29/04/2025

Երևանի տրանսպորտը պետք է հետ քաշվի Երևանի տարածք․ Պռոշյանցիները բողոքում են, փակում մայրուղին

Այսօր վաղ առավոտյան պռոշյանցիները փակել էին Երևան–Աշտարակ ճանապարհը: Նրանք պահանջում էին, որ իրենց խնդրին լուծում տան․ բնակիչները բողոքում են ոչ այնքան տրանսպրոտի թանկացման դեմ, այլ որ 25 համարի ավտոբուսը, որ աշխատում է գյուղում, գծից դուրս չբերվի։

Այդ ավտոբուսը գյուղից հասնում էր Երևան՝ Հաղթանակի այգու մոտ, որը ձեռնտու էր բոլոր գյուղացիներին, սակայն այժմ, երբ դուրս գա գծից, նրանք ստիպված կլինեն մի քանի ավտոբուս փոխել Երևան հասնելու համար։

Երեկ, ինչպես խոստացել էին բնակիչներին, նրանցից մի քանիսը, այդ թվում համայնքի ղեկավարը, հանդիպել էին ՏԿԵ փոխնախարարի հետ, սակայն, ըստ երևույթի, փոխնախարարի պատասխանը իրենց չի գոհացրել, ուստի այսօր առավոտյան նրանք կրկին ճանապարհ էին փակել։

Այսօր ճանապարհը փակած բնակիչները պահանջում էին նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից, որ իրենց տարածքը սպասարկի Երևան քաղաքի ավտոբուսը, որը կհասնի մինչև Պռոշյան։

Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի վարչական ղեկավար Սևակ Գաբրիելյանին հարցրել են՝ ի՞նչ առաջարկ է արել փոխնախարարը, որն իրենց չի գոհացրել և ի՞նչ են պատրաստվում անել պռոշյանցիները․ «Այո, հանդիպել ենք ՏԿԵ փոխնախարարի հետ, բնակիչները նշել են՝ ի՞նչ խնդիր է առաջ քաշում այդ ավտոբուսի դուրս գալը, բայց, ընդհանուր անորոշ մնաց ամեն ինչ: Փոխնախարարն ասաց, որ Երևանի տրանսպորտը պետք է հետ քաշվի Երևանի տարածք, իսկ ժողովրդի խնդրանքն էր, որ չքաշվի»։

Նա տեղեկացրեց, որ փոխնախարարը նշել է, որ օրենքով է կարգավորվում, միասնական տրանսպորտի համակարգը պետք է սպասարկի մարզերը, իսկ Երևանը՝ երևանյան տրանսպորտը։

Վաղը պռոշյանցիները կրկին գնալու են ՀՀ կառավարություն հանդիպման, սակայն, ինչպես մեզ փոխանցեցին՝ այս անգամ շատ լուրջ են տրամադրված, առաջ են քաշելու խնդրի լուծման իրենց տարբերակը, և եթե չընդունվի, ապա դրանից հետո ավելի մարդաշատ հավաք կանեն, աշակերտները դպրոց չեն գնա, Երևան գնացողներն ու բոլոր պռոշյանցիները կմիանան իրենց։