Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների:
Ի թիվս այլ հարցերի՝ Միրզոյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարների, այդ փաստաթղթի բովանդակության և այդ համատեքստում Ադրբեջանի կողմից հնչող պահանջների մասին:
Միրզոյանը թուրք լրագրողների խնդրանքով մեկնաբանել է նաև հարցը, թե որտեղ է կնքվելու խաղաղության համաձայնագիրը:
Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.
Հարց. Բանակցությունները շարունակվո՞ւմ են։ Ինչպիսի՞ առաջարկներ ունեք ստորագրության ժամկետի և վայրի վերաբերյալ։ Եվ արդյո՞ք Թուրքիան կարող է լինել այս իրադարձության հյուրընկալողը։
Արարատ Միրզոյան. Այո՛, ներեցեք, մոռացել էի այդ հատվածի մասին. կարծում եմ՝ կարևոր է բոլորի համար հասկանալ բոլոր նրբությունները, հակառակ դեպքում չեք ունենա ներկա իրավիճակի մասին հստակ պատկեր: Այո՛, մենք բանակցում ենք, որովհետև այլընտրանք չկա: Եթե մենք ունենք խաղաղության օրակարգ, ապա ի՞նչ այլընտրանք կարող է լինել բանակցություններին։
Այնպես որ բանակցությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները, ես չեմ բացառում որևէ բան: Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը: Չեմ բացառում որևէ տարբերակ:
Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե Թրամփի վարչակազմի հետ որևէ համագործակցություն արդյոք եղել է, պատասխանել է.
«Մենք ունենք շփումներ։ ԱՄՆ-ի նոր վարչակազմը ողջունեց մեր հայտարարությունները խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության վերաբերյալ։
Կարող եմ նաև ասել, որ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն՝ ուղղված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Մենք տեսնում ենք այդ ազդակները։ Եվ եթե դա ունենա դրական ներդրում, ապա՝ ինչո՞ւ ոչ»:
Նախարարը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների ներկա դինամիկայի մասին, հայտնել հանդիպումների և օրակարագի մասին մանրամասներ:
«Մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ, օդային տարածքի օգտագործումը կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից: Նաև երկու երկրները երկկողմանիորեն, համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը սահմանին է: Մի քանի օր առաջ երկու երկրների տարբեր գերատեսչությունների մասնագետները հանդիպել են Թուրքիայում, և նպատակն է կրկին սահմանի վրա գտնվող Անիի պատմական կամրջի վերականգնումը: Կան մի շարք այլ ծրագրեր:
Այսինքն՝ գործընթացը շարունակվում է, տեղի են ունենում զարգացումներ։ Միևնույն ժամանակ չեմ կարող չնշել, որ կան նաև պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել: Օրինակ՝ մենք ունեինք պայմանավորվածություն՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Ցավոք, այս պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել»,- ասել է Միրզոյանը՝ նշելով, որ միաժամանակ երկու կողմերն ունեն ընդհանուր ըմբռնում, որ վերջնական նպատակն է հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի ամբողջական բացումը։
Ըստ նախարարի՝ հետաքրքիր զուգադիպությամբ ինքն ու նախարար Ֆիդանը պատվիրակությունների հետ քննարկել են հնարավորություններ, որոնք կարող են նպաստել հարաբերությունների կարգավորմանը։
«Այսինքն՝ ես սա ասում եմ ընդգծելու համար, որ մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանն իբրև նպատակ ինքնին, այլև մեծածավալ առևտրին, որն իրական հնարավորություն է երկու երկրների միջև։ Քննարկել ենք նաև համատեղ էներգետիկ նախագծեր, տարանցման հնարավորություններ։ Ավելին, անդրադարձել ենք միջազգային հարթակներում համագործակցության թեմային, քանի որ իրականությունը ցույց է տալիս, որ որոշ հարցերում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի վերաբերյալ, մեր ընկալումները երբեմն ավելի մոտ են, քան կարող է թվալ։ Այսինքն՝ կան բազմաթիվ հնարավորություններ»,- ասել է նախարարը:
Բաց մի թողեք
Նման պնդում անողը պետք է բժշկի դիմի, քանի որ իրականությունը բոլորին հայտնի է․ Ալեն Սիմոնյան
ԱԺ այգում ազատ ձևաչափով հետաքրքիր քննարկում ծավալվեց, լսեցի երիտասարդներին հուզող հարցերը. Ալեն Սիմոնյան. Լուսանկարներ
Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին ու ետնամուտքով հեռացել. Լուսանկարներ