Արդյո՞ք Փաշինյանն Ալիեւի հետ պայմանավորվել է, որ անհետ կորածների առնչությամբ Բաքվի դեմ ներկայացված անհատական հայցերն էլ հետ կանչվեն։ Երեկ կառավարության շենքի դիմաց այս հարցի պատասխանն էին փորձում ստանալ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների այն ծնողները, ովքեր տասնյակ հայցեր են ներկայացրել միջազգային դատարաններ եւ հույս ունեն, որ դրանք լուծում կստանան։
«Ծնողներից ամեն մեկը մի հիվանդություն ունի, սրանց ձեռքը մարդիկ ինչ հիվանդություն ասես՝ ստացան։ Ես պիտի տենամ, թե ոնց եք մղկտում ու մեռնում, արա»,- ասում էր հավաքվածներից՝ անհետ կորած մի զինվորի հայրը։ «Մեր երեխեքը հենց այնպես չեն գնացել պատերազմ, գնացել են հայրենիք պաշտպանելու, իրենց հարազատներին, ծնողներին պաշտպանելու։ Մենք մեր հայրենիքն ամեն ինչից վեր ենք գնահատել։ Երկու ամսվա ծառայող էր իմ տղան, Իջեւանից տարել են Արցախ կռիվ, իրավաբաններն ասում են՝ իրավունք չունեին տանել երկու ամսվա ծառայողին մարտադաշտ։ Որ ծնողին տեսնում ես՝ հիվանդ է։ 46 տարեկան տղա եմ, բռերով դեղ եմ խմում, դրա պատասխանն ո՞վ պիտի տա։ Ծնողներ կան՝ մահացել են։ Ես անձամբ խոսք եմ տալիս՝ ապրելու եմ, բոլորիդ մահը տեսնեմ։ Տեսնեմ, թե ոնց եք մղկտում, մեռնում։ Էդ թուրքերին բերում-նստացնում ես դիմացդ՝ հարցերի ես պատասխանում, մի թուրք լրագրողի չափ չկա՞նք՝ ժամերով կառավարության դիմաց կանգնած ենք»,- ասաց ծնողներից մեկը։
Անհետ կորած զինվորներից մեկի եղբայրն էլ պատմեց, որ հայրը չի դիմացել եղբոր կորստին, մահացել է։ «Հորս սիրտը «տրաքեց», մահացավ՝ տղային չտեսնելու պատճառով։ Ծնողներից մեկը ներկա դրությամբ վիրահատվում է։ 4,5 տարվա մեջ արդեն քանի ծնող մահացավ»,- ասաց նա։
Ժամեր շարունակ կառավարության շենքի դիմաց սպասելուց հետո՝ կառավարությունից որեւէ մեկը հստակ պատասխան չտվեց ծնողներին։ Փաշինյանի խորհրդական Գագիկ Իսախանյանը մոտեցավ, ժամանակ խնդրեց, սակայն վերադարձավ՝ առանց կոնկրետ եւ հստակ պատասխանի եւ փաշինյանական ոճով՝ այս ու այն կառույցներին էր հղում անում, թե այդ հարցով զբաղվում են։
«Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ պայմանագրի մեջ կա կետ, որ երկու կողմերն էլ փաստաթղթերով, համաձայնեցված կարգով, միասին կազմակերպեն անհետ կորածների վերաբերյալ աշխատանքներ»,- ասաց Իսախանյանը։ «Հրապարակ»-ի ճշտող հարցին, թե որ պայմանագրում, ինչ փաստաթղթում է այդ հարցը ներառված, Փաշինյանի խորհրդականը չգիտեր։ «Չմանրամասնեմ դրա վերաբերյալ»,- նշեց նա։
Ամիսներ շարունակ Բաքուն Երեւանից պահանջում էր՝ այսպես կոչված, խաղաղության համաձայնագրում ներառել նաեւ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերը հետ կանչելու կետը։ Մարտի 13-ին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները հայտարարեցին՝ համաձայնության են եկել բոլոր կետերի շուրջ, պատրաստ են համաձայնագիրը ստորագրել։ Այսպիսով՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո դիտորդները դուրս կգան հայ-ադրբեջանական սահմանից, միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերը հետ կկանչվեն։ Արդյո՞ք սա վերաբերում է նաեւ անհատական հայցերին, եւ արդյո՞ք Բաքուն եւս հետ կկանչի Հայաստանի դեմ ներկայացրած միջազգային հայցերը՝ սրա պատասխանն էլ չկա։ Ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա այս մասին չի խոսել։ Մարտի 13-ին ՔՊ-ի գրասենյակի առջեւ Փաշինյանն ընդգծեց, որ խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա. «Խաղաղության համաձայնագրում չկա մի դրույթ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը եւ չի վերաբերում Ադրբեջանին»:
Ավելի վաղ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը, որպես պետություն, Ադրբեջանի դեմ 4 գանգատ ունի։ Մյուս գանգատների տերերը մասնավոր անձինք են, եւ Փաշինյանն ու Ալիեւը չեն կարող բանակցել՝ դրանք հետ կանչելու վերաբերյալ։ «Մասնավոր գանգատները չեն կարող երկու պետությունների ղեկավարների համար քննարկման թեմա դառնալ։ Այդ գանգատների տերը մեր վստահորդներն են, եւ միայն նրանք կարող են որոշել՝ հետ կանչել, թե ոչ։ Մեր վստահորդները նման մտադրություն չունեն»,- ասել էր Զեյնալյանը։ Այդ գանգատները վերաբերում են անհետ կորածներին, գլխատվածներին, սպանվածներին, գերության մեջ գտնողներին, բռնի անհետացածներին, սեփականության իրավունքի խախտման դեպքերին, անձնական կյանքի իրավունքի խախտման զոհերին, խոշտանգվածներին։ Զեյնալյանի խոսքով՝ տասնյակ գործեր կան, եւ որեւէ պետություն չի կարող բանակցել իր քաղաքացիների գանգատները հետ կանչելու համար։
Սակայն անհետ կորածների ծնողները մտահոգված են՝ Փաշինյանը գուցե իրենց գանգատների մասով էլ է Ադրբեջանին խոստումներ տվել եւ այդ հայցերը հետ կկանչի՝ հաշվի առնելով այն, որ Բաքվի դեմ այդ հայցերը ներկայացնելուն կառավարությունը որոշ աջակցություն ցուցաբերել է։
Բաց մի թողեք
Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու իշխանությանը․ Բեգլարյան
Միրզոյանն ու իր «աջակիցները»
Հերթական փորձանքը ՀՀ կառավարության կողմից