Ի՞նչ է շահում Հայաստանը բարձր վարկանիշի շնորհիվ միջազգային հանրությունից։
Հարցին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Անվտանգություն է շահում։ Այն բանը, որ եվրադիտորները գալիս են ու սահմանին անցկացնում են հսկողություն, այն բանը, որ միջազգային զեկույցներ ենք ունենում, ՀՀ-ին օգնություն է տրամադրվում, Հայաստանի հետ համագործակցություն է տեղի ունենում, բա այդ ամեն ինչը դրա համար է տեղի ունենում, կարո՞ղ է մեր դուդուկի, ծիրանի ու մեր սիրուն հայերի աչքերի համար է տեղի ունենում, հետո էլ բողոքում ենք, ասում ենք՝ մեր վրա հարձակվեցին, աշխարհը ձեն չհանեց։ Բա սխալ ենք մեզ պահել ինչ-որ հարցերում պատմության ընթացքում, հիմա ճիշտ ենք մեզ պահում․ եվրոպական ընտանիքի, մարդու իրավունքների, արժեքների, խոսքի ազատության մեջ ենք մեզ պահում, դրանից էլ եք բողոքո՞ւմ»։
Նա խորհուրդ տվեց նաև վստահ չլինել, թե բոլորի ընկալմամբ հայկական կողմը իրեն սրբորեն է պահում․ ադրբեջանական կողմը հակառակ կարծիքն ունի հայկական կողմի պահվածքի, քաղաքական գործիչների պահվածքի վերաբերյալ։
«Երևի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից ստորագրելու և այդ տրամաբանության մեջ առաջ շարժվելու առաջարկը: Կարծում եմ, որ այդ կրակոցները առանձին հետաքննության առիթ են և կարող են առանձին հետաքննության առիթ հանդիսանալ՝ երկկողմ, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի թե՛ հրապարակումների հետ կապված, թե՛ հետագայում հնարավոր հրապարակումների հետ կապված որևիցե մեխանիզմ լինի, որ հնարավոր լինի նման բաներից խուսափել»,- նշեց ԱԺ նախագահը:
Իսկ թե ինչո՞ւ էր անակնկալ Բաքվի համար, Ալեն Սիմոյանն ասաց. «Ես նույնիսկ այդ տպավորությունն ունեմ անցյալի հետ կապված: Ադրբեջանական կողմի մոտ նույնիսկ տպավորություն է եղել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնել՝ իմանալով, որ հայերը, մեկ է, չեն համաձայնելու, միջազգային կառույցների, մասնակիցների մոտ այդ տպավորությունն անելու համար գործելաոճ է: Դա իմ անձնական տպավորությունն է եղել: Նպատակը այս պայմանագրի քննարկման մեջ եղել է ինչ-որ արդյունքի հասնել, այլ ոչ թե խոսակցությունը հավերժ շարունակել»:
ԱԺ ընդդիմության կարծիքով՝ խաղաղության համաձայնագիրը միակողմանի զիջումների մասին է, Ալեն Սիմոնյանը նկատեց․ «Ընդդիմությունը այդ տեքստը տեսե՞լ է, որ տենց բան է ասում, երկրորդ հերթին, ո՞նց կարող է միակողմանի լինել, եթե բոլոր դրույթները վերաբերում են երկու կողմերին: Դրա տրամաբանությունը թող իրանցից որևիցե մեկը բացատրի, մենք էլ քննարկենք, հասկանանք, թե ինչն է դրա միակողմանի զիջումը, եթե գրած է երկուսի համար։ Բոլոր այն մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են անում, թող գան իմ դեմը կանգնեն, կամ ամբիոնից ելույթ ունենան, փորձեն իրենց այդ ասածը որևիցե ձևով հիմնավորել»։
Դիտակմանը, որ, օրինակ, «Պատիվ ունեմ» խմբակցությունն է հայտարարում՝ խաղաղության տեքստը չի հրապարակվել, բայց պարզ է, որ դա կապիտուլյացիա է, ԱԺ նախագահը շեշտեց․ «Առաջին ամենահայտնի կապիտուլյացիան Սերժ Սարգսյանի կապիտուլյացիան էր 2018 թվականին հայ ժողովրդի առաջ, երկրորդը, երբ որ դու ասում ես՝ «տրամաբանությունը այն է, որ հայտնի է նրանց ոճը», առանց տեքստի հետ ծանոթանալու, անլուրջ տպավորություն է, քաղաքական գործիչին վայել գործելաոճ չէ։ Բազմիցս հայտարարել ենք, որ բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին, եթե այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի»։
Հայ-ռուսական հարաբերություններում արդյո՞ք հռետորաբանություն է փոխվել․ «Կար խնդիր, կային հարցադրումներ, որոնք արվել են ու շարունակվելու են արվել։ Այն հարցադրումները, որ հնչում են՝ վեկտորը փոխեցին, դրանք իրականությանը չեն համապատասխանում, կա մի բան․ Հայաստանը իր ինքնիշխանությունը պաշտպանում է, երբ որ իրեն խաբում են, գցում են, դա արձանագրում է և ասում, երբ որ մի բանի հետ համաձայն չէ։ Երբ ինչ-որ կառույցի վերաբերյալ իր գնահատականն է ունենում, դա ասում է։ Մենք երբևիցե չենք հայտարարել, որ որևիցե երկրի հետ խզում ենք կամ պետք է խզենք մեր հարաբերությունները»։
ԱԺ նախագահը նշեց, որ լարվածություն չկա, կա հարց, կա պատասխան, չկա հարց, կա Հայաստանի կողմից հարցադրում․ «Այսինքն՝ դա մարտավարություն չէ, այլ՝ ըստ իրավիճակի: Այն բաները, որ տեղի են ունեցել 20-23 ու նաև 2024 թթ-երին, մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել: Եվ խոսքը միայն ՀԱՊԿ-ի մասին չէ: Պետք է այդ խնդիրների շուրջ խոսենք, և մենք խոսում ենք ու շարունակելու ենք խոսել»։
Հարցին՝ քննարկումների արդյունքում հնարավո՞ր է՝ վերանայվի ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հարցը, նա ասաց. «ՀԱՊԿ-ի հետ կապված ի՞նչը վերանայենք, ՀԱՊԿ-ը մի հատ իրեն պետք է վերանայի, հասկանա՝ ինքը գոյություն ունի՞ թե՞ չունի»:
Բաց մի թողեք
Սահմանադրական դատարանը հրապարակել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի գործով որոշման ամբողջական տեքստը
Շատերը վախենում են որոշում կայացնելուց. Սրբուհի Գալյանը՝ արդարադատության ուշացման պատճառի մասին
Կոռուպցիոն դրսևորումներն անընդունելի են, որքա՞ն լինեն նման գործողություններ, որ հասկանանք. Ավինյան