22/04/2025

Ալիևի համար ինչը բավարար կլինի Թրամփի ներողամտությունը հայցելու համար

Նովրուզի առիթով շնորհավորելով Ադրբեջանին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իլհամ Ալիևին հայտնել է, թե սպասում է երկու երկրների միջև համատեղ աշխատանքի: Թրամփի շնորհավորանքը շատերը գնահատեցին նրա ուշադրությանն արժանանալու Իլհամ Ալիևի համառ ջանքի արդյունք: Իսկ Ալիևն իսկապես ամեն ինչ անում էր Թրամփի ուշադրությանն արժանանալու համար:

Նա նույնիսկ պատրաստ էր «մատնագիր» անել Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ գործունեության թեմայով՝ պատրաստակամություն հայտնելով Թրամփի վարչակազմին փոխանցել Բաքվում ԱՄՆ ՄԶԳ գործունեության հետ կապված անօրինականությունների մասին տեղեկություններ:

Այստեղ սակայն մի մի ուշագրավ հարց, որ Թրամփի վարչակազմը գուցե կարող է տալ Իլհամ Ալիևին: Եթե ԱՄՆ ՄԶԳ-ն Ադրբեջանում զբաղված էր ապօրինություններով, ապա ո՞ւր էին դրանց վերաբերյալ քրեական գործերը:

Ինչպե՞ս կարող էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Ադրբեջանում գործունեություն ծավալել ու զբաղվել ապօրինություններով, առանց տեղի իշխանության իմացության, մասնակցության, առնվազն՝ լուռ մասնակցության: Իսկ այդ լռությունն էլ, իհարկե, ունի իր գինը:

Հետևաբար, Ալիևը Թրամփի վարչակազմին հայտնել է իր «հանցակիցների՞ն» մատնելու պատրաստակամություն: Ինչի՞ դիմաց, ուշադրությա՞ն, թե՞ ավելորդ հարցերից և պատասխանատվության վերաբերյալ հարցադրումներից խուսափելու համար:

Հնարավոր չէ, որպեսզի միջազգային որևէ կազմակերպություն որևէ երկրում ծավալի ապօրինի գործունեություն, թույլ տա անօրինականություններ՝ առանց տվյալ երկրի իշխանության գիտության, իմացության, լոյալության: Եվ առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի կենտրոնաձիգ, ամբողջատիրական կառավարմամբ երկրներին, ինչպիսին Ադրբեջանն է:

Հետևաբար, եթե ԱՄՆ ՄԶԳ-ն Ադրբեջանում թույլ է տվել անօրինականություններ, ապա նաև Ադրբեջանի իշխանության թույլտվությամբ: Իլհամ Ալիևը, օրինակ, տեսնում է, թե ինչպես է Թրամփի վարչակազմը Ուկրաինայում ծախսված ամերիկյան փողերի, այդ թվում՝ ԱՄՆ ՄԶԳ գծով հատկացումների վերաբերյալ հարցեր ներկայացնում Ուկրաինայի իշխանությանը, թե՛ բաց հայտարարությունների, թե՛ բավականին թափանցիկ ակնարկների տեսքով:

Ուկրաինայում ԱՄՆ խաղադրույքը այժմ բարձր է, բայց ոչ մի երաշխիք չկա, որ այդպիսի հարցերի անհրաժեշտություն Վաշինգտոնը չի տեսնի նաև այլ ուղղություններով՝ հետագայում: Ալիևը, թերևս, հենց այդ մտավախությամբ է, որ ԱՄՆ նախագահի ընտրությանը Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո միանգամից անցավ ԱՄՆ ՄԶԳ դեմ գրոհի, նաև թիրախավորելով դեմոկրատական վարչակազմն ընդհանրապես:

Դա նրա պատրաստակամությունն էր այսպես ասած «համագործակցել քննության հետ»՝ ակնկալելով դա որպես հանցանքը «մեղնացնող հանգամանք»: Բայց դա բավարար կլինի՞ Թրամփի ներողամտությունը հայցելու համար, թե՞ նա Բաքվից, այդուհանդերձ, կպահանջի շատ ավելի թանկ գին:

Translate »