15/03/2025

Որքանով է արտացոլում շանտաժի ներքո թելադրված միակողմանի պահանջներ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանն ընդունել է Խաղաղության պայմանագրի տեքստի չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկները, ու պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունն ավարտված է:

Դրան արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ն՝ հաստատելով Բայրամովին, սակայն ասելով նաև, որ հայկական կողմը պատասխանելով Ադրբեջանին՝ առաջարկել է համատեղ հայտարարությամբ արձանագրել պայմանագրի բանակցության ավարտի մասին, սակայն ադրբեջանական կողմը գերադասել է միակողմանի հայտարարությունը:

Այս մանրամասնությամբ, Հայաստանի ԱԳՆ-ն թերևս փորձ է անում պատասխանել այն հարցադրումներին, որ Հայաստանի հանրության մոտ առաջացրել է Բայրամովի հայտարարությունը: Ինչո՞ւ Հայաստանի հանրությունը հերթական անգամ կարևորագույն տեղեկատվությունը ստանում է Ադրբեջանից, իսկ Երևանը այսպես ասած հաստատողի կամ հերքողի, հետևից գնացողի դերում է:

Այս պարագայում էլ, եթե անգամ առաջնորդվենք Հայաստանի ԱԳՆ տարածած հայտարարությամբ, ապա ինքնին այդ դրվագն առնվազն թույլ է տալիս եզրակացնել, որ տեղի ունեցածը, ըստ էության, ոչ թե համաձայնություն է և բանակցության ավարտ, այլ պարզապես ադրբեջանական պահանջների միակողմանի իրագործում:

Եթե Ադրբեջանը կարող է այդպես խախտել բանակցային էթիկան և համատեղ հայտարարության փոխարեն գերադասել միակողմանի հայտարարությունը, ապա բարդ է պատկերացնել, որ բանակցությունն ու դրա արդյունքը կարող էին էապես տարբեր լինել այդ պատկերից:

Բոլոր դեպքերում, հասարակության հարցերն ու կասկածները կարող է ցրել մի պարզ գործողություն՝ բանակցված և համաձայնեցված պայմանագրի հրապարակում: Եթե կողմերը պաշտոնապես հայտարարում են բանակցության ավարտի մասին, ապա տրամաբանությունը հուշում է, որ պետք է հանրությանը ներկայացնել այդ բանակցության արդյունքը:

Համենայն դեպս, Հայաստանի հանրությունը պետք է կառավարությունից պահանջի հրապարակել փաստաթուղթը, եթե այն բանակցված և համաձայնեցված է, եթե հայտարարվել է տեքստի շուրջ բանակցության ավարտ: Երբ տեքստը գաղտնի է բանակցության ընթացքում, ապա դա միանգամայն տրամաբանական է՝ կա գործընթաց, դիվանագիտություն, որը ենթադրում է նաև փակ ռեժիմ: Բայց հայտարարվում է, որ այն ավարտված է, իսկ Հայաստանի ԱԳՆ հայտնում է, որ պատրաստ է սկսել քննարկել ստորագրման ձևաչափն ու վավերացման հետ կապված հարցերը:

Հետևաբար, չկա պայմանագրի տեքստը փակ պահելու պատճառ և այն պետք է ներկայացվի հանրությանը, ինչից պարզ կլինի, թե որքանով է փաստաթուղթը արտացոլում շահերի հավասարակշռություն և որքանով է արտացոլում շանտաժի ներքո թելադրված միակողմանի պահանջներ: