Ի՞նչ է նշանակում՝ հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից: Դա նշանակում է, որ եթե ադրբեջանցի զինծառայողը (այսինքն՝ պետության ներկայացուցիչը) մտել է հայկական բնակավայր եւ գլխատել է անզեն հայ ծերունուն, դա հայկական պետությունը հանցագործություն չի համարում:
Համենայնդեպս, այդպիսի մի ենթադրյալ հանցագործ՝ Քամիլ Զեյնալին հայտարարում է. «Ինձ զանգահարեցին Ռուսաստանում մեր դեսպանատնից: Ինձ ասացին՝ շնորհավորում են՝ Քամիլ, շնորհավորում ենք:
Թշնամիների (ենթադրաբար՝ Հայաստանի.-խմբ.) կողմից քո վրա դրված հետախուզումը մեր պետության կողմից տարվող աշխատանքների արդյունքում հանվել է»: Շատ հնարավոր է, իհարկե, որ ՔՊ-ական քարոզչությունը եւ նույնիսկ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեն, որ ադրբեջանցի սադիստի կողմից գլխատվածը հայ չէր, «ղարաբաղցի» էր եւ, հետեւաբար, Հայաստան պետությունն այստեղ կապ չունի:
Բայց պետության գործառույթների մասին այդ, մեղմ ասած, յուրահատուկ պատկերացումը ո՛չ հանցագործության վտանգավորությունն է նսեմացնում, ոչ էլ դրա հանդեպ մեր իշխանությունների անտարբերությունը:
Բայց եկեք ժամանակավորապես մի կողմ դնենք հայցերից հրաժարվելու բարոյական եւ իրավական կողմն ու կենտրոնանանք քաղաքականության վրա: Այստեղ, բնականաբար, հնարավոր է գործարք, որը բարոյական հարթությունից դուրս է: Հնարավոր է ինչ-որ բան զիջել՝ փոխարենն ինչ-որ բան ստանալու համար: Ասենք՝ դու հրաժարվում ես հայցերից, իսկ նա հայտարարում է, որ ցավում է քնած մարդուն կացնով սպանելու կամ անզեն ծերունուն գլխատելու համար:
Բայց նման բան տեղի չի ունենում. Ադրբեջանը փառաբանում է իր արյունարբու սադիստներին: Հետն էլ պարադոքսալ ձեւով Հայաստանին մեղադրում է «ֆաշիզմի» մեջ: Եթե հայերին մորթելը «ճիշտ էր», էլ ի՞նչ խաղաղություն, ի՞նչ նոր դարաշրջան:
Կամ այսպիսի տարբերակ՝ դու հրաժարվում ես հայցերից, իսկ հակառակ կողմը հրաժարվում է Արցախի ղեկավարներին դատելուց: Նման բան կա՞: Ոչ, մեր հայրենակիցների դեմ անհեթեթ մեղադրանքները գնալով շատանում են:
Դու հրաժարվում ես հայցերից, իսկ դիմացինը քեզ հետ խաղաղության համաձայնագիր է ստորագրում՝ ինչպիսին էլ լինի: Բայց ոչ՝ չի ստորագրում, նորանոր նախապայմաններ է առաջ քաշում: Ո՞րն է հապա թշնամու վայրագությունների վրա աչք փակելու օգուտը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Հայաստանի պետականությունը վերացնելու մասին շատ ուղիղ հայտարություն եղավ․ Շարիկովները գլխներիցս անպակա՞ս են լինելու
Խաղաղ անհնազանդության գործողության դասական վիճակ է, ագրեսորի վրա տեսախցիկ ես պահում խելոքանում է. Հովհաննես Ավետիսյան
Սա չի նշանակում, թե «պատերազմ» բառը պետք է դառնա սեփական հանրությանը սարսափի մեջ պահելու գործիք. Վարդան Ոսկանյան