ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի համար, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Նա իշխանազրկվեց, իսկ ավելի ճիշտ՝ մանդատը վայր դրեց ավելի վաղ, քան կանխատեսել կամ բերանից թռցրել էր գինովցած վիճակում՝ Գյումրիում:
Լրագրողների հետ լեզվակռվի ընթացքում Գաբրիելյանն ասել էր. «2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս վայր դնում»: Ըստ ամենայնի, Փաշինյանը նրան հենց այս խոսքերի համար չներեց, եւ նախօրեին նա ներողություն խնդրեց հայհոյանքի համար ու հայտարարեց մանդատը վայր դնելու մասին:
Իհարկե, դժվար է միանշանակ ասել՝ նա սեփական կամքո՞վ է դա անում, թե՞, այնուամենայնիվ, Փաշինյանից ստացած գիշերային SMS-ի պահանջով: Չէ՞ որ նա ՔՊ-ում միակ օդիոզ դեմքը չէ, որը տեսախցիկների առջեւ սկանդալի մեջ էր հայտնվել ու պատգամավորին ոչ հարիր վարքագիծ դրսեւորել: Իշխող քաղաքական ուժի շարքերոմ այդպիսիք շատ են՝ Անդրանիկ Քոչարյանից մինչեւ Քրիստինե Պողոսյան, Ալեն Սիմոնյան ու Հակոբ Արշակյան… այս ցանկն ամբողջական չէ, բայց չներվեց սոսկ Գաբրիելյանի արարքը, որովհետեւ հանդգնել էր կասկածի տակ դնել Փաշինյանի վերարտադրվելու հնարավորությունը:
Մի կողմ թողնենք միջադեպն ու Վիլեն Գաբրիելյանին, կենտրոնանանք 2026-ի ու ՔՊ-ի՝ եթե ոչ իսպառ մաշված, ապա մաշվելուն մոտ հեղինակությանն ու ռեսուրսի խնդրին: Այդ ուժն ու նրա առաջնորդն անձամբ այլեւս սպառված են, եւ հերթական անգամ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն են դա արձանագրում: Այդ փաստը, վստահաբար, ՔՊ-ում էլ են գիտակցում, գիտակցում է նաեւ Փաշինյանը: Իսկ վերլուծաբաններն արդեն կանխատեսում են, որ ՔՊ-ն 2026-ին չի կարողանալու վերարտադրվել: Նախ ֆիքսենք, որ «Նիկոլ» եւ «ՔՊ» երեւույթները նույնական չեն: Պայմանական 2026 թվականին ՔՊ-ն ու Նիկոլը տարբեր ելքեր կարող են ունենալ:
ՔՊ ասված մարդկանց մեծ մասը 2018-ին list.am-ով հավաքագրված մարդիկ էին՝ որոշակի սկզբունքներից ելնելով. չէին ընդունում մեր 30 տարվա արցախյան պայքարը, կեղծ պացիֆիզմով էին վարակված՝ Ժիրայր Լիպարիտյանի, պայմանականորեն ասած, քաղաքական դպրոցի հետեւորդներ, ուղղակի ու անուղղակի արտասահմանյան պրոֆիլային ծառայությունների ազդեցության գործակալներ, հայկական հատուկ ծառայությունների գործակալներ, սոցիալական ռեւանշով տոգորված գործազուրկ երիտասարդներ՝ լյումպեն զանգված, նախկին իշխանությունից վտարված անձինք, բախտախնդիր լրագրողներ, հանրային ակտիվիստներ:
Սա էր ՔՊ-ական ասվածի հիմնական սոցիալական բազան: Նման զանգվածը չի կարող պետականություն ու պետական ինստիտուտներ կերտել, եւ նրանք լքելու են քաղաքականության թատերաբեմը: Մեծ հաշվով՝ դրանք խոպանչիներ են, բախտի պահը որսացողներ: Նրանք լքելու են քաղաքական թատերաբեմը, եւ իրենք դա լավ են հասկանում: Թե հետագայում նրանցից ով կպատժվի, ով կկարողանա խուսափել պատժից, արդեն անհատական հարց է: «Նիկոլ» երեւույթն այդ պատժից չի խուսափի՝ դա արդեն առանձին խոսակցություն է: Ինչ վերաբերում է վերջերս շատ օգտագործվող «ռեսուրս» հասկացությանը, ապա դա կարելի է դասել արհեստածին եզրույթների շարքը:
