Հանրության հետ կապերի ամերիկա–իսրայելական կոմիտեի (AIPAC) գլխավոր գործադիր տնօրեն Էլիոթ Բրանդտը հայտարարել է, որ «ազդեցություն ունի» ԱՄՆ անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:
Նա նշել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռետկլիֆի և պետական քարտուղար Մարկո Ռուբիոյի անունները, որոնք «պաշտպանում են Իսրայելի շահերը»:
Այդ մասին գրում է Թուրքիայի «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան The Grayzone անկախ պարբերականին, որի տրամադրության տակ է հայտնվել այս տարվա AIPAC –ի առաջին դռնփակ նիստում Բրանդտի զեկույցի ձայնագրությունը: ԱՄՆ-ում հրեական լոբբիի գլխավոր դեմքը, ըստ այդմ, բացահայտում է, որ նշված գործիչների հետ աշխատել սկսել են դեռևս Կոնգրեսից, ինչի շնորհից տիրապետում են գաղտնի տեղեկությունների:
Հրեական լոբբիի կողմից «հավաքագրվածների» շարքում նա նշել է նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ուոլցին:
Նա հայտարարել է, որ Կոնգրեսում լոբբիստական գործունեության շնորհիվ կարորղ է ԱՄՆ անվտանգության և արտաքին քաղաքականության բնագավառներում պաշտոնի հասցնել իսրայելամետ գործիչների, որոնց նախընտրական քարոզչությունը հենվել է իսրայելական դոնորների հատկացումներին: Պարզ ասած, հրեական շրջանակները ֆինանսավորել են նրանց քաղաքական գործունեությունը:
Ամենակարևորը, թերևս, այն է, որ Բրանդտը հավաստիացրել է, որ կատարված և շարունակվող լոբբիստական գործոնեության շնորհիվ Սպիտակ տունն Իսրայելին վերաբերող հարցերում «Կոնգրեսի նկատմամբ ստիպված կլինի զգայուն վերաբերմունք ունենալ»:
Տեղեկատվական նման արտահոսքերը երբեք պատահական չեն կազմակերպվում: Իսրայելական մամուլն անհանգստություն է հայտնում, որ Դոնալդ Թրամփը՝ զգուշանալով լայնածավալ պատերազմի սպառնալիքից, կարող է Իրանի հետ կնքել գործարք, որ հրեական պետության համար սպառնալիք կներկայացնի:
Ըստ տեղեկությունների՝, ԿՀՎ տնօրեն Ռետկլիֆը գործուղվել է Երուսաղեմ, որպեսզի Նաթանյահուին ներկայացնի Իրանի միջուկային ծրագրի հարցում Սպիտակ տան դիրքորոշումը:
Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը լրագրողներին պարզաբանել է, որ Դոնալդ Թրամփից մի հանձնարարական ունի՝ հասնել Իրանի միջուկային ծրագրի «ապամոնտաժմանը, որպեսզի Թեհրանը երբեք միջուկային զենք չունենա»: Ըստ որոշ տեղեկությունների՝ ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է «ունեցած ուրանի բոլոր պաշարները փոխանցել Ռուսաստանին»:
Ի՞նչ ընթացք կունենան իրանա-ամերիկյան բանակցությունները, որ արդեն իսկ ակնհայտորեն շաղկապվում են Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան «գործարքին»՝ ցույց կտա շաաբթավերջին կայանալիք՝ Ուիթկոֆ-Արաղչի երկրորդ հանդիպումը:
Ավելի կարևոր է, որ, ինչպես թուրքական «Անադոլուն» է փոխանցում, ԱՄՆ-ում իսրայելական լոբբիի գլխավոր դերակատար Բարնդտն ուշադրություն է հրավիրել «ակադեմիական շրջանակների հետ աշխատանքի կարևորության վրա»:
Նա ներկայացրել է հեռանկար, երբ հինգ տարի հետո այս կամ այն հարցում որոշում ընդունելու համար ԱՄՆ Կոնգրեսը կդիմի արհեստական բանականությանը, իսկ վերջինս հիմք կընդունի այն տեղեկատվությունը, որ առկա կլինի համացանցում: Բարնդտն այս դեպքում նկատի է ունեցել Իսրայելի մասին ակադեմիական տեղեկույթի ձևավորումը, բայց պարզ է, որ նման «դիագնոստիկան» վերաբերում է բոլոր երկրներին, միջազգային քաղաքականության կարևոր հարցերին:
Այս առումով ո՞րն է Միացյալ Նահանգներում կամ Ֆրանսիայում, կամ միջազգային կառույցներում հայկական լոբբիստական կազմակերպությունների խնդիրը: Հայաստանում և արտերկրում ի՞նչ որակի և ծավալի տեղեկույթ է ձևավորվում, որ վաղը կարող է արհեստական բանականության կողմից Հայաստանի վերաբերյալ քաղաքական որոշում ընդունելու խորհրդատվության հիմք հանդիսանալ: Այս և դրանից ածանցվող հարցերը քննարկվո՞ւմ են, լուծումներ ծրագրվո՞ւմ են:
Վերջին օրերին հայկական զայրույթի և դժգոհության հերթական պոռթկումը դրսևորվեց Վատիկանում Ադրբեջանի «քրիստոնեական ժառանգության» մասին գիտաժողովի առթիվ:
Բայց ի՞նչ է արել հայկական պատմագիտությունը, որպեսզի չեզոքացնի Ադրբեջանի նկրտումները, համացանցում այդ հարցի շուրջ հայկական տեսակետը հիմնավորող քանի՞ գիտական աշխատություն կա, որ հասանելի է նաև օտարալեզու գիտական շրջանակներին:
Իսրայելի՝ որպես կայացած ազգային պետության, օրինակը հեշտ է վկայակոչել, իսկ թե դրան հասնելու, այդ կարգավիճակը պահելու համար հրեական կազմակերպություններն աշխարհով մեկ ինչ քրտնաջան և համակարգված աշխատանք են տանում՝ այստեղ արդեն հայկական իրականությունը լռում է:
Բաց մի թողեք
Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան
Թուրքիա՞ն է հրաժարվել ադրբեջանական նավթը Ջեյհանից իսրայելական նավահանգիստներ հասցնել
«ԽՍՀՄ-ը դեռևս գոյություն ունի. Խորհրդային Միության փլուզման իրավական ընթացակարգը խախտվել է». Պուտինի խորհրդական