Հայաստանի կառավարությունը հայտարարել է 750 միլիոն դոլարի եվրոպարտատոմսերի նոր թողարկման մասին, որի նպատակը բյուջետային դեֆիցիտի ծածկն է: Այդպիսով, Հայաստանը, ըստ էության, 750 միլիոն դոլարով ավելացնում է իր արտաքին պարտքը, որը հասել էր գրեթե 6 միլիարդ դոլարի:
Իսկ պետական պարտքը ընդհանրապես, ինչպես հայտնի է, վաղուց գերազանցել է 12 միլիարդ դոլարը: Պետական պարտքը բնորոշ է գործնականում բոլոր երկրներին: Ավելին՝ կան զարգացած երկրներ, որոնք ունեն պետական ահռելի պարտք: Սակայն իրողությունների գնահատումը զուտ նոմինալ ծավալների խնդիր չէ:
Օրինակ՝ եթե Միացյալ Նահանգները ունի աշխարհում ամենախոշոր պետական պարտքն ու այն հասնում է իսկապես՝ նույնիսկ ԱՄՆ համար հսկայական չափերի, այդուհանդերձ, դա ուղղակի, թե անուղղակի իմաստով «բալանսավորվում» է ԱՄՆ համաշխարհային դերով, նաև տնտեսական կարողություններով, տնտեսության մասշտաբով, կառուցվածքով և այլն, և այլն:
Այդ հարցերում ամեն ինչ չէ, որ կարգին է, բայց, այդուհանդերձ, բալանսավորող գործոնները շատ են: Հայաստանի տնտեսությունը ոչ միայն չունի բալանսավորող գործոններ, այլ, ըստ էության, պետական պարտքը, հետևաբար նաև արտաքին պարտքը ավելանում է հենց այն պատճառով, որ, ըստ էության, ապահովվի շատ թե քիչ բալանսավորում:
Եթե դա չլինի, այսինքն՝ եթե որևէ մեկը Հայաստանին պարտք չտա, ապա Հայաստանի տնտեսությունը պարզապես կհայտնվի դիսբալանսի, հետևաբար կոլապսի ռեժիմում: Որովհետև տնտեսության վիճակագրությունն ապահովվում է ոչ թե ներքին կարողությունների, ներքին արտադրողականության աճի, արդյունաբերության ու իրապես արտահանելի սեկտորի աճի շնորհիվ, այլ ՌԴ հանդեպ արևմտյան պատժամիջոցների հայտնի «էֆեկտի», և որոշակիորեն նաև առևտրի ու ծառայությունների սեկտորի:
Այլ կերպ ասած, Հայաստանի տնտեսությունը հիշեցնում է ընտանիք, որը վարկ է վերցնում, բայց որի ամսական եկամուտը բացարձակապես համեմատելի չէ վերցրած վարկի ծավալի հետ: Բայց համեմատելի չէ ոչ միայն եկամուտը, այլ, ըստ էության, նաև աշխատունակության ներուժը:
Եթե պետական պարտքն ավելանար այդ ներուժն ավելացնելու նպատակադրումով, եթե պետական պարտքը ծառայեր Հայաստանի տնտեսության աշխատունակության, արտադրողունակության այնպիսի միտումների սաղմնավորմանը, որոնք կվկայեին տնտեսական առողջության հիմնարար պրոցեսների մասին, ապա դա դեռ հնարավոր կլիներ հասկանալ:
Բայց պետական պարտքը ընդամենը ծառայում է բյուջե ապահովելուն և տնտեսության որոշակի «բալանսավորում» պահելուն, իսկ տնտեսության ներուժի հարցում չկա որևէ դրական շոշափելի փոփոխություն, ինչի վկայությունը այն է, որ Հայաստանը չունի թե՛ արտաքին, թե՛ նույնիսկ ներքին տպավորիչ ներդրումային պորտֆել, որը իր ծավալով համարժեք կլիներ այն խնդիրներին ու մարտահրավերներին, որ կանգնած են Հայաստանի առաջ բոլոր առումներով:
Պետական պարտքը Հայաստանում ոչ թե տնտեսական քաղաքականության միջոց է, այլ, ըստ էության, փոխարինում է տնտեսական քաղաքականությանը, այսպես ասած՝ տնտեսական քաղաքականության «տեղապահ» է:
Բաց մի թողեք
Հայկական բանակի վերափոխումը ունենա բովանդակություն, այլ ոչ միայն ձև
Հայաստանը եւ աշխարհը. ի՞նչ է Հայաստանի Հանրապետությունն այս աշխարհի համար
Փաշինյանը մոռանալ է խոստանում պատերազմը, իսկ ՊՆ-ն ամեն օր անդրադառնում է հակառակորդի ապատեղեկատվություններին