Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցում օրեր շարունակ լարված իրավիճակ էր: Խնդիրը 2–րդ դասարանի աշակերտի պահվածքի հետ էր կապված, որն անհանգստացնում էր ծնողներին այն աստիճան, որ նրանք չէին ցանկանում իրենց երեխաներին ուղարկել դասի, քանի դեռ, իրենց բնորոշմամբ, խնդրահարույց երեխան իրեն շարունակում է այդպես պահել։
Ծնողները դասադուլ էին հայտարարել, անգամ տնօրենի հրաժարականն էին պահանջում, քանի որ վերջինս, ըստ ծնողների, խնդիրներին լուծում չի ցանկանում տալ:
«Այդ երեխան տեռորի է ենթարկում բոլորին իր պահվածքով։ Իսկ երեխայի մայրը թե՛ մեզ՝ ծնողներիս է սպառնում, թե՛ տնօրենին։ Արդյո՞ք սա նորմալ է, սպառնալիքներ է հնչեցնում բոլորիս հասցեին, ո՞վ կուզենա երեխային ուղարկել այդպիսի միջավայր: Հասկանո՞ւմ եք, 2–րդ դասարանի երեխան և իր ծնողը ուղղակի տեռորի են ենթարկում ամբողջ դպրոցը»,– ահազանգում էին ծնողները։
MediaHub-ը խոսել էր ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի հետ, ով նշել էր՝ տեղյակ են, խնդրին լուծումներ են տրվելու, անգամ չբացառեց՝ տնօրենի հրաժարականն էլ հնարավոր է։ Քննարկում էին նախաձեռնել ծնողների և դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ:
Ի՞նչ զարգացումներ և ի՞նչ նորություններ կան, արդյո՞ք խնդիրը հարթվել է և ի՞նչ իրավիճակ է այժմ դպրոցում. հարցերին ի պատասխան ԿԳՄՍՆ-ից հայտնեցին. «Երևանի թիվ 76 դպրոցում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Երևանի քաղաքապետարանի, դպրոցի, դպրոցը սպասարկող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետներից»։
Նախարարությունից հավելեցին. «Աշխատանքային խումբը ծնողների հետ հանդիպումից հետո մշակել և ներկայացրել է խնդրի կարգավորման գործողություններ և ժամանակացույց, որով առաջնորդվելով՝ ձեռնարկվում են համապատասխան քայլերը»:
Ճշտող հարցին՝ տնօրենի աշխատանքից ազատման հարց օրակարգում կա՞, նախարարությունից արձագանքեցին. «Տնօրենի` աշխատանքից ազատման հարցը չի քննարկվում»:
Բաց մի թողեք
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Yahoo ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը հետաքրքրված է Chrome բրաուզերի ձեռքբերմամբ
«Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն արդեն հայտնի են