19/04/2025

Ալիևին «զսպելու» հարցն ամենակարևորների՞ց է

Իրանը խնդրել է միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների մեղմացում:

Այդ մասին The Wall Street Journal-ին հայտնել է բանակցությունների մանրամասնություններին իրազեկ աղբյուրը: Նա նաև ասել է, որ առաջին փուլը նշանավորել է ավելի խորքային բանակցությունների սկիզբը և ավելացրել, որ դրանք կշարունակվեն այս շաբաթավերջին՝ ամենայն հավանականությամբ եվրոպական երկրներից մեկի մայրաքաղաքում:

Ավելի ուշ մամուլում տեղեկություն է հայտնվել, որ իրանա-ամերիկյան հերթական հանդիպումը կկայանա Հռոմում՝ ապրիլի 19-ին: Ընդ որում՝ ինչպես աղբյուրներն են մեկնաբանել, դա կապված չէ Օմանի նկատմամբ «կողմերի վստահության պակասի հետ»: Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել «լոգիստիկ նկատառումներով՝ հաշվի առնելով ԱՄՆ-Օման թռիչքի տևականությունը»:

Իսրայելական մամուլը, վկայակոչելով Ambaj Media կայքը, որ մասնագիտացած է Իրանի և Իրաքի հարցերում՝ հայտնում է, որ իրանցի քաղաքական աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը ներկայացրել է իրանա-ամերիկյան համաձայնագրի նախագիծը, որը չի նախատեսում Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ապամոնտաժում, ինչպես նաև բանակցությունների ձախողման դեպքում սպառնալիքներ չի պարունակում:

Թեհրանում նաև հայտնել են, որ մի քանի ժամ տևած բանակցություններից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին մի քանի րոպե ուղղակի շփվել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի հետ: Այդ խոսակցությանը ներկա է գտնվել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին: Այլ աղբյուրներ հավելել են, որ Արաղչին և Ուիթկովը հանդիպել և բաժանվել են ձեռքսեղմումով:

Իսրայելում, ինչպես մամուլն է ձևակերպում, խոր մտահոգություն ունեն, որ, ինչպես ռուս-ուկրաինական հակամարտության դեպքում, Իրանի միջուկային ծրագրի հարցում էլ Դոնալդ Թրամփը կարող է պատերազմի սպառնալիքը կանխելու զգուշավորություն ցուցաբերել և գնալ փոխզիջումային համաձայնագրի ստորագրման:

Իսրայելցի փորձագետ Արիե Զեյմանն այս առումով շատ ենթատեքստային դիտարկում է արել՝ իրանա-ամերիկյան բանակցությունների նշանակությունը մեկնաբանելով Բաքվի իշխանական լրատվամիջոցի համար:

Նա գտնում է, որ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը ներազդելու համար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն գործնական քիչ ռեսուրսներ ունի, բայց Իրանն էթնիկական առումով միատարր երկիր չէ, և Թեհրանի նկատմամբ ճնշում գործադրելու հնարավորություն կա:

Սա, ամենայն հավանականությամբ, ակնարկ է, որ եթե իրանա-ամերիկյան հնարավոր գործարքը ձեռնտու չէ նաև Ադրբեջանին, ապա Բաքուն կարող է Իրանում էթնիկ անջատողականություն հրահրել: Հարկ է ուշադրության առնել, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու որոշման հրապարակայնացմանը նախորդած շրջանում զանգվածային անկարգություններ են գրանցվել Իրանի հյուսիս-արևմտյան մի շարք քաղաքներում. էթնիկ ադրբեջանցիները բողոքում էին, որ կենտրոնական կառավարությունն «իրականացնում է ժողովրդագրական իրավիճակի փոփոխության քաղաքականություն և մտադիր է «Ադրբեջանում» քրդերի վերաբնակեցում իրականացնել»:

Կա՞, արդյոք, Իրանը «ներսից պայթեցնելու» իսրայելա-ադրբեջանական համաձայնություն: Բացառված չէ, որ նման քննարկումներ կայացել են: Բայց առկա իրավիճակում Ալիևը կգնա՞ նման քայլի:

Հայտնի է դարձել, որ Հռոմ մեկնելուց առաջ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին «խորհրդատվությունների նպատակով» կմեկնի Մոսկվա: Նա կքննարկի նաև Ալիևին «զսպելո՞ւ» հարցը:

Translate »