Որ Ռուբիոն եւ Փաշինյանն իրար հետ հեռախոսով խոսել են, ուրեմն՝ վերջ. հեսա Թրամփը կստիպի Ալիեւին ստորագրել «խաղաղության համաձայնագիրը»: Նման պարզունակ թեզերով իշխանական քարոզչությունը փորձում է համոզել, որ իր «խաղաղության օրակարգը» ապրում եւ զարգանում է:
Իրականում այդպիսի որեւէ օրակարգ չկա, բանակցություններ նույնպես չկան: Գոյություն ունեն Ադրբեջանի պահանջները, որոնք առանց քննարկելու, առանց, թույլ տվեք ասել, սակարկելու Փաշինյանը կատարում է: Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ Թրամփի վարչակազմը չի ցանկանում, որ Հարավային Կովկասում իրավիճակը կրկին սրվի:
Բայց նրա դաշնակիցները՝ մասնավորապես, Թուրքիան եւ Իսրայելը, քաղաքական որոշակի ռեսուրս ունեն «ոչ» ասելու ԱՄՆ-ին: Այդ ռեսուրսն, իհարկե, անսահմանափակ չէ եւ կախված է նրանից, թե որքանով է ԱՄՆ-ը խնդիրը կարեւորում: Կասկածում եմ, որ մեր խնդիրը հենց այդ դեպքն է: Բայց Հայաստանում ներքաղաքական քարոզչության համար շատ հարմար է առաջ քաշել այն դրույթը, թե իբր ամեն ինչ պատրաստ է «խաղաղության համաձայնագրի» ստորագրման համար, բոլոր տերությունները երազում են, որ օր առաջ դա տեղի ունենա, բայց հայաստանյան «փիս» ընդդիմությունը, որը նոր պատերազմ, ռեւանշ եւ ապակայունացում է ցանկանում, խանգարում է այդ գործընթացին:
Հայաստանի ընդդիմությունը չլիներ, վաղուց արդեն հայտնվել էինք խաղաղության, կայունության եւ անվտանգության դրախտում: Իրականում Ադրբեջանն այժմ չի պատրաստվում ստորագրել «խաղաղության համաձայնագիրը» ու առաջ է քաշում նախապայմաններ:
Առայժմ շրջանառվում են դրանցից մի քանիսը. Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի, Հայաստանում գտնվող «պատերազմի հանցագործները» պետք է հանձնվեն Ադրբեջանին, 350 հազար ադրբեջանցիներ պետք է «վերադառնան Հայաստան»:
Պարզ է, որ որքան էլ Փաշինյանը ցանկանա այդ ամենն անել, դա հնարավոր չէ իրականացնել մի քանի օրում կամ մի քանի շաբաթում:
Հետեւաբար, խաղաղության համաձայնագրի ստորագրումն առնվազն մի քանի ամսով հետաձգվում է, եւ դրա մեղավորն ամենեւին Հայաստանի ընդդիմությունը չէ: Հույս ունենալ, որ Թրամփը կամ որեւէ մեկը կպահանջի՝ «վեր՛ջ տվեք նախապայմաններին եւ ստորագրե՛ք», եւ Ադրբեջանը դա կանի, իրատեսական չէ: Բայց այդ պահանջների կատարումից հետո անգամ փաստ չէ, որ համաձայնագիրը կստորագրվի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am
Բաց մի թողեք
Հայոց ցեղաuպшնnւթյnւնից 110 տարի անց մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու ատելության բոլոր դրսևորումների դեմ․ Քամալա Հարիս
Ջահերով երթն ու քաղաքական սնոբիզմը․ Լիլիթ Գալստյան
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կանգնած է ծանր ու դժվար որոշում կայացնելու առջև