Axsios-ի տեղեկություններով՝ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է անցկացնել ընթացիկ շաբաթավերջին, բայց արդեն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Իսրայելական մամուլին հայտնի է դարձել, որ Օմանում Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը մի քանի րոպե տևած առանձնազրույցից հետո բաժանվել են ձեռքսեղմումով:
Իսրայելական Ynet-ը գրում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը դեռևս լիարժեք չի մեկնաբանել իրանական կողմին ներկայացրած՝ ենթադրյալ «սևագիր փաստաթղթի» վերաբերյալ տեղեկությունը:
Ըստ տեղեկատվական արտահոսքի՝ ամերիկյան կողմից ներկայացված «սևագիրը» չի ներառնում Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացումը, իսկ դա Իսրայելի համար էքզիստենցիալ նշանակություն ունի:
Թեև Երուսաղեմում բացահայտ չեն խոստովանում, բայց Իսրայելի պաշտոնական մոտեցումն այն է, որ Իրանի միջուկային ծրագրի ապամոնտաժումը չպետք է պայմանավորված լինի Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ շրջանով։
Իսրայելական մամուլի հրապարակումներում առանձնահատուկ կարեւորություն է տրվաւոմ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի դիվանագիտական հմտությանը, որ կարող է «ամերիկացիների ջուրը տանել՝ ծարավ ետ բերել և այդպիսով ժամանակ շահել»:
Իսկ թե այդ ընթացքում ուրանի հարստացման ի՞նչ աստիճանի կհասնի Իրանը, հայտնի չէ: Միջազգային փորձագետների գնահատմամբ՝ Թեհրանը մոտ է վեց միջուկային մարտագլխիկ ունենալու համար անհրաժեշտ հարստացված ուրան ունենալու խնդրի լուծմանը:
Այդուհանդերձ, հայտնի է դարձել, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Բարն անցյալ շաբաթ գտնվել է Վաշինգտոնում և հանդիպել ԱՄՆ պաշտոնակից Օլվինին:
Այդ մասին տեղեկատվություն տարածել է վերջինս՝ սոցիալական X հարթակում գրառման միջոցով: Իսրայելական պաշտոնական աղբյուրներն այդ տեղեկատվությունը չեն հաստատել, բայց ակնհայտ է, որ կողմերը քննարկել են Իրանի դեմ օդային հարձակման դեպքում գործողությունների կոորդինացումը:
Չափազանց ուշագրավ է, որ իրանա-ամերիկյան բանակցությունների վերաբերյալ իսրայելական նիհիլիզմի թեման շոշափել է նաեւ Բաքվի իշխանական լրատվամիջոցը՝ վիզավի ընտրելով Իսրայելի ԶՈՒ պաշտոնաթող գնդապետ, ռազմական փորձագետ և «Ազատ Իսրայել» ազգայնական շարժման ներկայացուցիչ Արյե Զայդենին:
Վերջինս համոզված է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան քաղաքականությունը «խստորեն բալանսավորված է»: Նա ընդգծում է հատկապես Սաուդյան Արաբիայի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների կարևորությունը: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահը մոտ մեկ ամիս հետո կայցելի տարածաշրջան, նրա առաջին հանգրվան կլինի Էր-Ռիյադը:
Իսրայելցի ռազմական փորձագետն այս առումով կասկածում է, որ իրանա-ամերիկյան բանակցությունները Նաթանյահուի համար «կարող են վերածվել ծուղակի», քանի որ Թրամփն արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացման նպատակ ունի, իսկ Իրանի դեմ որևէ ռազմագործողություն «դրան բացահայտ դեմ կլինի»:
Այս ֆոնին խիստ կարեւոր է իրանա-ամերիկյան բանակցությունների նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշման հարցը: Անոնսավորված է, որ այս ամիս Իրանի նախագահ Փեզեշքիանը կայցելի Բաքու:
Բայց իշխող տպավորություն է, որ իրանա-ամերիկյան «պատմական հաշտությունը» ոչ մի առումով Ադրբեջանին ձեռնտու չէ: Եթե Իրանի միջուկային ծրագրի հարցում ԱՄՆ-ն «փոխզիջման տեղ ունի»,- ինչպես Օման մեկնելուց առաջ ասել է Դոնալդ Թրամփի անձնական ներկայացուցիչ Ուիթկոֆը, ապա փաստացի խարխլվում է ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան «քաղաքական դաշինքի» հեռանկարը:
Ըստ երևույթին՝ պատահական չէ, որ Նավրուզի տոնի առթիվ Իլհամ Ալիևին ԱՄՆ նախագահի հղած շնորհավորական ուղերձը Բաքուն հրապարակայնացրել է իրանա-ամերիկյան բանակցությունների մեկնարկին ընդառաջ:
Ադրբեջանական քարոզչությունը հատկապես ընդգծում է Դոնալդ Թրամփի այն միտքը, թե «անհամբեր սպասում է» Ալիևի հետ աշխատելուն: Այդ ուղերձում միաժամանակ բարձր են գնահատվում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը:
Թրամփի վարչակազմն Ադրբեջանի հետ աշխատելու է ա՞յդ ուղղությամբ: Իրանի հետ «գործարքն» աշխարհաքաղաքական ի՞նչ հեռանկար կբացի ԱՄՆ-ի համար և, ընդհակառակը, ի՞նչ կտա առճակատումը: Հայ-ադրբեջանական կարգավորումը նաև այդ «տրեկի՞ց է կախված»:
Բաց մի թողեք
Կրեմլի «Զատկի զինադադարը» անակնկալ էր, բայց այն «օդից չի ընկել»
ՌԴ հատուկ ծառայությունների մակարդակով ռուս-ադրբեջանական համագործակցությունը նաև «հայկական ուղղությո՞ւն ունի»
Թրամփը վերջնագիր է ներկայացնում Պուտինին, այլապես դուրս կգա բանակցությունից, սակայն ուր ․․․