված շեմը չեն հաղթահարել Կարեն Բատիկյանը և Արտաշես Մայիլյանը։ Նրանք նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն էին ստացել։

Բատիկյանը փաստաբան է, մինչ այդ երկար տարիներ աշխատել է քննիչ ու դատախազ, նա նաեւ Վերաքննիչ քրեական դատավոր Լուսինե Հովհաննիսյանի ամուսինն է։ Բատիկյանին նախօրեին մրցույթի ժամանակ տրված հարցերից մեկն այն էր, որ վարորդական վկայական չունեցող որդին մեքենա է վարել, ինչը ինքնին ոչ պատշաճ հարց է․ քանի որ հասուն որդու արարքների համար հայրը պատասխան չպետք է տա, այն էլ դրանով որոշվի՝ նրա նշանակման հարցը։ Իսկ եթե քննենք-զննենք այդ հանձնաժողովի անդամների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց նիստուկացը, յուրաքանչյուրի դեպքում կգտնվեն բազում նման վրիպումներ ու սխալներ։ Ինքը` հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանն էլ վերջերս Սևանի ափին գտնվող մի չգործող բժշկական կենտրոնի տարածքը հրաձգարանի էր վերածել եւ ընկերների հետ միասին` հրազենի կիրառմամբ զվարճացել։

Իսկ Մայիլյանը Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ է՝ քննել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը։

Հանձաժողովի  անդամները Բատիկյանի բարեվարքությունը գնահատեցին 90, Մաիլյանինը՝ 266, Մարտիրոսյանինը՝ 393, Նահապետյանինը՝ 439 և Քոչարյանինը 379 միավոր։

Թեկնածուներից Արթուր Նահապետյանը ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի սանիկն է։ Նրանց աշխատանքային գործունեությունը ևս փոխկապակցված եղել է՝ սկսած Շիրակի մարզի դատախազությունում աշխատանքից, ապա՝ ՊՎԾ-ում, իսկ Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո Նահապետյանը տեղափոխվել է ԱԱԾ՝ որպես քննչական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ։ Ավելի ուշ՝ 2023 թ․ մարտի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ նախկին պաշտոնյան նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր, իսկ 2025թ հունվարին դատական համակարգից տեղափոխվել է ՔԿ՝ նշանակվելով ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում։ Նա ամենաշատ միավորն է ստացել։

Պետրոս Մարտիրոսյանը՝ դատախազությունում շուրջ 10 տարի ծառայությունից հետո՝ 2023թ․-ից զբաղեցնում է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը, առավել հայտնի է որպես Կարեն Կունգուրցևի գործով դատախազ։ 2013թ. հոկտեմբերի 12-ին` որպես առաքիչ աշխատող Կունգուրցևը Վանաձորի Կայարանի այգով անցնելիս տեսել էր, թե ինչպես է իր ուղղությամբ պատանիների մի խումբ վազում։ Առանձնապես ուշադրություն չէր դարձրել տեղի ունեցածին, սակայն ժամեր անց պարզվել էր, որ նրան մեղադրանք է առաջադրվել 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանին սպանելու համար։ Ըստ Կարենի՝ իրեն խոշտանգել են և ստիպել մեղքն իր վրա վերցնել: Հրաժարվել է, ինչից հետո կալանավորվել։ Մեղադրանքը դատարանում պաշտպանել է այդ ժամանակ դատախազի պաշտոնը զբաղեցնող Պետրոս Մարտիրոսյանը։ Դատապարտված, հետո արդարացված Կունգուրցևի համար մտահոգիչ է, որ իր մեղավորությունն ամեն գնով դատարանում պաշտպանած դատախազ Պետրոս Մարտիրոսյանն այսօր հավակնում է դառնալ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Նրան այս պաշտոնում, ինչպես գրել ենք, առաջ է հրում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Վերջին թեկնածուն, որի անունը տրվել է Կառավարությանը՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչության դատախազ Գևորգ Քոչարյանն է։ Հայտնի դարձավ, որ նա ազատման դիմում է ներկայացրել, մինչ այս պահը որպես դատախազ ներգրավված է եղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի և այլ անձանց ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերում: Նա, ըստ տեղեկությունների, Դանիել Իոաննիսյանի եւ Աննա Վարդապետյանի ցանկալի թեկնածուն է։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով թեկնածուներին,  ասաց՝ նրանցից ճանաչում է Պետրոս Մարտիրոսյանին, քանի որ Կունգուրցևի գործով զբաղվել են իրենց կազմակերպության  մասնագետները․ «Միայն այս մարդու մնալը, առաջադրվելու հնարավորությունն արդեն խնդրահարույց է, խոսում է նրա մասին, որ վեթինգ կոչվածն ուղղակի տապալված է»։

Դիտարկմանը, որ նա ամենաբարձր միավոր հավաքած թեկնածուն է, իրավապաշտպանն արձագանքեց․ «Բա դե ինչ, ինչի՞ց եք զարմանում։ Ես միշտ ասել եմ՝ այս իշխանությանը պետք են մարդիկ, ում վրա ցանկացած պահի կարելի է հարուցել քրեական գործեր։ Իրենք բարձրագույն նման պաշտոնների նշանակում են մարդկանց, ովքեր այս գործիքը կիրառում են ցանկալի որոշումներ կայացնելու համար։ Խաղաղ պայմաններում սպանված զինվորների գործերով քննիչները, դատախազները, դատավորները տարբեր ու բարձր պաշտոնների են նշանակվել»։

Խոսելով մրցույթի մասին, մասնավորապես, որ Բատիկյանին ասոցացրել են իր տղայի հետ, Կարապետյանցը նշեց՝ ամեն մարդ ինքն իր համար է պատասխան տալիս, նաեւ ավելացրեց․ «Հանրային մարդիկ, ում աշխատանքի բնույթը առանձնահատուկ է, իրենց ընտանիքի անդամները եւս պետք է ունենան այդ պատասխանատվության զգացումը»։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է անցած նոյեմբերից, երբ վարչապետ Փաշինյանը SMS-ով հորդորեց կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հրաժարական տալ:

Ամենաբարձր միավորը՝ Քյարամյանի սանիկն է ստացել