24/04/2025

Հիմա թող ՔՊ-ն իրեն պատառոտի, թե՝ բաստիոն եմ։ Քաղաքների զնդանն ու կառափնարանը բաստիոնում են գտնվում․ Արա Սահակյան

Քաղաքական ընդդիմությունն այլեւս հիմքեր չունի՝ իր ձախողումների համար մեղադրելու ժողովրդին: Ընդդիմադիր տարբեր շարժումների ակտիվ փուլում ժողովուրդը փողոց էլ է դուրս եկել, քվեախցիկում էլ է իր դիրքորոշումը հայտնել:

Փարաքարում ու Գյումրիում ժողովուրդն իր քվեով մերժել է ՔՊ-ին ու անձամբ Փաշինյանին, չնայած վարչական ամբողջ ռեսուրսն իշխանությունը մոբիլիզացրել էր ի նպաստ իր թեկնածուների: Հիմա այդ քվեն կապիտալիզացնելու պահն է, ու ընդդիմությանը, առնվազն, մինչեւ հոդվածը պատրաստելու պահը, դա չի հաջողվում:

Հասարակության ակնկալիքը պարզ է՝ քաղաքական ուժերը մի կողմ են դնում անձնական շահերը, հակասություններն ու տարաձայնությունները, եւ Գյումրին ունենում է ոչ իշխանական քաղաքապետ: Այնպես է ստացվել, որ ընդդիմադիր թեկնածուներից ամենից շատ ձայն ստացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը գուցե շատերի երազանքի թեկնածուն չէ, բայց փաստ է` ուզես, թե ոչ, դրա հետ հաշվի նստել է պետք:

Արդեն երրորդ օրն է՝ Մարտուն Գրիգորյանը լռում է, մյուս երկու թեկնածուները՝ Ռուբեն Մխիթարյանն ու Կարեն Սիմոնյանը, առանց նախապայմանների հայտարարել են, որ իրենց ավագանիները կընտրեն Ղուկասյանին: Քաղաքական գործընթացներին հետեւողների համար տարակուսելի է այս երկար լռությունը, որը որքան երկարում է, հարցերն այնքան ավելանում են, մթնոլորտը՝ ծանրանում:

Այդ լռությունը` պայմանավորված լինի անձնական պատճառներով, թե քաղաքական հաշվարկով, վտանգավոր է ոչ միայն լռողի, այլեւ ընդդիմադիր հայացքներ ունեցող, քաղաքական շահեր չհետապնդող, քաղաքական առեւտրից գլուխ չհանող քաղաքացու համար, որն անկեղծ հույսեր է փայփայել, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունները դառնալու են այս աղետաբեր իշխանության վերջի սկիզբը, եւ հնարավոր կլինի Գյումրիում ՔՊ-ին իշխանազրկել՝ ակնկալիքով, որ դա խթան կլինի գործընթացը շարունակելու համար:

Գյումրիում Փաշինյանի պար­տության արձանագրումը կարեւոր է, իսկ դրա ձախողումը հիասթափեցնող կարող է լինել, եւ հիասթափված քաղաքացիները կարող են ուղղակի իներտանալ` չմասնակցելով ոչ մի գործընթացի: Ինչո՞ւ Գյումրիում իրավիճակը չի հանգուցալուծվում, երբ ժողովուրդը քվեարկությամբ ասել է իր խոսքը` մերժել է իշխանությանը: ԱԺ նախկին փոխնախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը հարցն ավելի խորքային է դիտարկում: Ասում է, որ Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ մեզանում ընտրությունները, հատկապես քվեարկության օրը, անցնում են լարված, խուլ թշնամանքի, առճակատման մթնոլորտում։

«1990-ից այս կողմ էությունը չի փոխվել։ Ընտրությունը չի արմատավորվել իբրեւ պարզ ժողովրդավարական ընթացակարգ՝ քաղաքացին եկավ, քվեարկեց ու գնաց իր գործին։ Մնացել է մերձընտրական նույն թոհուբոհը, եւ այդ ժխորը հրահրում են գլխավոր դերակատարները՝ իշխանություն, թե ընդդիմություն, տագնապահար՝ հանկարծ չկորցնեն ունեցածը, հանկարծ չստանան երազածը․․․

Դե, հիմա պատկերացրեք ոստիկանների ու հարկադրանքի մյուս գործիքների հրճվանքը՝ գործ է կպել: Իհարկե, արդյունքը կարեւոր է, սակայն միանշանակ չէի ասի, թե ՔՊ-ն ու իր առաջնորդը մերժվեցին, նրանք կան եւ կան շնորհիվ ռեսուրսների ու ուղղաձիգ ենթակայության՝ ի տարբերություն ընդդիմության, որը, ըստ սահմանման, իշխանություն չունի, ու ավելին՝ չի օգտվում պետական մարմինների ծառայությունից` այն ծավալով, ինչքան իշխանությունը։ Ինչպես 2000 տարի առաջ, դեռ Քրիստոսի ժամանակներից, այսօր էլ ընդդիմությունը հալածական է։

«Հրապարակ». Մարտուն, տուր, Վարդան, առ. շատ նման է «Սերժ, հեռացիր, Փրկիչ, արի» իրավիճակին

Դա զուտ հայկական երեւույթ չէ։ Միայն վերջին 1-2 ամսում տեսանք ընդդիմության (ավելի պարզ՝ իշխանության հակառակորդների) ուժային չեզոքացման գործողություններ Ռումինիայում, Թուրքիայում եւ օրերս՝ Ֆրանսիայում։ Ու թող Հայաստանի իշխանությունը հեքիաթներ չպատմի, կույս չձեւանա․ պետական հարկադրանքի մեքենան ուզածի պես գործի է դնում՝ ախոյաններին մեջտեղից հանելու համար։ Ֆրանսիայից ժողովրդավար չերեւակայեք ձեզ` Մարի Լը Պենին ծակը կոխեցին՝ առանց օֆ անելու:

Այստեղ էլ են արել ու կանեն։ Բայց կա ընդհանրական բնույթի մի հարց՝ արդյո՞ք անթերի է ժողովրդավարությունը։ Իհարկե՝ ոչ, երիցս՝ ոչ։ Հիմա թող ՔՊ-ն իրեն պատառոտի, թե՝ բաստիոն եմ։ Քաղաքների զնդանն ու կառափնարանը բաստիոնում են գտնվում, տղաներ եւ աղջիկներ»,- «Հրապարակ»-ին ասում է Սահակյանը՝ շեշտելով, որ ինչ-որ մեկն ի վերջո կընտրվի Գյումրու քաղաքապետ, ու ով էլ նա լինի, գլուխը կախ կաշխատի կառավարության հետ։

«Զարմանում եմ, թե ՔՊ-ն ինչու է այդպես սեւեռվել սահմանափակ բյուջե ու իրավունք ունեցող, բայց հսկայական հոգսի տակ մտնող  ու թուքումուր ուտելու պատրաստ տեղական էլիտաների վրա։ Թե՞ մոռացել է, որ տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության տարրերից է, հասկանալի լեզվով ասեմ՝ բաստիոնի դարպասներից մեկն է։ Ըստ ամենայնի, պատճառը ցանկացած տեսակի անհնազանդությունը խեղդելու հեղափոխական մոլուցքն է։ Այ, դա հասկանում եմ, հեղինակազրկված իշխանությունն ուրիշ ի՞նչ պետք է անի՝ փակի մարդկանց բերանները։ Եթե կարող է»,-շարունակում է Արա Սահակյանը։

Վերադառնալով Գյումրիում քվեարկությամբ արձանագրված  իրավիճակին ու դրա հանգուցալուծմանը, մեր զրուցակիցը նկատում է. «Այս պահին անլուծելի, բայց ոչ ողբերգական է թվում ընդդիմադիր թեւի միասնականությունը։ Ուրեմն պահը չի հասունացել։ Ավելի վտանգավոր է քաղաքականությամբ հետաքրքրվողների հիպնոսացած վիճակը՝ Մարտուն, տուր, Վարդան, առ․․․ Շատ նման է 7 տարի առաջվա հոգեվիճակին՝ Սերժ, հեռացիր, փրկիչ, արի։ Ու կրկին թեւածում են հայհոյանքը, անեծքը, բանադրանքը, եւ ասպարեզում հիմնականում կանայք են։ Է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն․․․ Ուրեմն 2018-ից հետո ոչինչ չի փոխվել, անգամ մարդիկ 7 տարով չեն մեծացել, չեն հասունացել։ Օդապարիկների հետեւից վազող նույն երեխաներն են»:

Արա Սահակյանը որեւէ լուծում` առանց ՔՊ-ի մասնակցության, այս պահին չի պատկերացնում՝ ո՛չ Գյումրիում, ո՛չ Երեւանում։ «Քաղաքական աշխատանքը պահանջում է բոլոր գործոնների հաշվառում, անգամ՝ նվազող գործոնների։ Հիվանդն ավելի շատ ողջ է, քան՝ մեռած։ 7 տարի առաջ մեզ փոթորկող զգացմունքներին տրվեցինք ու կործանման տարանք երկիրը, նորից մի հոշոտեք իրար»,- ասում է նա։ Իսկ ի՞նչ քաղաքական աշխատանք կարող է լինել մի ուժի հետ, որից երկիրն ազատելու խնդիր է դրված այսօր։ «Նախորդ քաղաքական համակարգի կատարյալ բացասում բնության մեջ չի հանդիպել։ Որոշ բաներ փոխանցվում են հաջորդ փուլ։

Երբեւէ քննե՞լ եք, թե 2018-ին քանի բարձրաստիճան պաշտոնյա մի քանի ժամում «սահուն քայլերով» ինտեգրվեց, կամ քանիսն է մինչ օրս կրոնափոխված մերվել ՔՊ-ին։ Կյանքի օրենքն է դա։ Հարցնում եք՝ ի՞նչ աշխատանք մերժվողի հետ։ Պատասխանում եմ՝ հսկայական աշխատանք կա թե՛ բանակցային նյութի, թե՛ կոնֆիդենցիալ պայմանավորվածությունների, թե՛ ֆինանսատնտեսական կայունության պահպանման առումներով։ Բայց սրանք դետալներ են, լրահոսում քննելու նյութ չէ»: