24/04/2025

Դա միայն կբարդացնի իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը

Ռուսական RT լրատվական գործակալությունը (Ռաշա թուդեյ) նախօրեին տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից զինտեխնիկա եւ տարբեր նշանակության սարքավորումներ տեղափոխել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝ հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների համար։

Հրապարակ թերթը գրել է․ Ըստ աղբյուրի, նախատեսվում է տեղափոխել 151 միավոր տեխնիկա, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, գեներատորներ եւ մասնագիտացված կոնտեյներներ։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը` Արմենպրեսի փոխանցմամբ, զինտեխնիկայի տեղաշարժերը չի մեկնաբանել` հրաժարվել է որեւէ բան ասել: «ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով»,- Արմենպրեսին ասել են Պենտագոնից:

Իսկ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքում գրել էր, որ խոսքը զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների մասին է, որը շուտով կհայտարարվի, ու նկատել էր, որ ռուսական լրատվամիջոցի հրապարակման մեջ նշված ժամկետը՝ հուլիսի 16-ից օգոստոսի 7, բառացիորեն նույն ժամանակահատվածն է, երբ 2024թ. տեղի ունեցան հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։ «Կարծում եմ՝ հիմա էլ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որի մասին շուտով կհայտարարվի։ Նշված ամերիկյան տեխնիկան կմնա մինչեւ սեպտեմբերի 20-ը, ինչպես նախորդ զորավարժություններից հետո»,- մեկնաբանել էր միջազգայնագետը:

Ռուսական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկության վերաբերյալ «Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովին:

«Նախ, այդ տեղեկությունը պետք է հաստատվի, որովհետեւ այն կարող է ավելի բարդացնել Երեւանի վիճակը, երկրորդ` Հայաստանի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու ԱՄՆ-ի հնարավոր որոշումը ոչ մի կերպ մոտիվացված չէ աշխարհաքաղաքական տեսանկյունից: Այն միայն կբարդացնի իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, որովհետեւ խաղաղության պայմանագրի ստորագրման որեւէ հեռանկար չկա»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում Ստանիսլավ Տարասովը, որի համոզմամբ, ԱՄՆ-ն հիմա ամենաքիչն է հետաքրքրված Հայաստանով:

«ԱՄՆ-ն հիմա զբաղված է ուկրաինական հարցով, Հայաստանի փորձը, այդ զորավարժությունները տարածաշրջանում առաջին պլան բերելը դատապարտված են ու մարգինալ բնույթ են կրում, այդտեղ հեռանկար չկա, եւ Հայաստանի անվտանգության տեսանկյունից այն Հայաստանի համար խնդիրներ է ստեղծում, ոչ թե անվտանգություն ապահովում: Փաստացի, Հայաստանն Արեւմուտքի հետ ավտոնոմ է աշխատում, պրակտիկորեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից, իսկ Ադրբեջանի հետ խնդիրը չի լուծվում, որտեղ գրագետ դիվանագետ է նստած, նա մարգինալ չէ եւ միանգամից մի քանի խաղատախտակի վրա է խաղում»,- ասում է մեր զրուցակիցը՝ նկատի ունենալով Ալիեւի եւ Փաշինյանի վարած քաղաքականության տարբերությունը, երբ Հայաստանի վարչապետը, ըստ էության, չսպասելով ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծմանը, միանգամից իրեն փորձեց գցել Արեւմուտքի գիրկը՝ փաստացի չստանալով անվտանգության նոր երաշխիքներ եւ չեզոքացնելով եղած երաշխիքները: Իսկ Ալիեւը խորամանկորեն իր երկրի շահն առաջ տարավ, հասնելով աշխարհի լոյալությանը՝ իր ռազմատենչ եւ հակաժողովրդավարական քաղաքականության հանդեպ:

Տարասովը չի կարծում, որ այս փուլում Հարավային Կովկասում ռազմական էսկալացիայի ռեալ նախադրյալներ կան: Նրա խոսքով, էսկալացիան այս փուլում ոչ ոքի պետք չէ, իսկ առանց արտաքին աջակցության դա հնարավոր չէ: «Թուրքիան պատրաստ չէ դրան, Իրանը չի գնա նման քայլի, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դրա ժամանակը չունեն, իսկ Եվրոպան կազմաքանդված է, ո՞վ պետք է հետաքրքրված լինի դրանով»,- նկատում է մեր զրուցակիցը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, առնվազն այս փուլում, որեւէ հեռանկար չունի, չնայած որ կողմերը հայտարարել են, թե տեքստը պատրաստ է:

«Այո, հայտարարվել է, որ տեքստը պատրաստ է, լավ, դե ստորագրեք, ձեր խնդիրն է՝ որոշեք: Մենք տեսնում ենք, որ վեճը շարունակվում է»,- ասում է ռուս վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հնարավոր զորավարժություններին` ռուսական արձագանքին, ըստ մեր զրուցակցի, Մոսկվան ընդամենը դիտում եւ հետեւում է: «Դա Հայաստանի որոշումն է, եթե Փաշինյանը որոշել է ինքնուրույն զբաղվել իր գործերով, թող զբաղվի:

ՀԱՊԿ-ը փաստացի չկա Հայաստանի համար, ԵԱՏՄ-ից շուտով կհեռանա, պատերազմից հետո 5 տարի է անցել, Ադրբեջանի հետ խաղաղություն չկա, Թուրքիայի հետ՝ նույնպես, Իրանի հետ խնդիրներ կան, իսկ ԱՄՆ-ն Հայաստանի ժամանակը չունի: Պետք է զորավարժություններ անել նրանց հետ, ովքեր կարողանում են հաղթել, չի կարելի անընդհատ հոտ քաշել ուրիշների ստեղծած կեղտից, ահա այստեղ է խնդիրը»,- ասում է Ստանիսլավ Տարասովը՝ հավանաբար, նկատի ունենալով ուկրաինական սցենարն ու այն վիճակը, որում այսօր հայտնվել է Կիեւը՝ Զելենսկու գործունեության արդյունքում: