29/04/2025

«Արգենտինյան Հանրապետության» թիվ 76 հիմնական դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից

«Արգենտինյան Հանրապետության» թիվ 76 հիմնական դպրոցում ստեղծված բարդ իրավիճակի մասին:

2–րդ դասարանի երեխայի պահվածքն անհանգստացնում է ծնողներին, նրանք չեն ցանկանում իրենց երեխաներին ուղարկել դասի, քանի դեռ խնդրահարույց երեխան իր պահվածքով շարունակում է խաթարել դասապրոցեսը։

Ավելին, Քննչական կոմիտեից մեզ հաստատեցին այն, որ երեխայի ծնողի մասնակցությամբ դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի, 194-րդ հոդվածի 1-ին մասի և 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կա մեկ տուժող:

Խնդիրն այն է, որ դպրոցի տնօրենը չի կարողանում կամ չի ուզում խնդրին լուծում տալ, որն արդեն երկրորդ տարին է անհանգստացնում ծնողներին:

Թիվ 76 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Ադամյանն այսօր ամբողջ օրը  խուսափում էր մեր զանգերին պատասխանել, իսկ վերջինիս հրահանգով մեկ փոխանցում էին, թե նա դասալսման է, մեկ վատ է իրեն զգում, մեկ չի կարող խոսել։

ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը նշել է, թե տեղյակ են, խնդրին լուծումներ են տրվելու, անգամ չբացառեց՝ տնօրենի հրաժարականն էլ հնարավոր է։

«Երևանի «Արգենտինյան Հանրապետության» հ. 76 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 2-րդ դասարանին առնչվող՝ լրատվամիջոցներով տարածված խնդրի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ տնօրինության կողմից այն ներկայացվել է ինչպես լիազոր մարմնին, այնպես էլ համագործակից այլ կառույցների»,– նշել են Երևանի քաղաքապետարանից,- «Ներկայում գործադրվում են բոլոր ջանքերը՝ իրավիճակի հանգուցալուծումը բոլոր երեխաների իրավունքների պաշտպանության գերակայությամբ ապահովելու ուղղությամբ: Հորդորում ենք խուսափել խնդրին հանրային ուշադրության անհարկի սևեռումից՝ չխոչընդոտելու ձեռնարկվող աշխատանքների բնականոն ընթացքը»:

Ծնողներից մեկն ասել է․ «Մի քանի օր է երեխայիս դասի չեմ ուղարկում, ու չե՛մ էլ ուղարկելու, մենք դասադուլ ենք հայտարարել։ Այդ երեխան տեռորի է ենթարկում բոլորին իր պահվածքով։ Իսկ երեխայի մայրը թե՛ մեզ՝ ծնողներիս է սպառնում, թե՛ տնօրենին։ Արդյո՞ք սա նորմալ է, սպառնալիքներ է հնչեցնում բոլորիս հասցեին, ո՞վ կուզենա երեխային ուղարկել այդպիսի միջավայր։ Ասում են, երեխայի ծնողի հանդեպ նույնիսկ քրեական վարույթ կա նախաձեռնված, այս ամենի ֆոնին  դպրոց անգամ ոստիկան է հրավիրվել, որ կարգ ու կանոն ապահովի, բայց դա էլ ոչ մի հարց չի լուծում։ Այսինքն, հասկանո՞ւմ եք, 2–րդ դասարանի երեխան և իր ծնողը ուղղակի տեռորի են ենթարկում ամբողջ դպրոցը»։

Ապա ավելացրեց, որ դպրոցը բավականին լավն է և ունի հմուտ մանկավարժներ, իր երեխաներից երկուսն էլ այդ դպրոցում են սովորում ու այսքան ժամանակ ինքը ոչ մի կոպիտ և վատ վերաբերմունք չի տեսել. «Բայց մի ծնողի անպատասխանատու վարքի պատճառով, որը չի ցանկանում սանձել կամ կարգի հրավիրել երեխային, չպետք է տուժի ամբողջ դպրոցը: Թեև, ինչ խոսք, այստեղ կարևոր է նաև տնօրենի դիրքը, որը մենք ուղղակի չենք տեսնում»։