Իրականում հանրությունը վատ է պատկերացնում ՔՊ-ական պատգամավորների ամենօրյա հույզերն ու վախերը: Իբրեւ պատգամավորներ՝ նրանք պատասխանատվություն են կրում վերջին 7 տարիների ճակատագրական դժբախտությունների համար եւ ամեն օր այդ մասին են մտածում: Ու որքան մոտենում է 2026 թվականը՝ այնքան վախերն ու խուճապն ավելի են ուժեղանում: ՔՊ-ական գինովցած պատգամավորի խոսքերն ուղղակի այդ հույզերն են արտահայտել: Նրա փոխարեն նման խոսքեր կարող էր ասել ցանկացած ՔՊ-ական պատգամավոր: Նման թիմը չի կարող լինել մարտունակ, չի կարող պայքարել վաղվա օրվա համար, դա թիմ չէ, դա թղթե տնակ է՝ ճոճվող նավակում:
ՔՊ-ն 2026-ին չի կարող վերարտադրվել, սակայն, որպես դեռեւս լծակներ ունեցող իշխանություն, ի դեմս «նիկոլ» երեւույթի, կարող է ստիպված լինել որոշելու, թե ընդդիմության որ հատվածին հանձնել իշխանությունը: Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ իրական պայքարը գնում էր ընդդիմության թեւերի միջեւ, իսկ խաղի մեջ մնալու համար ՔՊ-ն պետք է դիրքավորվի այդ թեւերի միջեւ: Հենց սա է այսօրվա եւ, միգուցեեւ, ողջ 2026-ի ինտրիգը: Նման պարագայում հնարավոր է, որ ՔՊ-ն նույնպես թեւերի բաժանվի՝ ըստ ընդդիմադիր տարբեր թեւերի միջեւ ունեցած նախասիրությունների կամ հնարավորությունների:
Նախ՝ քաղաքական համակարգը փլուզված է: Իշխանությունն այդպես էլ չկարողացավ կառավարման գործող համակարգ ստեղծել, ընդամենը փլուզել են այն, ինչը իրենցից առաջ եղել էր, եւ շալակել են ահռելի պետական պարտքեր՝ իրենց գոյությունը քարշ տալու համար: Հիմա արդեն պետությունը չունի ռեսուրս՝ իրենց իշխանությունը սպասարկելու համար: Երբ խոսում ենք ապագա իշխանության մասին, թե ով ունի «ռեսուրս»՝ նոր իշխանություն ձեւավորելու, ապա, ինչպես ասվեց, հիմնական ռեսուրսն ապագայի հեռանկար ստեղծելն ու դա հանրությանը ներկայացնելն է՝ ոչ ոք չի ցանկանա վերադառնալ 2018 թվական:
Հնի վերադարձ չի կարող լինել, որովհետեւ առաջ կար Արցախ, հիմա այն չկա, առաջ կար որոշակիորեն կայուն միջազգային կարգ, իսկ հիմա համատարած վտանգներ ու անորոշություն է: Պետք են նոր մտածողություն, ստեղծագործական մոտեցումներ ու հանրային վստահություն: Խնդիրը Նիկոլը չէ, ինչպես 2018-ին խնդիրը Սերժը չէր: Մենք չունենք պետական մտածողություն, մենք անձերով ենք դատում: Դա է ամենամեծ սխալը: 2026-ն առանց Նիկոլի ավարտելը հարցի լուծում չէ, որովհետեւ «նիկոլ» երեւույթն օդից չի հայտնվել, նա կուտակված սխալների, արատավոր մտածողության հետեւանք է: Խնդիրն այժմ այն է, թե 2026-ին, առաջին, մենք ինչ երկիր ենք ցանկանում ստեղծել եւ, երկրորդ, ովքեր են կարող դա իրականացնել: Ընդ որում՝ ամենաէականը երկրորդ հարցադրումը չէ:
Ստեփան Դանիելյան
Բաց մի թողեք
Ալիևը կընդունի՞, որ անկախ Ադրբեջանն Ադր. ԽՍՀ իրավահաջորդն է
Պուտինի ուկրաինական «տրիումֆը» կկորցնի աշխարհաքաղաքական կարևորությունը
Արաքսի միջանցքի նախագծի շուրջ կան անհիմն ենթադրություններ․ Ալիև