ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հանդիպման շրջանակում քննարկվել է հունիսի 5-7-ը Հայաստանում նախատեսվող Վրաստանի մշակույթի օրերի ծրագիրը:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և կարևորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Վրաստանի միջև փոխհամագործակցության արդյունավետ և կայուն զարգացումը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ մշակույթի օրերի կազմակերպումը կամրապնդի երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու մշակութային երկխոսությունը։ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ մշակութային օրերի հագեցած ծրագիրը հետաքրքրություն կառաջացնի՝ խթանելով Հայաստան-Վրաստան մշակութային կապերի զարգացումը։
Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար: Դեսպանը տեղեկացրել է՝ Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսվում են մշակութային մի շարք միջոցառումներ՝ վրացի անհատ կատարողների, երաժշտական խմբերի, պարային համույթների մասնակցությամբ:
Երկկողմ համագործակցության համատեքստում կողմերն առանձնացրել են նախորդ տարի Իջևանում հայ և վրացի կատարողների մասնակցությամբ անցկացված «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև Վրաստանում:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև երիտասարդական համաժողովների կազմակերպումը՝ ընդգծելով երկու երկրների երիտասարդների շփման և երկխոսության զարգացման, բարեկամական կապերի ամրապնդման և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Վրաստանի մշակույթի օրերի կազմակերպմանը վերաբերող աշխատանքային մի շարք հարցեր։
Բաց մի թողեք
«Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը Բերկլիի համալսարանում չեղարկվել է․ Լուսանկար
Հայ հեղինակները Թուրքիայի արտգործնախարարի մասին գիրք են գրել Մոսկվայում․ Լուսանկար
Երաժշտության մասին․ Ջազ – Էկլեկտիկ Պենելոպե Կրուսը․ Հարցազրույց