Թուրքական աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանում հանդիպել են Թուրքիայի և Իսրայելի պատվիրակությունները՝ լարվածությունը հաղթահարելու ուղղությամբ քննարկումների նպատակով:
Նախօրեին, ելույթ ունենալով Բաքվում, Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Ադրբեջանի համար մտահոգիչ է Իսրայելի և Թուրքիայի միջև ցանկացած լարվածություն, որովհետև Բաքուն սերտ գործակցում է երկուսի հետ էլ․ Թուրքիան դաշնակից է, ինչպես նշել էր Ալիևը, իսկ Իսրայելը՝ բարեկամ: Ադրբեջանի նախագահի անհանգստությունը, թերևս, պայմանավորված չէ լոկ դաշնակցի ու բարեկամի միջև կռվով:
Սիրիայում իրավիճակի փոփոխությունը Իլհամ Ալիևի մոտ արթնացրել է մերձավորարևելյան ռեգիոնում անմիջական և էական դերակատարում ստանձնելու հույս և ակնկալիք: Փետրվարին նա շնորհավորել էր Սիրիայի այսպես ասած նոր նախագահ Ալ Շարաային և հրավիրել նրան Բաքու: Մերձավոր Արևելքում, ստանձնելով առավել էական դերակատարում, Ալիևը, անշուշտ, ակնկալում է բարձրացնել աշխարհաքաղաքական կշիռն ու գինը:
Սակայն եթե Սիրիայում ծավալվի թուրք-իսրայելական բախում՝ անգամ պրոքսի տարբերակով, ապա դա կարող է պարզապես «ճզմել» Բաքվին՝ Ալիևի աշխարհաքաղաքական ակնկալիքներով ու ծրագրերով հանդերձ:
Մինչդեռ Ալիևը Սիրիայում տարածություն է փնտրում կամ ակնկալում, որովհետև նրա համար կարող է նեղանալ տարածությունը Կովկասում, եթե հաջողվի Թրամփի ու Պուտինի միջև գործարքը: «Ճզմվելով» Սիրիայում՝ Ալիևը ունի պարզապես մինչև Կովկաս «դոմինոյի էֆեկտի» մտավախություն:
Սիրիայի միջոցով Մերձավոր Արևելք դուրս գալը Ադրբեջանի նախագահին անհրաժեշտ է Կովկասում սեղմվելու հեռանկարը չեզոքացնելու համար: Մինչդեռ եթե Սիրիան վերածվի թուրք-իսրայելական պրոքսի բախման պոլիգոնի, Ադրբեջանի համար դա կլինի ոչ թե խաղային նոր տարածություն, այլ լրիվ հակառակը:
Դա է պատճառը, որ նա, ըստ էության, նույնիսկ մարտահրավեր է նետում Դոնալդ Թրամփին, որը երկու օր առաջ Սպիտակ տանն ընդունելով Նաթանյահուին, ասել էր, թե կարող է միջնորդ լինել նրանց և Թուրքիայի միջև, եթե Իսրայելն իրեն «գիտակից պահի»:
Իլհամ Ալիևը փաստորեն «ձեռնոց» է նետում Թրամփի այդ պատրաստակամությանը՝ ներկայացնելով թուրք-իսրայելական միջնորդության իր հայտը: Հազիվ թե որևէ մեկը Թրամփին ձեռնոց նետի այսպես ասած լավ օրից:
Ալիևը, իհարկե, հիանալի հասկանում է դա, և ըստ ամենայնի դրա համար էլ Թրամփի «սիրտը շահելու» համար նրան առաջարկում է տեղեկություններ Բաքվում ԱՄՆ ՄԶԳ և այլ ֆոնդերի գործունեության ապօրինությունների մասին:
Բաց մի թողեք
Ալիևը կընդունի՞, որ անկախ Ադրբեջանն Ադր. ԽՍՀ իրավահաջորդն է
Պուտինի ուկրաինական «տրիումֆը» կկորցնի աշխարհաքաղաքական կարևորությունը
Արաքսի միջանցքի նախագծի շուրջ կան անհիմն ենթադրություններ․ Ալիև