18/04/2025

Հայաստանում չկա պետական անելիքի համակարգված և հայեցակարգված պատկերացում

Հայաստանի խորհրդարանում անցկացվել են լսումներ՝ ճանապարհային անվտանգության թեմայով: Այն, որ թեման հրատապ է, ցավալիորեն վկայում է Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, և առավել ևս մահաբեր վիճակագրությունը: Հայաստանի ճանապարհներին տեղի ունեցող վթարների, վրաերթերի հետևանքով տարեկան մահանում է մի քանի հարյուր մարդ:

Ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող, ընդհանրապես դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ ունեցող պետության համար սա ազգային անվտանգության հարց է:

Սակայն որքան էլ լսումները հրատապ, հույժ կարևոր խնդրի վերաբերյալ են, այդուհանդերձ, դրանց բովանդակությունը, ըստ էության, վկայեց, որ Հայաստանում այդ հարցում չկա պետական անելիքի համակարգված և հայեցակարգված պատկերացում:

Թեև դրա բացակայությունը վկայող հանգամանքն ավելի վաղ էր և դրսևորվեց կառավարությունում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բոլոր վարորդական վկայականները ստացվում են առանց պատշաճ քննության և պետք է իրականացնել վարորդների ատեստացիա:

Իհարկե, դժվար է պատկերացնել, որ կառավարությունը կարող է հղանալ այդօրինակ որոշում իրապես, բայց մյուս կողմից, որևէ խնդիր լուծելու հարցում անարդյունավետությունն ու անկարողությունը բարդել որևէ այլ պատասխանատվության հասցեով, ներկայիս կառավարող ուժի համար «ավանդույթ» է:

Պատասխանատվությունը վերահասցեագրելը, իհարկե, խնդրի առումով չի լուծում որևէ հարց, չի փոխում իրականության որակ, պատկեր, բայց լուծում է ընտրազանգվածի համար տպավորություն թողնելու հարցը, ինչը խորհրդարանի ընտրությունից մոտ մեկ տարի առաջ ներկայիս կառավարության գլխավոր խնդիրն է:

Մինչդեռ ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրն իսկապես դամոկլյան թրի նման կախված է հայ հանրության գլխին և պահանջում է լուծում:

Ընդ որում՝ բոլորի համար է հասկանալի, որ լուծումը մեկ որոշման կամ մեկ քայլի հարց չէ, այլ համակարգային գործողության, քաղաքականության խնդիր, որտեղ պետք է ներդաշնակ գործեն պետական ինստիտուտներն ու հանրային կառույցները իրավիճակ փոխելու համար:

Բայց ամբողջ հարցն այն է, որ չկա այդ համակարգն ու ծրագրային պատկերացումը, գործողությունների ճանապարհային քարտեզը, որով Հայաստանում կմեկնարկի ճանապարհային երթևեկության պատկերը որակապես փոխելու գործընթացը:

Translate »