24/04/2025

TCF-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում․ Լուսանկարներ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) պաշտոնապես ցուցակվել են Հայաստանում նորարարությունների և ներդրումային ոչ ստանդարտ լուծումների առաջատար ընկերություններից մեկի՝ «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ (The Crowdfunding Formula, TCF) պարտատոմսերը։

Ընկերությունը տեխնոլոգիական ոլորտի առաջին ներկայացուցիչն է Հայաստանում, որն իրականացնում է արժեթղթերի թողարկում։

Պարտատոմսերի թողարկմամբ ընկերությունը նպատակ ունի ոչ միայն դիվերսիֆիկացնել իր ֆինանսավորման աղբյուրները, այլև առաջարկել նոր հնարավորություններ տեղական ներդրողներին։

Ընդհանուր 400 մլն ՀՀ դրամ ծավալով «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ը պարտատոմսերը ցուցակվել են բորսայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում։ Ցուցակված 4000 պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 100,000 ՀՀ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12.75%, իսկ շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Վերոնշյալ արժեթղթերով թույլատրվել է հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։

Ապրիլի 8-ին «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ է շնորհվել «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի հունվարի 7-ից փետրվարի 24-ը ընկած ժամանակահատվածում՝ Դայմենշն ներդրումային ընկերության միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն ընդգծել է. «Տեխնոլոգիական ոլորտի ընկերության պարտատոմսերի ցուցակումը կարևոր ուղերձ է շուկայի բոլոր մասնակիցների համար․ կապիտալի շուկան բաց է բոլոր ոլորտների բիզնեսների համար։ Սա հիանալի օրինակ է, որ ցանկացած ընկերություն կարող է դիտարկել պարտատոմսային գործիքները՝ բիզնեսի զարգացման և նոր շուկաներ դուրս գալու նպատակով»։

«Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերության տնօրեն և համահիմնադիր Նարեկ Վարդանյանը նշել է․ «Մեծ ոգևորությամբ հայտարարում ենք, որ «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ի պարտատոմսերը պաշտոնապես ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Սա մեր ընկերության զարգացման պատմության մեջ կարևոր քայլ է, որը խորհրդանշում է ոչ միայն մեր կայուն աճն ու ընդլայնման ռազմավարությունը, այլև մեր հավատը Հայաստանի ֆինանսական համակարգի հնարավորությունների և ապագայի նկատմամբ։

Մենք պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտեցինք նախատեսված ժամկետից շատ ավելի շուտ, սակայն պահանջարկը մեծ էր և պոտենցիալ ներդրողներ եղան, որ չհասցրեցին ձեռք բերել դրանք։ Ցուցակումը նրանց կընձեռի նման հնարավորություն։

Ուրախ ենք նաև, որ ստեղծել ենք նախադեպ այն ընկերությունների համար, որոնք համադրում են նորարարությունը, գլոբալ մտածելակերպը և տեղական շուկայի հանդեպ հավատը։ Սա ուղերձ է ողջ էկոհամակարգին»։

«Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերության պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել բացառապես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով՝ դիմելով բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկի կամ ներդրումային ընկերության, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով համապատասխան հայտ:

«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա»-ն մասնագիտացած է ծրագրային ապահովման մշակման, մարքեթինգային ռազմավարությունների մշակման և գովազդային արշավների իրականացման ոլորտում։ 2023 թվականից հանդիսանում է Crowdfunding Formula, Inc. ամերիկյան ընկերության դուստր կազմակերպությունը՝ տրամադրելով ծրագրային և օպերացիոն աջակցություն։ Ընկերությունն ունի գրասենյակներ Երևանում, Նյուարքում և Չինաստանի Շենժեն քաղաքում։

Translate »