Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է «Մանուշյան…» Հայաստան-Ֆրանսիա համատեղ ներկայացումը՝ որպես Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկ և ի նշանավորումն Մանուշյանական շաբաթի։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Հայաստանում ֆրանկոֆոն երկրների դեսպաններ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, ինչն ամրագրված է նաև ՀՀ կառավարության հնգամյա ծրագրում։
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ դառնալուց ի վեր Հայաստանը եղել է շատ ակտիվ, այդ թվում՝ կազմակերպության խոշոր միջոցառումների հյուրընկալության և կազմակերպման հարցերում։ Տարբեր տարիներին Հայաստանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի տարբեր հանձնաժողովների մի շարք նիստեր, նախարարական համաժողովը, ինչպես նաև 17-րդ գագաթաժողովը։ 2018-2022 թվականներին Հայաստանը հաջողությամբ իրականացրեց կազմակերպության քառամյա նախագահությունը։
Ֆրանկոֆոնիայի շուրջ համախմբումը մեծապես խթանում է հանդուրժողականությունը, կոտրում կարծրատիպերը և հարստացնում հասարակություններին բազմակարծությամբ, գաղափարներով և ավանդույթներով։ Նման նախաձեռնություններով մենք նպաստում ենք մարդկության համընդհանուր ներդաշնակությանը` հեշտացնելով փորձի, գիտելիքների ու հմտությունների փոխանակումը մեր երկրների սահմաններից դուրս»,- ասել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը համախմբում է միլիոնավոր ֆրանսախոսների և հնարավորություն է ընձեռում տոնելու համերաշխությունն ու միասին ապրելու ցանկությունը։
Այդ օրվա կապակցությամբ յուրաքանչյուր տարի մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում կազմակերպվում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակ, որի ընթացքում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում անցկացվում են ֆրանկոֆոն մշակութային և գիտակրթական միջոցառումներ՝ միտված համընդհանուր արժեքների և ֆրանկոֆոն մշակույթի արժևորմանն ու տարածմանը:
Այս տարի ևս Հայաստանի կրթամշակութային օջախներում կկազմակերպվեն ֆրանկոֆոնիային նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ և ծրագրեր, որոնցից մեկն էլ «Մանուշյան․․․», ներկայացումն է, որը ցուցադրվելու է նաև Ֆրանսիայի Լիոն քաղաքի Տոբոգան թատրոնում՝ ֆրանսիացի դերասանների կատարմամբ:
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի՝ 2024 թվականի փետրվարի սկզբին կայացրած որոշման համաձայն՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում: Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակության շուրջ 4000 մասնակցի»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով ֆրանկոֆոն գործընկերներին արդյունավետ և շարունակական համագործակցության համար։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը։ 2025 թվականի մարտի 14-18-ը Հայաստանում անցկացվում է «Մանուշյանական շաբաթ», որը նվիրված է Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին։
Այն նպատակ ունի վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել հայ-ֆրանսիական պատմամշակութային երկխոսությունը։ Նախագիծն իրականացվում է «ՍԱԹԷ – ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ – ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից՝ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի ղեկավարության, Լիոնի քաղաքապետարանի և Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության աջակցությամբ և հովանու ներքո։
Բաց մի թողեք
Ես ստեղծագործելու էներգիան ստանում եմ իմ հող ու ջրից՝ իմ երկրից. ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը 77 տարեկան է. Լուսանկարներ
Իսկ դուք պատրա՞ստ եք ճամփորդել դեպի հայ մշակույթի, պատմության և պարի աշխարհ. Տեսանյութ
Ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորների ճանաչված ստեղծագործություններ՝ «Les chemins de l’amour / Սիրո ճանապարհներ» խորագրով համերգին