24/04/2025

Փաշինյանը կմտածի Մելիքբեկյանի հրաժարականի մասին

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը, ինչպես հայտնի է, երեկ  Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն ու ջախջախիչ պարտություն կրել 6-1 հաշվով:

Կրքերը հանդիպումից հետո չեն հանդարտվում: Մեզ փոխանցեցին, որ խայտառակ պարտությունից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի մասին անգամ սկսել է մտածել Նիկոլ Փաշինյանը: Անգամ անուններ են շրջանառվում, թե ում են դիտարկում իշխանությունները որպես նրան փոխարինող:

Հնարավոր երեք թեկնածուներն են նախկին ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիսը և Ռուբեն Նազարեթյանը։ Սակայն նման միջամտությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ հայկական ֆուտբոլի համար:

FIFA-ի դիրքորոշումը ազգային ֆեդերացիաների ինքնավարության վերաբերյալ

FIFA-ն հստակ սահմանում է ազգային ֆեդերացիաների անկախության սկզբունքը, ըստ որի՝ ոչ մի պետական մարմին, այդ թվում՝ երկրի կառավարությունը կամ ղեկավարը, չի կարող միջամտել ֆեդերացիայի ներքին գործերին, այդ թվում՝ նախագահի ընտրության կամ հեռացման գործընթացին: Այս կանոնը նպատակ ունի պաշտպանել ֆուտբոլային կառույցների ինքնավարությունը և ապահովել արդարության ու թափանցիկության պահպանումը:

Եթե հաստատվի, որ կառավարությունը միջամտել է ՀՖՖ-ի աշխատանքին, ապա FIFA-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ: Այդ պատժամիջոցները կարող են ներառել Հայաստանի ազգային հավաքականի և ակումբների հեռացումը միջազգային մրցաշարերից, ինչը լրջորեն կվնասի հայկական ֆուտբոլի զարգացմանը։

Հունաստանի օրինակն ու հնարավոր հետևանքները

Նման միջամտության վտանգավորությունը ապացուցում է 2006 թվականի դեպքը Հունաստանի հետ:

2006 թվականի հուլիսի 3-ին FIFA-ն հայտարարեց, որ Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խախտել է միջազգային կազմակերպության հիմնական կանոնները՝ թույլ տալով կառավարության միջամտությունը իր գործունեությանը: Դրա հետևանքով Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հեռացվեց FIFA-ի և UEFA-ի կազմից անորոշ ժամանակով:

Այս որոշումը սպառնում էր երկրի ֆուտբոլային համակարգին՝ բարդացնելով ինչպես ազգային հավաքականի, այնպես էլ ակումբների մասնակցությունը միջազգային մրցաշարերին: Հունաստանի ակումբները կարող էին զրկվել ՈւԵՖԱ-ի գավաթում, Ինտերտոտոյի գավաթում և Չեմպիոնների լիգայում խաղալու իրավունքից, իսկ ազգային հավաքականը՝ Եվրո-2008-ի որակավորումից։

Հունաստանի կառավարությունը ստիպված էր արագ արձագանքել՝ փոխելով սպորտի մասին օրենսդրությունը և ֆուտբոլի ֆեդերացիային տալով լիարժեք անկախություն: Միայն այս փոփոխություններից հետո՝ 2006 թվականի հուլիսի 7-ին, Հունաստանը կարողացավ վերադարձնել իր տեղը FIFA-ի կազմում:

Ովքեր կարող են հեռացնել ՀՖՖ նախագահին

Համաձայն ֆուտբոլային կառույցների կանոնադրության՝ ֆեդերացիայի նախագահին կարող են հեռացնել միայն այն անձինք, ովքեր քվեարկել են նրա օգտին, այսինքն՝ գործադիր կոմիտեն, ակումբները և երկրպագուները, բայց ոչ պետական իշխանությունները:

Այնուամենայնիվ, գաղնիք չէ նաև, որ ցանկության դեպքում իշխանությունները կարող են ազդել ՀՖՖ-ում տեղի ունեցող պրոցեսների ժամանակ: Արմեն Մելիքբեկյանին, հիշեցնենք, ՀՖՖ նախագահ հենց նրանք են կարգել: