24/04/2025

«Երկու Թուրքիայի» դիմակայություն կա և դժվար է կողմնորոշվել, թե տարածաշրջանում ի՞նչ զարգացումներ կլինեն

Անկարայի Նազիմ Հեքմեթի անվան մշակութային կենտրոնի դահլիճում բացվել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության արտահերթ համագումարը: Ինչպես թուրքական մամուլն է հաղորդում, նախաձեռնությունը պատկանում է ԺՀԿ գործող առաջնորդ Օզգյուր Օզելին, նա առաջարկել է քննության առնել կուսակցության նոր ղեկավարի ընտրության հարցը:

Որքանով հասկացվում է, այդ ընթացքում իշխանությունները փորձել են ԺՀԿ ղեկավարության ներսում «տրոյական ձի» ներդնել: Արտահերթ համագումարի մեկնարկից մի քանի օր առաջ Անթալիայի քաղաքապետ Յումիտ Ույսալը հայտարարել է, որ կառաջադրվի կուսակցության առաջնորդի թեկնածու:

Համագումարի բացման նիստում, սակայն, նա հայտարարել է, որ հրաժարվում է մրցապայքարից, որպեսզի «միակ ընդդիմադիր ուժը ներսից չհյուծվի»:

Դա բավական թափանցիկ ակնարկ է, որ ԺՀԿ վերնախավում հակասություններ հրահրելու փորձերը մատնվել են անհաջողության. կուսակցության առաջնորդի միակ թեկնածուն Օզգյուր Օզելն է: Կասկածից դուրս է, որ նա կվերընտրվի: Քեմալականները, այսպիսով, իրենց համար չափազանց բարդ իրավիճակում գոնե առերևույթ պահպանում են միասնությունը:

Չափազանց խորհրդանշական է, որ համագումարի նիստերի դահլիճում Օզելի աջ և ձախ կողմից նստել են ԺՀԿ նախկին առաջնորդները, իսկ մի բազկաթոռ հատկացվել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին՝ «Նախագահի թեկնածու» ցուցանակով:

ՀԺԿ-ն, ըստ այդմ, հաղթահարել է նաև Էրդողանի գլխավոր մրցակցի հարցում տարաձայնությունը, ավելի վաղ տպավորություն կար, որ Իմամօղլուի ձերբակալությունից հետո նախագահի թեկնածուի համար ներկուսակցական պայքարի կսկսի Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը:

Համագումարում ԺՀԿ առաջնորդ Օզելը, կարծես, բացահայտել է, թե իր դեմ իշխանությունների պայքարն այսուհետև ինչ սցենարով է զարգանալու: Նա հայտարարել է, որ ԺՀԿ-ն նույնպես պահանջում է ահաբեկչական խմբավորման («Քրդական բանվորական կուսակցության») լուծարում, բայց կողմ է քրդերի քաղաքական իդենտիֆիկացմանը՝ ի տարբերություն իշխանությունների, որ նույնիսկ եվրոպական երկրներում ապրող քրդերին «ահաբեկիչ» է անվանում:

Պետք է ենթադրել, որ քեմալականները կանխատեսում են իշխանությունների կողմից իրենց նկատմամբ հետապնդումների նոր ալիք, այս անգամ՝ «քրդական ահաբեկչությանը սատարելու» մեղադրանքով: Դատելով թուրքական մամուլի հրապարակումներից,՝ իշխանություններին չի հաջողվել քրդամետ DEM կուսակցության հետ սկզբունքային համաձայնության հասնել:

Էրդողանի միակ դաշնակից շարունակում է մնալ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որի միջազգային վարկանիշը հիմնականում բացասական է, որովհետև դա փաստացի «Գորշ գայլեր» ծայրահեղական կառույցի «քաղաքական ցուցանակն» է:

Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը մտադիր է արտահերթ նախագահական ընտրությունների պահանջով ստորագրահավաք սկսել: Ավելի քան տասնհինգ միլիոն մարդ կողմ է, որ նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու առաջադրվի Ստամբուլի նախկին քաղաքապետ Իմամօղլուն:

Քաղաքական և քաղաքակրթական առումով Թուրքիան փաստացի մասնատված է, մի կողմում Ստամբուլն է, Անկարան, Իզմիրը, Անթալիան, մյուսում՝ Անատոլիան, որտեղ բնակչության զգալի թիվ են կազմում քրդերը:

Եթե քեմալականներին հաջողվի համաձայնության հասնել գոնե DEM կուսակցության հետ, ապա Թուրքիայի իշխող կուսակցության համար շատ դժվար կլինի իշխանությունը պահել կամ Էրդողանից փոխանցել նրա իրավահաջորդին:

Քրդերը, իհարկե, չեն մոռացել Մուստաֆա Քեմալի կողմից իրենց նկատմամբ գործադրած վայրենությունները, բայց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մոտ տասը միլիոն մարդու ոչինչ չի առաջարկում, բացի «սահմանադրական քաղաքացիությունից»: Քրդերի «քաղաքական իդենտֆիկացիան» ի՞նչ է ենթադրում՝ քեմալականների առաջնորդ Օզելը չի մանրամասնել:

Բայց ԺՀԿ արտահերթ համագումարի կարևորությունը դրանից չի նվազում. ակնհայտ է, որ «երկու Թուրքիայի» դիմակայություն կա և առայժմ շատ դժվար է կողմնորոշվել, թե տարածաշրջանում ի՞նչ զարգացումներ կլինեն, եթե Էրդողանի քառորդդարյա «գահակալության շրջանն» ավարտվի չափավոր իսլամականության և նեօսմանիզմի պարտությամբ:

Translate »