18/04/2025

Վաշինգտոնն ընդառաջելու ակնարկ իսկ չի անում, սպասում է Թբիլիսիի հետագա քայլերին

ԱՄՆ պետական դեպարտամենտը հայտարարել է, որ վարչակազմի փոխոխությունից հետո Վրաստանի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքը չի փոխվել և հիշեցրել, որ այդ առումով Միացյալ Նահանգների «առանցքային մոտեցումները Մյունխենի անվտանգության համաժողովի ելույթում ներկայացրել է փոխնախագահ Դի Վենսը»:

«Մենք կշարունակենք Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը գնահատել ամերիկյան շահերի առաջ մղման տեսակետից: Նահանգները հստակ սահմանել են քայլերը, որ կարող է ձեռնարկել վրացական կառավարությունը, որպեսզի ցուցադրի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարելավման իր մտադրությունների լրջությունը»,-ասված է պետական դեպարտամենտի պաշտոնական հայտարարությամբ:

Ինչ վերաբերում է «Վրացական երազանքի» կառավարության ձեռնարկած «հակաժողովրդավարական» քայլերին, ապա, ինչպես ընդգծել է փոխնախագահ Վենսը, ժողովրդավարական մանդատը չի կարող ձեռք բերվել գրաքննությամբ կամ ընդդիմախոսների ձերբակալությամբ, ինչպես նաև հիմնական ընտրազանգվածի հայացքների անտեսմամբ»։

Նա ամփոփել է․ «Միացյալ Նահանգները Վրաստանի և վրաց ժողովրդի գործընկերն է եղել 33 տարի, վճռականորեն սատարել են Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:

Ավելի վաղ Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարների հետ և քննարկել հարցերի շրջանակը, որ պետք է վրացական կառավարությունը ձեռնարկի՝ բարելավելու Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները:

Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարին:

Մեկնաբանելով ԱՄՆ պետական դեպարտամենտի հայտարարությունը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների հետ հետագա հարաբերություններին, ապա, ըստ Կոբախիձեի, կա երկու սցենար․ «Առաջինը՝ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթում է «խորքային կառավարությանը», և դա լավ սցենար է: Բայց եթե դա տեղի չունենա, վտանգ կա, որ Վրաստանի հանդեպ իրադարձությունները կզարգանան այնպես, ինչպես՝ վերջին չորս տարիներին: Մենք երկու սցենարին էլ պատրաստ ենք»,- ասել է Վրաստանի վարչապետը:

«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը, բայց ասել է, որ իր կուսակցությունը և Վրաստանի կառավարությունը «պաշտպանում է խորքային կառավարության դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պայքարը»: Կալաձեն այդուհանդերձ խոստովանել է, որ վրաց-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը «շատ վատ է» և իրենք «սպասում են, որ այդ դրությունը կփոխվի»:

Ի՞նչ նկատի ունեն Վրաստանի վարչապետը և Թբիլիսիի քաղաքապետը, երբ Թրամփին «խորքային կառավարության դեմ պայքար» են վերագրում, այնքան էլ պարզ չէ: Վրաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մասին հայտարարություն տարածել է պետական դեպարտամենտը՝ հիմք ընդունելով փոխնախագահ Վենսի ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը:

Պետքարտուղար Ռուբիոն և փոխնախագահ Վենսը դեմոկրատական վարչակազմի ամենաեռանդուն քննադատներն են և բացառված է, որ նրանք «խորքային կառավարության» հետ առնչություն ունենան, անգամ եթե ընդունենք, որ Բայդենը կամ նախագահի թեկնածու Հարիսը Դոնալդ Թրամփի դեմ իրոք ստվերային պայքար են մղում:

Ո՞վ է «Վրացական երազանքին» ներշնչել, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը «թքած ունի» ժողովրդավարության և եվրաատլանտյան քաղաքակրություն սկզբունքների վրա և Վրաստանի հետ հարաբերությունների արագ վերբեռնման ուղեգիծ կընտրի: Պետական դեպարտամենտի հայտարարությունը, իհարկե, չի ուղղորդում վրացական ընդդիմությանը, բայց ակնարկը, որ «Վրացական երազանքի» իշխանական մանդատը լիարժեք և լիովին լեգիտիմ չէ, անկասկած խթանելու է նոր հակակառավարական շարժում:

Դոնալդ Թրամփը փաստացի «մարեց» իշխող կուսակցության երազանքը, որ կառուցված էր Վաշինգտոնի հետ հարաբերություններն արագորեն կարգավորելու հնարավորության վրա: Երևում է, դրա համար տևական ժամանակ և զգալի ջանքեր են պահանջվելու: Ընդ որում՝ Վաշինգտոնն ընդառաջելու ակնարկ իսկ չի անում, սպասում է Թբիլիսիի հետագա քայլերին:

Այս իրավիճակը, հավանաբար, ազդեցություն կգործի Հարավային Կովկասի նկատմամբ Միացյալ Նահանգների որոշման «ժամանակացույցի» վրա: Իսկ դա, ամենայն հավանականությամբ, աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա:

Translate »