Վրաստանի հավաքականի հետ ֆուտբոլային խաղում Հայաստանի հավաքականի կրած պարտությունը դարձավ յուրօրինակ հասարակական «երկրաշարժ», որի հուզական ալիքները ծածկեցին սոցիալական բոլոր հարթակները։
Այսպիսի արձագանքն ու նման իրավիճակը մեկ անգամ եւս վերհանեցին մեր հավաքական հոգեբանությանը բնորոշ զարմանալի գիծը՝ ակնթարթային, քաոսային արձագանքներ «խորհրդանշական» իրադարձություններին, որոնք հանրային ընկալման մեջ սխալմամբ կամ միտումնավոր արտացոլվում են որպես գոյութենական (էքզիստենցիալ) պարտություններ՝ նպատակ ունենալով միաժամանակ թաքցնել եւ ստվերել ժամանակի իրական մարտահրավերները:
Մենք մեր ընկալումներով եւ արձագանքներով ստեղծում ենք արհեստական դրամայի պատրանք՝ հետնաբեմերում թողնելով իրական գոյութենական խնդիրները, որոնք մեզանից պահանջում են պատասխանատու վերաբերմունք, երկարաժամկետ ճգնություն ու ինքնազոհողություն։
Ազգային անվտանգության, գոյութենական, տնտեսական եւ մշակութային ինքնության առանցքային հիմնախնդիրները թողած՝ սպորտն ու դրա շուրջ ստեղծված «առասպելաբանությունն» ենք նետում մարդկային զգացմունքների մարտադաշտ:
Ողբերգությունն այն է, որ այդպիսի զգացմունքային ծանրաբեռնվածությունը մեզ կուրացնում է նման պարտությունների ավելի խորը քաղաքական ու սոցիալական պատճառների ընկալունակության նկատմամբ, որոնք սկզբունքորեն կապված չեն ֆուտբոլի հետ, այլ արտացոլում են պետության ու հասարակության առջեւ ծառացած համակարգային եւ կառուցվածքային խնդիրները, որոնք երկար ժամանակ է, ինչ պահանջում են հանրային համախմբում:
Ինչո՞ւ ենք մենք՝ որպես հասարակություն, պատրաստ հուզական էներգիայի նման արժեքավոր ռեսուրսները վատնել համեմատաբար աննշան պարտությունների վրա։ Ինչո՞ւ է ավելի հեշտ մեզ արթնացնել պարտված խաղով, քան երկրի ապագայի համար պայքարում հավանական պարտությամբ: Սա ըմբռնելու համար պահանջվում են հասունություն եւ ազգային առաջնահերթությունների հստակ հայացք, ինչը, բնականաբար եւ ցավալիորեն բացակայում է:
Այսօրվա իրավիճակը հիշեցնում է մահամերձ հիվանդի, որին շրջապատողները շարունակում են համոզել առողջ ապրելակերպ վարել՝ անտեսելով շտապ վիրահատության անհրաժեշտությունը։ Մինչ մարզական պարտության կամ հաղթանակի հերթական ալիքը կրկին կհեղեղի մեր տեղեկատվական ու հուզական օրակարգը, պետք է մտածենք՝ կարո՞ղ ենք մեզ թույլ տալ նման շքեղություն ճգնաժամի դարաշրջանում, այսինքն՝ տառապել արհեստական խորհրդապաշտությամբ՝ անտեսելով խորքային բովանդակությունը։
Մեր տեղը համաշխարհային ասպարեզում չի որոշվելու ֆուտբոլային հաղթանակների հիման վրա, այլ որոշվելու է իրականությանը հարմարվելու, ներքին խզվածքները հաղթահարելու եւ վերակառուցելու ուժ գտնելու մեր կարողության հիման վրա: Պետք է ոչ միայն գիտակցել, որ պարտություններն ավելի մեծ խնդիրների ցուցիչ են, այլեւ հասարակության էներգիան ուղղել ներկան փրկելուն եւ ապագայի համար պայքարն իմաստավորող լուծումներ գտնելուն: Կարճ ասած՝ կարողանալ զատորոշել իրական եւ անիրական մարտահրավերները:
Դավիթ Անանյան
Բաց մի թողեք
Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է
Պետական բյուջեն՝ մասնավոր բիզնեսի կասկածելի «ոռոգման համակարգ»
Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից. «Լավ եղեք, պինդ եղեք, մեր մասին մի՛ մտածեք»