08/07/2025

Ռուս-ադրբեջանական «մամլակին» հակազդելու Հայաստանի ռեսուրսները

«Ադրբեջանը չի կարող անտեսել, որ Հայաստանը ցանկանում է պահպանել ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հաջիզադեն: Թեմային նախորդ օրն անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա Մինսկի խմբի և նրա ինստիտուտների ֆորմալ գոյությունը «ոչ ակտուալ» է գնահատել, քանի որ, իր արտահայտությամբ, 2023 թվականից հետո «գետնի վրա բոլորովին այլ իրավիճակ է»:

Զախարովան խնդրի լուծման օպտիմալ տարբերակ է համարել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին Հայաստանի և Ադրբեջանի միաժամանակյա դիմումը: Զախարովան, ինչպես նաև նրա հետևորդ Հաջիզադեն, չի կոնկրետացրել, թե Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու միջնորդությամբ ո՞ւմ պետք է դիմեն, ԵԱՀԿ գործող նախագահի՞ն, նրա գլխավոր քարտուղարի՞ն, թե՞ բոլոր անդամ պետություններին: Այսինքն՝ ի՞նչ ընթակարագ է գործելու, ո՞վ է լինելու «լուծարային հանձնաժողովը»:

Բայց դա խնդրի իրավական կողմն է, որ Մոսկվային և Բաքվին, որքանով հասկացվում է, ամենևին էլ չի հուզում, կարևորը ոչ թե արդյունքն է, այլ քաղաքական գործընթացը, որի նպատակը մեկն է՝ լեգիտիմացնել ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ հայ խաղաղ բնակչության դեմ սանձազերծած ահաբեկչական պատերազմը, պատասխանատվությունից ապահովագրել մարդկության դեմ հանցագործության կազմակերպիչներին և միջազգայնորեն օրինականացնել հարյուր հազար հայ մարդկանց բռնատեղահանությունը:

Ընդ որում՝ սեփական հանցագործության հետքերը մաքրելուն նրանք փորձում են ներգրավել նաև Հայաստանին: Զախարովան ասել է, որ 2022 թվականին Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի անբաժանելի մաս, և իբր, հետագա իրադարձությունները «պայմանավորված են դրանով»:

Սա ցինիզմի բարձրակետ է, որովհետև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից չի հետևում, թե Ռուսաստանի խաղաղապահ ուժերը պետք է դադարեին ԼՂ հայ բնակչության անվտանգությունը պահպանել կամ Ադրբեջանը ստացել է բռնատեղահանություն իրականացնելու իրավունք:

Եթե Զախարովայի և Հաջիևի փաստարկներն իրավական առումով հիմնավորում են, ապա ի՞նչն է խանգարում, որ Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանը միասնաբար բարձրացնեն ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա ինստիտուտները լուծարելու հարցը: Մոսկվայում և Բաքվում քաջ գիտեն, որ այդ քայլի միջազգային արձագանքը դրական չի լինի:

Իրեն հարգող ոչ մի երկիր չի մտնի հարյուր հիսուն հազար մարդու հայրենզրկման արդարացման և կատարվածի համար պատասխանատվություն ստանձնելու ծանրության տակ:

Դա է պատճառը, որ Մոսկվան և Բաքուն ճնշում են գործադրում, որպեսզի Երևանը նախաձեռնի Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության ոչնչացման, նրա հայ բնակչության բռնատեղահանությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու գործընթաց:

Հաշվարկը որքան մտածված, նույնքան էլ դիվային է, գետնի վրա իրավիճակում ռուս-ադրբեջանական «մամլակին» հակազդելու Հայաստանի ռեսուրսները բավարար չեն, ռուա-ամերիկյան հարաբերությունների վերբեռնում է սկսվել, Եվրամիությունը կենտրոնացած է սեփական անվտանգության համակարգ կառուցելու առաջնահերթության վրա, և այս իրավիճակում Երևանը հարկադրված է «կառուցողական լինել»:

Վայրկյան իսկ չպետք է կասկածել՝ եթե Հայաստանը համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցով Ադրբեջանի հետ համատեղ միջնորդությանը, հաջորդ պահին Մոսկվան և Բաքուն տարփողելու են, որ Երևանը Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձությունների գլխավոր պատասխանատուն էր, ընդունել է իր պատասխանատվությունը և, հետևաբար, նոր ստատուս քվոյի կատարյալ օրինականությունը:

Այս առումով Հայաստանի իշխանությունը որևէ տեսակետ հնչեցնելուց, մանավանդ ինչ-որ քայլ ձեռնարկելուց առաջ ուղղակի պարտավոր է «յոթ անգամ չափել, նոր մկրատ վերցնել ձեռքը»:

Չափազանց արտառոց է այդ հարցի շուրջ Արցախի քաղէլիտայի «ձկան» լռությունը: ԼՂ ընտրված ներկայացուցիչները ԵԱՀԽ/ԵԱՀԿ Նախարարների կոմիտեի կոնսենսուսային, այդ թվում՝ Ադրբեջանի մասնակցությամբ, որոշումով ճանաչված են Մինսկի խորհրդաժողովի շահագրգիռ կողմ:

Այդ խորհրդաժողովը չի գումարվել, ուստի ԼՂ ընտրված ներկայացուցիչների մանդատը մնում է ուժի մեջ, Արցախի Ազգային ժողովն է այսօրվա մանդատակիրը և պարտավոր է հանդես գալ հայտարարությամբ, պահանջել Մինսկի խորհրդաժողովի գումարում: ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է լուծարվել միայն այդ խորհրդաժողովի գումարումից և Լեռնային Ղարաբաղի միջազգային կարգավիճակը սահմանելուց հետո:

Կամ Ադրբեջանը պետք է կարողանա նույն խորհրդաժողովում ապացուցել ԼՂ հարցի լուծման միջազգային օրինականությունը: Ստեփանակերտը չպետք է թույլ տա, որ Մոսկվան և Բաքուն ծածկեն մարդկության դեմ գործած իրենց հանցանքի հետքերը: