«Ֆրանսիան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությամբ»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բարոն:
Ադրբեջանն արագ արձագանքել է՝ Ֆրանսիայի նախարարի հայտարարությունը համարելով «կեղծավոր» և ասելով, թե Հայաստանին սպառազինություն մատակարարելը չի նպաստում խաղաղությանը: Այս ֆոնին տարօրինակ է Երևանի դիրքորոշումը:
Մի կողմից ՊՆ-ն հերթական տեղեկությունն է հայտնում, որ ադրբեջանցիները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը, մյուս կողմից նույն ՊՆ փոխնախարարը իրավիճակը գնահատում է կայուն, իսկ պատգամավորները՝ կառավարող ուժի, համարում են, որ սահմանին հանգիստ է: Այս «բազմավեկտոր» իրավիճակը վկայում է, որ այն, ինչ տեղի է ունենում, ըստ էության՝ ոչ այնքան ծավալվում է սահմանին, այլ քաղաքական հետնաբեմում:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսում է այն մասին, որ պետք է ավելացնել ԵՄ դիտորդների թիվը և ստորագրել խաղաղության պայմանագիրը: Սրանք, կարծես թե, «հակոտնյա» դիրքորոշումներ են, որովհետև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր կոչվածը ենթադրում է, որ ստորագրելուց հետո սահմանին չեն լինելու երրորդ ուժեր, այդ թվում՝ դիտորդներ:
Հետևաբար, եթե Ֆրանսիայի արտգործնախարարը խոսում է ԵՄ դիտորդների թվի ավելացման անհրաժեշտության մասին, ուրեմն նա որևէ իրական ակնկալիք չունի, թե մոտակա ժամանակահատվածում կարող է ստորագրվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր: Բայց այդ դեպքում ի՞նչ խնդիր կլուծի դիտորդների թվի ավելացումը:
Ֆիզիկական թվո՞վ է, որ նրանք հարց են լուծում կամ լուծելու, հատկապես, եթե նկատի առնենք, որ դիտորդները մշտական տեղակայման ռեժիմով չէ, որ աշխատում են, այլ ժամանակ առ ժամանակ մոնիտորինգի իրականացման: Թե՞ Ֆրանսիան դիտորդների կազմի ավելացման հարցն առաջ քաշելով փորձում է իր հերթին բարձրացնել խաղադրույքը, այն հայտարարությունից հետո, որ օրերս արեց Իլհամ Ալիևը:
Իսկ Ալիևը, անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի հայտարարությանը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների մասին, նշել էր, թե դա Եվրամիության գործը չէ։ Դրանից հետո Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտնում է մտահոգություն լարվածության առնչությամբ, որի առիթով էլ խոսում է դիտորդական առաքելության թիվն ընդլայնելու մասին:
Այլ կերպ ասած, «պատասխանում» է Ալիևին՝ ուղղակի, թե անուղղակի, որ «իրենց գործն» է: Կարձագանքի՞ Երևանը դիտորդների թվի վերաբերյալ Բարոյի հայտարարությանը:
Բաց մի թողեք
Ինչ եղավ սահմանազատումն ու սահմանագծումը, Ադրբեջանը գնում է պատերազմի
Տարածաշրջանի ողջ ներուժը կբացահայտվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. Կավելաշվիլի
Հայ-ադրբեջանական պայմանագիրն այլ բանի մասին չէ, քան լոկ Մինսկի խմբի լուծարման