Մարտի 13-ի օրվա երկրորդ կեսին Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Հաքան Ֆիդանը և Յաշար Գյուլերը, ինչպես նաև Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընը մեկնել են Դամասկոս՝ այդ երկրի պաշտոնական ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու նպատակով:
Այդ մասին հայտնում է «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը: Պաշտոնական հաղորդագրությունը չի մանրամասնում, թե թուրքական բարձրաստիճան պատվիրակությունը Դամասկոսում կոնկրետ ում հետ և ինչ հարցերի շուրջ է բանակցություններ վարելու:
Նախօրեին կարծիք էինք հայտնել, որ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ ալ-Շարաայի և քրդական ինքնավարության զինված ուժերի հրամանատար Մազլում Աբդիի միջև երկու օր առաջ ստորագրված համաձայնագրի վերաբերյալ Անկարայի մոտեցումը խիստ վերապահ է:
Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակ, փոխծովակալ Զեքի Ակթյուրքը, մասնավորապես մարտի 12-ին լրագրողներին ասել է, որ Դամասկոսում ռազմական կցորդը կհետեի համաձայնագրի իրականացման ընթացքի, հետևություններ կարվեն ըստ կոնկրետ արդյունքների:
Երևում է, Դամասկոսում չեն ողջունել քրդերի հետ համաձայնության կատարումը վերահսկելու մասին Թուրքիայի առաջարկությունը, և նախագահ Էրդողանը որոշել է «գրոհել» Ահմադ ալ-Շարաայի դիրքերը: Առհասարակ, ինչպես հասկացվում է թուրքական մամուլի ակնարկներից, Թուրքիայի համար ալ-Շաարան Սիրիայի նոր առաջնորդի լավագույն թեկնածուն չէր:
Ավելի քան մեկուկես տասնամյակ Թուրքիան Սիրիայի հյուսիսում ոչ միայն զինված ներկայություն, այլև քաղաքացիական վարչակազմ է ձևավորել՝ որպես հենարան ընտրելով տեղաշրջանի թուրքմեն խմբավորումներին: Թուրքիայի համար նախընտրելի կլիներ, եթե Դամասկոսում իշխանությունը նրանց ձեռքն անցներ:
Անցած երեք ամիսներին Թուրքիան մի քանի անգամ փորձել է Դամասկոսի «անցումային շրջանի նախագահին» համոզել, որ անդրեփրատյան տարածքների քրդական զինված կազմավորումների դեմ պատժիչ գործողություններ իրականացնի: Մի անհաջող փորձ թուրքմենները ձեռնարկել Հալեպում և մերձակայքում, բայց ալ-Շարաայի ենթակայության անվտանգության ուժերը քրդերի դեմ հարձակումները կանխել են:
Սիրիայում քրդական հարցի կարգավորումը Թուրքիայի համար չափազանց զգայուն է: Տարածաշրջանի մյուս երկրում՝ Իրաքում, քրդերն ինքվար կառավարություն և տեղաշրջանային խորհրդարան ունեն: Եթե այդ օրինակը տարածվի նաև Սիրիայում կամ քրդերը խաղաղ ճանապարհով ինտեգրվեն երկրի քաղաքական կյանքին, ապա «Քրդական բանվորական կուսակցությունը» լուծարելու, քրդերին զինաթափելու և նրանց միայն «սահմանադրական քաղաքացիություն շնորհելու» ծրագրի իրականացումն Էրդողանի համար չափազանց դժվար կլինի:
Դամասկոս գործուղված թուրքական պատվիրակության կազմն արդեն իսկ հուշում է, որ Անկարան դիվանագիտական ճնշում է գործադրելու, որպեսզի ալ-Շարաա-Աբդի համաձայնագիրը վերանայվի: Թուրքիան հատկապես անհանգստացած է սիրիական բանակի կազմում «քրդական բանակի» ստեղծման հեռանկարով:
Տասնյակ հազարավոր քրդեր իրենց ունեցած սպառազինությամբ կարող են ոչ միայն Սիրիայում, այլև ողջ տարածաշրջանում խնդիրներ ստեղծել: Թուրքական մամուլի վերջին հրապարակումներից կարելի է ենթադրել, որ Էրդողանը Սիրիայի «անցումային նախագահին» կասկածում է Իսրայելի հետ «գաղտնի պայմանավորվածություների» մեջ:
Թուրք մի շարք վերլուծաբանների ալ-Շարաային «կշտամբում են», որ երկրի տարածքի իսրայելական օկուպացիայի դեմ ոչինչ չի ձեռնարկում: Ուշագրավ է, որ Դամասկոս մեկնած Իբրահիմ Քալընը թուրք առաջին պաշտոնյան էր, որ Ասադի տապալումից հետո այցելեց Դամասկոս: Անկասկած է, որ նա այդ ընթացքում ոչ միայն կենտրոնական մզկիթում աղոթել է, այլև բանակցություններ է վարել ալ-Շարաայի հետ:
Ըստ երևույթին, Դամասկոսի «անցումային կառավարությունը» Թուրքիայի հետ պայմանավորվածությունները լրիվ ծավալով չի կատարում: Դժվար է ասել, թե ի՞նչ արդյունք կունենան թուրք-սիրիական բանակցությունները: Բացառված չէ, որ թուրքական MIT-ը փորձի ալ-Շարաային հեռացնել՝ կազմակերպելով թուրքմեն զինյալների խռովություն:
Բաց մի թողեք
Իրան – ԱՄՆ նամակագրությունն ու ․․․ Հայաստանը
Էրդողանը խրվելու է սիրիական ճահճում, Պուտինը հրում է, թե փրկության օղակ նետում
Բրիտանիան ունի խնդիր ցույց տալ, որ առանց իր մասնակցության հնարավոր չէ որևէ սկզբունքային պայմանավորվածություն