Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տեր և տիկին Ալիևները մեկնել են Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Բաքվի իշխանական զույգը վայրէջք է կատարել Անթալիայի օդանավակայանում, որտեղ նրանց դիմավորել են նահանգապետ Հուլուսի Շահինը, պաշտոնատար այլ անձինք:
Դիվանագիտական ֆորումը, ինչպես աղբյուրներն են հայտնում, աշխատանքները կսկսի ապրիլի 12-ին: Իհարկե, ոչինչ չի խանգարում, որ Ադրբեջանում իշխող ամուսնական զույգը երկու օր ծովափնյա հանգիստ վայելի:
Անորոշ է, թե այդ ընթացքում Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հետ Ալիևի հանդիպումներ նախատեսվա՞ծ են կամ ե՞րբ Անթալիա կուղևորվի Էրդողանը:
Առայժմ նա կենտրոնացած է ներքաղաքական իրավիճակի կառավարման հարցերի վրա: Ինչպես տեղեկացնում է «Անադոլուն», ապրիլի 10-ին Անկարայի «Բեշթեփե» նստավայրում Էրդողանն ընդունել է քրդամետ DEM կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի երկու պատգամավորի:
Ավելի վաղ նրանք Իմրալի կղզու բանտում բանակցություններ են վարել «Քրդական բանվորական կուսակցության» ցմահ ազատազրկման ենթարկված առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ:
Թուրքական հասանելի մամուլի հրապարակումներից դատելով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի ընդունում ՔԲԿ-ն լուծարելու, քրդական զինված խմբավորումների կողմից զենքը վայր դնելու դիմաց Օջալանին ներում, իսկ նախկին «գրոհայիններին» քաղաքականությամբ զբաղվելու իրավունք շնորհելու պայմանը:
Տպավորություն կա, որ եթե Էրդողանի և քրդամետ պատգամավորների հանդիպումը ձախողվի, ապա DEM-ը Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության հետ «համագործակցության քայլ կանի»:
Թուրքիայի ներքին խնդիրներին Ալիևը հազիվ թե միջամտելու ռեսուրս ունի: Ըստ երևույթին՝ Էրդողանը նրան Անթալիա է հրավիրել այլ խոսակցության համար: Նախօրեին նա շատ ինտրիգային հայտարարություն է արել․ «Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները Եվրամիության գործը չէ»:
Այս կատեգորիկ միտքը հնչել է մի իրավիճակում, երբ Թուրքիան Եվրամիության հետ անվտանգության, Ուկրաինայում խաղաղապահ առաքելության, ռազմաարդյունաբերական համալիրի ինտեգրման և այլ հարցերի շուրջ բանակցությունների մեջ է:
Այդ քննարկումներում ի՞նչ տեղ ունի հայ-թուրքական հարաբերությունների հարցը, կարելի է ենթադրել Սամարղանդում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այն հայտարարությունից, որ երեսուն տարի անց հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանի բացումը կնպաստի Հարավային Կովկասի կայունությունը և տարածաշրջանային համագործակցությանը:
Պաշտոնական Անկարան, իհարկե, հայ-թուրքական սահմանի բացումը շարունակում է պայմանավորել հայ-ադրբեջանական կարգավորմամբ: Բայց Էրդողանը լիազորե՞լ է, որ Ալիևը Եվրամիության հասցեին կոպիտ հայտարարություն անի: Այսինքն, Բրյուսելի որևէ առաջարկություն չքննարկելու համար Էրդողանը դարձյալ վկայակոչելու է Ալիևի անհամաձայնությու՞նը, խորհուրդ է տալու նախ պայմանավորվել նրա՞ հետ, թե Ալիևն է «առաջանցիկ քայլ արել» և Թուրքիա-Եվրամիություն որևէ համաձայնության «նախապայման առաջադրե՞լ»:
Հայաստանն առայժմ հայտարարել է, որ Անթալիայի կմեկնեն արտաքին գործերի նախարար Միրզոյանը և ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը: Դիվանագիտական ֆորումին Ռուբինյանի մասնակցությունից կարելի՞ է ենթադրել, որ այդ «հարթակում» նա կհանդիպի թուրք գործընկեր Քըլըչի հետ:
Անթալիայում Էրդողանից և Ալիևից բացի այլ երկրի առաջնորդի սպասո՞ւմ են: Ռուսաստանը, համենայն դեպս, կներկայացնի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Դա նշանակում է, որ Պուտին-Էրդողան հանդիպումը չի հասունացել:
Ի դեպ, Էրդողանը չի ընդունի Ստամբուլում բանակցող՝ Ռուսաստաի և ԱՄՆ ներկայացուցիչներին, թեև ավելի վաղ նման սպասելիք կար:
Բաց մի թողեք
Ալիևը կընդունի՞, որ անկախ Ադրբեջանն Ադր. ԽՍՀ իրավահաջորդն է
Պուտինի ուկրաինական «տրիումֆը» կկորցնի աշխարհաքաղաքական կարևորությունը
Արաքսի միջանցքի նախագծի շուրջ կան անհիմն ենթադրություններ․ Ալիև