19/04/2025

Ստորագրման հեռանկարի խնդիրը Բաքվում է, այլ ոչ թե երկու կողմում

Սահմանին Ադրբեջանի կրակոցները, և դրան զուգահեռ՝ Հայաստանին վերագրվող իբրև թե հրադադարի խախտումների մասին Բաքվի ապատեղեկատվությունները մեզանում ընկալվում են իբրև խաղաղության պայմանագիրը չստորագրելու հարցում միջազգային հանրությանը «փաստարկելու» փորձ, որ Հայաստանն ապակառուցողական է:

Գործնականում, դա թերևս իրավիճակը որոշակի չափազանցություն է, այն իմաստով, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը չստորագրելու առնչությամբ չի էլ դիմում ինչ-որ «խորամանկությունների» կամ այլեւայլությունների, այլ բաց տեքստով ներկայացնում է իր նախապայմանները:

Դա տեղի է ունեցել, օրինակլ Գերմանիայի ԱԳ նախարարի այցի ընթացքում, որ Բաքուն ընդհուպ Իլհամ Ալիևի մակարդակով բաց տեքստով հայտարարել է Հայաստանի հանդեպ ունեցած պահանջների մասին:

Ավելին, Հայաստանից որևէ կերպ որևէ արձագանք չի հնչել այն հայտարարության առնչությամբ, որ Ադրբեջանի լրատվամիջոցները փոխանցել էին՝ վերագրելով այն Վալտեր Շտայնմայերին: Ըստ Բաքվի լրատվամիջոցների՝ Շտայնմայերը հայտարարել էր, որ Ադրբեջանի պայմաններն իրականանալի են, և խոչընդոտները հնարավոր է վերացնել:

Երևանը չնկատեց, կամ չնկատելու տվեց այդ հայտարարությունը, թեև եղել են դրա վրա ուշադրություն հրավիրողներ: Բեռլինից չակնկալվեց որևէ բացատրություն կամ պարզաբանում, թե Գերմանիայի նախագահն ինչո՞ւ է միանում Հայաստանի ներքին գործին միջամտելու Ադրբեջանի պահանջին:

Եթե այս լրջագույն հարցի առնչությամբ Հայաստանը չգիտես ինչու ցուցաբերել է անտարբերություն, ապա ակնհայտ է, որ կրակոցներն ու ապատեղեկատվությունը Ադրբեջանի համար բոլորովին չունեն խաղաղության պայմանագրի չստորագրելն արդարացնելու նպատակ: Թե որոնք են Բաքվի հնարավոր նպատակները, ներկայացրել եմ ավելի վաղ եղած անդրադարձերում:

Տվյալ պարագայում հարցն այն է, որ Երևանում փաստացի կա խաղաղության պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ որոշակի հանրային թյուրընկալում: Թյուրընկալումն այն է, թե Բաքվի հանդեպ կա խաղաղության պայմանագրի ստորագրելու պահանջ, անգամ, ճնշում, և Ադրբեջանն ունի այսպես ասած պատասխանատվությունն իր վրայից գցելու նպատակ:

Գործնականում դա գուցե լիներ՝ եթե ոչ լավ տարբերակ, երբ Բաքուն կլիներ պայմանագիր ստորագրելու միջազգային ճնշման տակ, ապա գոնե ոչ ամենավատ տարբերակը:

Մինչդեռ, Ադրբեջանի կրակոցներն են ճնշման միջոց՝ Հայաստանի հանդեպ, երբ միջազգային դերակատարների, ըստ էության, լռությունը՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու հավասարեցված և, ըստ էության, ամորֆ, անսեռ կոչերի ֆոնին, ըստ էության, աջակցություն է Բաքվի այդ մեթոդաբանությանը:

Ադրբեջանի հանդեպ ճնշման նվազագույն ցուցիչ կլինի այն, երբ որևէ միջազգային դերակատար հասցեական կարձանագրի, որ ստորագրման հեռանկարի խնդիրը Բաքվում է, այլ ոչ թե երկու կողմում:

Translate »