30/04/2025

Երբ ժամանակն ու պահ գա, կհրապարակենք․ Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի ամբողջական տեքստի մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Ադրբեջանի անհանգստություններին՝ կապված Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության հետ։

Լրագրողների հետ զրույցում Սիմոնյան ասաց. «Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրամիության քաղաքացիական դիտորդները, ինքն է այդ դիտորդներին պահում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որովհետև այն պահից, երբ ինքը կստորագրի արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը, մեր պայմանավորվածությունը կմտնի ուժի մեջ»:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության՝ արդեն իսկ համաձայնեցված համաձայնագրի կետերից մեկը վերաբերում է երկու երկրների սահմանին երկու կողմերից որևէ երրորդ ուժի տեղակայման բացառմանը։

Խոսելով սահմանին երրորդ ուժի տեղակայումը բացառող դրույթի վերաբերյալ հնչող մտահոգությունների մասին առ այն, որ պայմանագրի ստորագրումից և սահմանից ԵՄ դիտորդներին հեռացնելուց հետո Ադրբեջանը կարող է նոր հարձակում սկսել Հայաստանի դեմ՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, ԵՄ դիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը, ի՞նչ տարբերություն»:

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և հույս հայտնել, որ պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ. «Ռուսաստանի հետ հարաբերությունները հաշվի առնելով՝ պետք է ասեմ, որ Հայաստանը, ինչպես վերջին տարիների ընթացքում, այնպես էլ հիմա ինքնուրույն է որոշում, թե ում հետ, երբ ու ինչ ձևով խոսի»։

Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետը հեռախոսազանգեր է ունեցել նաև Ֆրանսիայի, Իրանի նախագահների հետ։ Իսկ թե ի՞նչ են խոսել երկու երկրների ղեկավարները, Սիմոնյանը նշեց, որ պաշտոնական հաղորդագրության մեջ գրված է։

Ալեն Սիմոնյանը ծանոթ է Խաղաղության պայմանագրի ամբողջական տեքստին։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար որևիցե վտանգավոր կետ չկա դրանում. «Բոլոր կետերը երկկողմանի են, եթե ասում եք, որ վտանգավոր կետ կա, դա հավասարաչափ վտանգավոր է նաև Ադրբեջանի համար։ Դրա մի մասը արդեն հայտնի է, երկրորդը, մենք գործ ունենք մի կողմի հետ, որին ամեն տեղ պատճառ է պետք որևիցե բան հայտարարելու և ինչ-որ ձև խնդիրներ ստեղծելու։ Երբ ժամանակն ու տրամաբանությունը կհասկանանք հրապարակելու, և պահը կգա, բնականաբար, կհրապարակենք»։

Վերջինս նշեց, որ տեքստը հրապարակելու համար էլ քննարկումներ կլինեն․ «Չենք ուզում միակողմանի որևէ բան անել։ Վերջին տարիների ընթացքում կարողացել ենք այս իրավիճակում օրակարգ ձևավորող ու օրակարգի հետ համահունչ կողմ դառնալ, որը շատ դժվար էր մեծ պարտությունից հետո, բայց հաջողել ենք»։

Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը, թե ՀՀ զինված ուժերը իբր մարտի 16-ին կրակ են բացել սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ։ Սիմոնյանը նկատեց՝ ենթադրում է, որ այս ամենը արվում է՝ Ալիևի «զրոյական վստահության» մասին հայտարարությունը ներպետական լսարանին ներկայացնելու համար։

Հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմից նման ապատեղեկատվության տարածումը չի՞ վկայում խաղաղության գործընթացի ձախողման մասին, նա պատասխանեց. «Իմ մասնավոր կարծիքն է, որ դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն արդարացնելու համար, երբ ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ 0-ին մոտ վստահություն կա: Դա ինքնին ինձ համար զարմանալի է, որովհետև մեր, այսպես ասած, աշխատանքը և գործելաոճը նույն այդ պայմանագրի համաձայնեցված լինելու հրապարակումը խոսում է հակառակի մասին: Էլ չեմ ասում, որ ներսում մեր ընդդիմադիր գործընկերները և մեր ընդդիմախոսները մեզ հակառակի համար են մեղադրում, ասում են՝ Ադրբեջանի նախագահն ինչ ասում է, դուք դա եք անում: Հիմա ստացվում է, որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը՝ մեզ նման մեղադրանք անելով»։

Նա հավելեց, որ Պաշտպանության նախարարությունն արդեն երեք անգամ հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, և որ ԵՄ դիտորդական առաքելությունն էլ հայտարարել է, որ սահմանին որևէ կրակոց չի արձանագրվել․ «Այս փուլում ես չեմ կարծում, որ Ադրբեջանն էսկալացիայի գնա, նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է, և ակնհայտ է ԵՄ դիտորդների գնահատականը: Եվ աշխարհն ադրբեջանական տելեգրամյան ալիքների վրա հիմնվելով չէ իր կարծիքը կազմում: Իրենք իրենց աղբյուրներն ունեն, և դա պետք է ադրբեջանական կողմը հաշվի առնի»։

Ըստ ԱԺ նախագահի՝ այն բոլոր «մտավախությունները», որոնք որ Ադրբեջանն առաջ է քաշում պայմանագրի մեջ, այդ բոլոր «մտավախությունների» հետ կապված լուծում կա․ «Եվ եթե դա էլ չլինի, մենք պատրաստ ենք քննարկել, հասկանալ՝ արդյոք ՀՀ-ի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ տենց բան կա, թե չկա: Ի վերջո, այդ հարցը ո՞նց է լուծվելու, մենք ասում ենք՝ այդ հարցը մենք լուծել ենք խաղաղության պայմանագրով»:

ԱԺ նախագահն առաջարկեց 2 երկրների Սահմանադրությունը ուղարկել փորձաքննության․ «Կարող ենք փորձաքննության ուղարկել 2 երկրների Սահմանադրությունը՝ պարզելու, թե արդյոք այդ պնդումները իրականության հետ աղերս ունե՞ն, թե՞ չէ: Կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով մեր 2 երկրների Սահմանադրությունները և հարց ուղարկել, թող ասեն՝ նման բան կա՞, թե՞ չէ»։

Հիշեցնենք՝ մարտի 16-ին ՀՀ ՊՆ-ը երեք անգամ հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվություններն այն մասին, թե իբր իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։