ԱՄՆ ու Իրանի միջև բանակցության երկրորդ հանդիպումը կայանալու է գալիք շաբաթ օրը՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Ինչպես հայտնի է, առաջին հանդիպումը կայացավ Օմանում՝ ապրիլի 12-ին:
Այնտեղ բանակցեցին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը:
Հանդիպումից հետո հանրայնացված տրամադրությունները երկուստեք եղել են դրական: Դրականության մասին վկայում է թերևս նաև այն, որ պայմանավորվել են նոր հանդիպման մասին և այն տեղի է ունենում մեկ շաբաթ անց: Սակայն ուշագրավ է, որ հանդիպման վայրը փոխվում է և Օմանի մայրաքաղաք Մուսկատի փոխարեն ընտրված է Իտալիայի մայրաքաղաք Հռոմը:
Ավելին՝ տեղեկություն տարածվեց, որ փոփոխությունը պայմանավորված է Օմանի խնդրանքով: Ինչո՞վ է պայմանավորված փոփոխությունը, մանրամասներ գոնե առայժմ հայտնի չեն:
Բայց պատկերն ուշագրավ է և վկայում է նախ և առաջ այն հանգամանքի մասին, ինչի շուրջ խոսել եմ իրանա-ամերիկյան գործընթացի մեկնարկին: Երբ Թեհրանը խոսում է ԱՄՆ հետ «ոչ ուղիղ» բանակցության մասին, դա բոլորովին չի վերաբերում հանդիպման հարթակին, այլ, ըստ էության, հնարավոր գործարքի ձևաչափին, մասնակիցների շրջանակին: Ի դեպ, դրա մասին է թերևս վկայում և այն, որ Իրանի ԱԳ նախարար Արաղչին Հռոմում հանդիպումից առաջ կայցելի Մոսկվա:
Սա ուշագրավ է նրանով, որ ապրիլի 12-ի հանդիպումից առաջ էլ Ռուսաստան էր այցելել Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, որը Օմանում Արաղչիի հետ հանդիպումից մեկ օր առաջ Սանկտ Պետերբուրգում հանդիպեց ՌԴ նախագահ Պուտինի հետ:
Այդ ֆոնին, սակայն, առավել ուշագրավ է դառնում, որ ամերիկա-իրանյան բանակցության հարթակը տեղափոխվում է եվրոպական մայրաքաղաք: Դա պարզապես աշխարհագրակա՞ն երևույթ է, թե՞ նաև քաղաքական-բովանդակային:
Արդյո՞ք Թեհրանն այդպիսով փորձում է ապահովել եվրոպական որոշակի, թեկուզ սկզբի համար խորհրդանշական ներգրավվածություն, գործընթացի այսպես ասած բալանսավորվածության ավելի լայն պատկերի համար, այդ թվում հաշվի առնելով նաև ամերիկա-եվրոպական հարաբերությունների ներկայիս «մեխանիկան»:
Համենայն դեպս, անցումն Օմանից Հռոմ՝ հետաքրքիր է, ի՞նչ քաղաքների ցանկ ունեն Թեհրանն ու Վաշինգտոնը:
Բաց մի թողեք
Կրեմլի «Զատկի զինադադարը» անակնկալ էր, բայց այն «օդից չի ընկել»
ՌԴ հատուկ ծառայությունների մակարդակով ռուս-ադրբեջանական համագործակցությունը նաև «հայկական ուղղությո՞ւն ունի»
Թրամփը վերջնագիր է ներկայացնում Պուտինին, այլապես դուրս կգա բանակցությունից, սակայն ուր ․․․