26/04/2025

Կրթված մարդիկ հարուստ են, տգետներն՝ աղքա՞տ

Միշտ՝ տարբեր երկրների իշխանավորներից եւ մեծահարուստներից ես լսել եմ կշտամբանք կամ «բացատրություն», որն ուղղված է ոչ բարեկեցիկ ապրող մարդկանց. «Դուք աղքատ եք, որովհետեւ կրթված չեք»:

Եթե այդ բանաձեւը շուռ տանք, ապա կստացվի՝ որքան մարդը կրթված է, այնքան՝ հարուստ, եւ, հետեւաբար, բոլոր միլիոնատերերը հասել են իրենց նպատակներին՝ փայլուն կրթություն ստանալու շնորհիվ:

Այդ դեպքում, օրինակ, ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչը կամ նրա հայաստանցի «բախտակից» Սամվել Ալեքսանյանը պետք է դասվեն իրենց երկրների ամենակրթված մարդկանց շարքին: Բայց մենք գիտենք, որ դա այդպես չէ: Հատկապես մեր նման երկրներում հարստանալը սովորաբար կապված է ինչ-որ բան (օրինակ՝ «նավթային խողովակը») էժան գնով ձեռք բերելու, իսկ այնուհետեւ դրա արդյունքը (օրինակ՝ նավթը) թանկ վաճառելու հետ:

Որպես կանոն՝ դրան նպաստում է պետական իշխանությունը: Անշուշտ, հարստանալը նույնպես որոշակի ունակություններ է պահանջում, բայց կրթվածության հետ դա որեւէ կապ չունի: Դառնանք հիմա «աղքատներին»:

Ինչպես հայտնի է, միջնադարում ամենակրթված մարդիկ վանականներն էին: Արդյոք նրանք տիրապետո՞ւմ էին նյութական մեծ բարիքների: Եվ, ամենակարեւորը, արդյոք նրանց առաքելության, ծառայության նպատակը հարստանա՞լն էր: Կրթվելն, այո, խիստ անհրաժեշտ է: Բայց պետք է հասկանալ, թե որն է դրա նպատակը:

Մի՞թե հարստանալը: Կարծում եմ՝ ոչ: Մարդիկ կրթվում են (խոսքը կրթվելու, ոչ թե դիպլոմ ստանալու մասին է)՝ ի վերջո, ավելի լավը դառնալու եւ աշխարհն ավելի լավը դարձնելու համար:

…Երբ պետության ղեկավարն ուսուցիչներին, դասախոսներին, գիտնականներին ասում է՝ «դուք աղքատ եք, որովհետեւ անկիրթ եք», դա բոլորովին չի բարձրացնում կրթության արժեքը, վարկը: Դա ընդամենը նշանակում է, որ պետությունը չի ցանկանում կամ չի կարողանում ապահովել այդ մարդկանց արժանապատիվ կյանքը: Մյուս կողմից՝ դա միանշանակ ուղերձ է հաջորդ սերունդներին. «մի՛ կրթվեք, հատկապես ուսուցիչ կամ դասախոս մի՛ դարձեք, ընտրեք այնպիսի զբաղմունք, որի միջոցով կկարողանաք փող շինել»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am