Ապրիլի 4-ին ուզբեկական Սամարղանդում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունը Հայաստանում գրեթե չարժանացավ ուշադրության, այն դեպքում, որ այդ միջոցառումը, ըստ էության, ուղիղ կերպով առնչություն ունի Հայաստանին՝ Հայաստանի անվտանգության համապարփակ միջավայրին:
Մասնավորապես, Ուզբեկստանում կայացավ Եվրամիության ու Կենտրոնական Ասիայի երկրների առաջին գագաթաժողովը, որին մասնակցել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան: Գագաթնաժողովի առանցքում եղել է Տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի, կամ այլ կերպ ասած՝ «Միջին միջանցքի» հարցը:
Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Կենտրոնական Ասիան իր հարուստ ռեսուրսներով առանցքային նշանակություն ունեցող է ապագայի գլոբալ տնտեսության համար: Դա նշանակում է, որ առանցքային է դառնում Տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի հարցը:
Իսկ այդ հարցը Երևանի համար մի կողմից բերում է հնարավորություններ, մյուս կողմից մարտահրավերներ: Որովհետև ճանապարհները, որոնք կկապեն Եվրոպան Կենտրոնական Ասիայի կարևոր ռեգիոնին՝ բնականաբար Հայաստանի համար հնարավորություն են, բայց մյուս կողմից, Եվրամիության հանձնաժողովի նախագահը խոսել է «անխոչընդոտ սահմանների» մասին, ինչը Հայաստանի համար մարտահրավեր է:
Մարտահրավեր է, որովհետև անխոչընդոտ սահմանի մասին խոսում են նաև Ադրբեջանն ու Թուրքիան: Նույն բա՞նն են պատկերացնում նրանք Բրյուսելի հետ միասին, թե՞ ոչ, սա նույնիսկ էական էլ չէ, որովհետև շեշտադրումները Թուրքիային ու Ադրբեջանին թույլ կտան առնվազն եվրոպական դերակատարների մոտ լեգիտիմացնել իրենց պահանջները Հայաստանի հանդեպ:
Սա ռիսկ է, որը պետք է հաղթահարվի թե՛ Եվրամիության, և դրա առանձին երկրների հետ ինտենսիվ դիվանագիտական-քաղաքական աշխատանքով, թե՛ նաև այլ դերակատարների, որոնք շահեր ունեն Կովկասում, և որոնց շահերն առավելագույնս համադրելի են սահմանների անձեռնմխելիության ու ինքնիշխանության սկզբունքի հետ, որ ճանապարհների ապաշրջափակման հարցում առաջ է քաշում Հայաստանը:
Հակառակ պարագայում, «անխոչնդոտ սահմանների» սկզբունքի գեներացումը լեգիտիմացնելով Թուրքիայի և Ադրրբեջանի ակնալիքները, ըստ էության՝ հնարավորությունների և մարտահրավերների հարաբերակցության մեջ Հայաստանին թողնելու են գերազանցապես մարտահրավերները՝ առնվազն դանդաղ գործողության ականի տրամաբանությամբ:
Բաց մի թողեք
Իմա՝ մոռանալ Հերոստրատին․ Սա քնարականությո՞ւն է, թե՞ քաղաքականություն
Անհամարժեք քաղաքականությունը միշտ էլ գցում է փոսը ու գցելու է
Հայ-ադրբեջանական քննարկման «բաց բաղադրիչը»