«Մենք չենք ուզում հայտնվել մի վիճակում, երբ համաձայնում ենք մի բանի, ու մեկ-երկու տարի անց Հայաստանի օրենսդրության փոփոխության, կամ էլ Հայաստանում իշխանության փոփոխության պատճառով կանգնելու ենք նույն՝ 30 տարի առաջվա իրավիճակի առաջ, երբ հակամարտությունը սկսվեց, ու Նախիջևանի ինքնավար հանրապետությունը դարձավ այս իրավիճակի գերին:
Հենց այդ պատճառով էլ մեզ համար շատ կարևոր է, որ սա լինի անխոչընդոտ անցում՝ բոլոր անհրաժեշտ երաշխիքներով, որ այս իրավիճակն այլևս ենթակա չլինի», – Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում Կովկասի թեմայով պանելային քննարկմանը, Հայաստանի արտգործնախարարի մասնակցությամբ, հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը: Նրա այդ հայտարարությունը պանելային քննարկմանը չունեցավ հանգամանալից ծավալում, մինչդեռ դրա կարիքը, կարծես թե, կա, հասկանալու համար, թե ինչ է Ադրբեջանի ուզածը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, նույն քննարկմանը, որ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին կիրառել էլեկտրոնային տեխնոլոգիաներ, բավարարվել ապրանքների էլեկտրոնային հայտարարագրումով և սկաներներով, առանց այսպես ասած ֆիզիկական ստուգման, և այդպիսով արագացնել անցումը: Բայց, ըստ Արարատ Միրզոյանի, Բաքուն մերժում է դա: Սա զարմանալի չէ, եթե մենք ճիշտ ենք ընկալում Բաքվի ռազմավարությունն ու մարտավարությունը:
Այն է՝ Հայաստանից կորզել, ստանալ առավելագույն զիջումներ, քանի դեռ կա ուժային շանտաժի հնարավորություն և աշխարհաքաղաքական մթնոլորտային պատեհություն: Ընդ որում՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ առավել ևս Թուրքիայի համար բոլորովին ցանկալի չէ, որ Հայաստանով անցնող ճանապարհով անգամ էլեկտրոնային վերահսկողություն լինի այն բեռնափոխադրումների հանդեպ, որ փաստորեն իրականացվելու է «թյուրքական աշխարհի» միջև: Այլ կերպ ասած, Հայաստանը նրանք դիտում են միակ խոչընդոտ այդ «աշխարհի» միջև անարգել և առանց ավելորդ վերահսկող աչքի հաղորդակցության համար:
Ըստ այդմ՝ Հայաստանից թերևս մինչև վերջ պահանջվելու է առավելագույն զիջում՝ անխոչընդոտ ճանապարհի մասով: Ավելին՝ մեծ հավանականությամբ Բաքուն պահանջելու է այդ առնչությամբ թերևս միջպետական առանձին պայմանագիր՝ այսպես կոչված խաղաղության պայմանագրին զուգահեռ, որում այսպես ասած առավելագույնս խիստ պայմաններով կամրագրվի անխոչընդոտ ճանապարհի Հայաստանի պարտավորությունը:
Իհարկե, սա չի բացառում, որ իքս պահի Ադրբեջանը կարող է համաձայնել ավելի այսպես ասած «մեղմ» տարբերակների: Բայց Բաքուն դրան կարող է գնալ միայն ստիպված լինելու դեպքում, այլապես շարունակելու է գնալ առավելագույնի տրամաբանությամբ:
Բաց մի թողեք
Հայ-ադրբեջանական քննարկման «բաց բաղադրիչը»
Հայաստանն՝ ի դեմս Փաշինյանի, Մոսկվայի ցանկալի հյուրերի ցանկում չէ, ինչու է գնում շքերթի
Հայաստանից կորզել, ստանալ առավելագույն զիջումներ, քանի դեռ կա ուժային շանտաժի հնարավորություն