19/04/2025

Գյումրիի ընտրությունները նշանավորում են գալիք խորհրդարանական ընտրություններում ՔՊ պարտությունը և Նիկոլ Փաշինյանի իշխանազրկումը

Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցությունը պարտվել է հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիի տեղական ընտրություններում: Ընդ որում՝ գլխավոր ընդդիմադիր ուժ հանդես են եկել ոչ թե նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդեպ լոյալ կազմակերպությունները, այլ կոմունիստական կուսակցությունը, որի առաջնորդ է դարձել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: ՔՊ-ից բացի ոչ մի եվրոպամետ քաղաքական ուժի չի հաջողվել հաղթահարել ընտրությունների հինգ տոկոսի շեմը»,- Գյումրիի քաղաքապետի ընտրությունների մասին գրում է ռուսաստանյան հեղինակավոր պարբերականներից «Նեզավիսիմայա գազետան»:

Աչքի է զարնում երկու դիտարկում. Գյումրիի ընդդիմադիր ուժերը տարանջատվում են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» և «այլ կուսակցությունները», թեև իրականում ընտրություններին մասնակցել է միայն «Եվրադաշինքը», որակվում «եվրոպամետ ուժեր»:

Այսպիսով, հիմնական եզրակացությունն այն է, որ Հայաստանի երկրորդ քաղաքում եվրոպական ընտրության կողմնակից կուսակցությունները պարտություն են կրել»: Պատահակա՞ն է, թե՞ օրինաչափ, որ Գյումրիի ընտրությունները կայացել են Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մասին օրենքն ընդունելուց մի քանի օր հետո, այլ հարց է, բայց որ ռուսաստանյան լրատվամիջոցն ակնհայտորեն ակնարկում է այդ մասին, կարծես վիճելի չէ:

Մանավանդ որ պարբերականը փոխանցում է քաղաքագետ Հայկ Խալաթյանի այս տեսակետը․ «Արդյունքները կանխատեսելի էին, քանի որ բոլոր հարցումների համաձայն՝ ՔՊ-ն հաղթելու ոչ մի շանս չուներ: Այժմ ընդդիմությունը պետք է համախմբվի և համագործակցի, որպեսզի ամրապնդի հաղթանակը»:

Բայց նրա գլխավոր դիտարկումն այն է, որ Գյումրիի ընտրություններն ավելի կարևոր իրադարձությունների նախերգանքն են, մասնավորապես բոլորը համոզվել են, որ «նախկինները» կարող են հաղթել և վերադառնալ:

Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունը, նրա հետ աֆիլացված վերլուծական կենտրոնները և փորձագետները, սոցիալական ցանցերի օգտատերերի մի զգալի հատվածը նույնպես համարում են, որ Գյումրիի ընտրությունները նշանավորում են գալիք խորհրդարանական ընտրություններում ՔՊ պարտությունը և Նիկոլ Փաշինյանի իշխանազրկումը:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ Գյումրիի նախադեպը «խորհրդարանական ընտրություններում ինչ-որ չափով կարող է կրկնվել»: Ընդ որում, նա ձևակերպում է, որ Գյումրիում չի աշխատել այն պատմությունը, որ «ընդդիմությունը երկիրը տանում է պատերազմի, իսկ ՔՊ-ն՝ դեպի Եվրոպա»:

Ստացվում է, որ ամեն դեպքում Գյումրիի ընտրությունները քաղաքակրթակա՞ն էին, հանրապետության երկրորդ քաղաքը «մերժե՞լ է» Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարը: Համենայն դեպս, «Նեզավիսիմայա գազետա»-ի հրապարակման հիմնական ասելիքը, կարծես, դա է:

Ռուսաստանյան պարբերականին նման եզրակացության համար քննադատել չարժե, նա անում է իր գործը: Արտառոցն այն է, որ հայ քաղաքագետը դրական է գնահատում իրավիճակը, երբ մարդիկ պատրաստ են ում ասես քվեարկել, միայն թե ՔՊ-ն չհաղթի և համարում, որ դա համապետական ընտրությունների նախերգանքն է:

Քաղաքային իշխանություն ձեւավորելու հարցում, թերևս, կարելի է համակերպվել իրավիճակի հետ, երբ ամենաշատ քվե ստացած ուժը հայտնվի ընդդիմության կարգավիճակում: Բայց եթե նույն սցենարն աշխատի նաև խորհրդարանական ընտրություններում, ապա ինչպե՞ս են մարդիկ պատկերացնում չորս-հինգ կուսակցության կոալիցիան և այդ հիմքով ձևավորված կառավարություն:

Իշխանությունները, անշուշտ, քաղաքական այս տուրբուլենտության համար առաջին պատասխանատուն են, բայց եթե «հեղափոխության» հռչակած նպատակները հիմնականում չեն իրականացվել, դրանից չի հետևում, թե Հայաստանում պետական կառավարումը պետք է ենթարկվի «գյումրիականությանը», ինչին, ըստ երևույթին, ձգտում են հասնել նաև արտաքին լուրջ դերակատարներ:

Դա լրջագույն սպառնալիք է, որ իշխանությունները, ՔՊ-ն և անձամբ Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանան հաղթահարել՝ գործարկելով քննարկումների ամենատարբեր հարթակներ: Հայաստանը կամ կհաղթահարի մերժմամբ իշխանության հասնելու վտանգավոր ավանդույթը, կամ կմատնվի պատերազմից ավելի վտանգավոր փորձությունների:

Translate »