29/04/2025

Ո՞վ կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին․ պատգամավորական մանդատը վերցնելու հերթն Արշակ Օրդուխանյանինն է․ Լուսանկարներ

ԱԺ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ վայր է դնում պատգամավորական մանդատը, և դրա պատճառը կիրակի օրվա իր պահվածքն է։

Նա Գյումրու ՏԻՄ ընտրությունների օրը ալկոհոլի ազդեցության տակ սկսել էր հայհոյել լրագրողներին։

ՔՊ նախընտրական ցուցակից տեղեկացանք, որ Գաբրիելյանի փոխարեն ԱԺ պատգամավորական մանդատը վերցնելու հերթն Արշակ Օրդուխանյանինն է։

Նա ցուցակի 100-րդ անդամն է։ Օրդուխանյանը «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Արշակ Օրդուխանյանի անունը շրջանառվեց և առավել հայտնի դարձավ արդեն 2018 թ.-ի  թավշյա իրադարձություններից հետո: Տարածվեցին որոշ տեղեկություններ, այդ թվում՝ նաև ՔՊ-ի հետ առնչությունների մասին, որոնց բաց նամակով արձագանքեց Արշակ Օրդուխանյանը:

Մամուլում հրապարակված նամակում մասնավորապես նշված էր. «Ինչ վերաբերում է իմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելուն, ապա շատ եմ ուզում շեշտել, որ կուսակցությանն ու թավշյահեղափոխությանը միացել եմ ապրիլի 15-16-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ հեղափոխության հաղթանակին քչերն էին հավատում, և որևէ շահ չեմ հետապնդել: Միացել եմ ու գործուն աջակցությունեմ ունեցել բոլոր առումներով՝ հավատալով այդ շարժումն առաջնորդող Նիկոլ Փաշինյանի հռչակած արժեքներին ու գաղափարներին»:

Հետագայում նրա անունը հայտնվեց ՔՊ նախընտրական ցուցակներում, իսկ 2021 թվականին նոյեմբերին արդեն հայտնի դարձավ, որ Արշակ Օրդուխանյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հասարակական հիմունքներով խորհրդական:

Ի դեպ, Արշակ Օրդուխանյանը շարունակելէ աջակցել և հավատալ հռչակված արժեքներին ու գաղափարներին, նա Երևանի ավագանու ընտրություններից առաջ՝ դեռևս 2023 թ. հուլիսի 31-ին, 1.5 միլիոն դրամով մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին:

ՔՊ ցուցակի 100-րդ թեկնածուն կգա ԱԺ, ո՞վ կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին