19/04/2025

Դեբեդը վարարում է, մարդիկ անհանգստանում են, նորից ջրհեղեղ չլինի

Նախորդ տարվա մայիսին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներից հետո Լոռու և Տավուշի մարզերում առաջացել էր արտակարգ իրավիճակ։ Այնտեղ մի շարք համայնքներ հայտարարվել էին աղետի գոտիներ։

Աղետի հետևանքները վերացնելու նպատակով կառավարությունն օդանդակել է տուժած բնակիչներին։ Ընդ որում, օժանդակությունը եղել է դրամական աջակցության տեսքով։ Գույքագրվել է վնասը, հաշվարկվել է բնակարանների վերանորոգման և նոր գույքի ձեռք բերման գումարը, սակայն բախշումը դեռևս ավարտին չի հասցվել։ Ալավերդու համայնքապետարանի աշխատակիցը փոխանցել է, որ գործընթացը շարունակվում է․ «Տարբեր բնակավայրերում կան ընտանիքներ, որոնք դեռևս աջակցություն չեն ստացել, քանի որ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեն, որոշները՝ սեփականության վկայականի։ Սակայն, այդ գործընթացը դեռ ընթացքի մեջ է, բոլորն էլ կստանան իրենց վնասի չափը»։

Քարկոփ, Ախթալա բնակավայրերի և Ալավերդու Սանահին կայարան թաղամասի բնակիչները թեպետ ստացել են գումարը, սակայն, դժգոհ են հաշվարկներից․ «Իրենց տրամադրած գումարով տունը մեր ուզած ձևով վերանորոգելն անհնար է, այսինքն, նախկին տեսքի բերելը և կահավորելն իրականացվել է մեր միջոցներով, նորից վարկ ենք ձևակերպել, որ գույք ձեռք բերենք»։

Ալավերդին և հարակից գյուղերն իրար կապող Դեբեդ գետի վրա կառուցվող հիմնական կամուրջների շինարարությունը դեռ չի սկսվել։ Ժամանակավոր կամուրջները վստահելի չեն։

Գյուղացիներն ահազանգում են․ «Գիժ Դեբեդի վարարման շրջանն է»․ «Մի տարի է անցել, բայց աղետի գոտին համարյա նույն վիճակում է։ Անշնորհակալ կլինեմ, եթե չասեմ՝ այո, գործեր արվել են, օգնություններ ստացել ենք, վնասված գույքի, անասնագլխաքանակի, տրանսպորտային միջոցների, այգիների համար փոխհատուցում տվել է պետությունը, բայց քանի դեռ վտանգը վերացված չէ, նշանակում է ոչինչ էլ չի արվել։ Գետը նորից վարարում է, վախենում ենք էս մեկ տարվա ընթացքում կառուցածը նորից կորցնենք։ Մեզ ամեն օր ասում են մրցույթները վերջացել են, հաղթող կազմակերպությունը կա, բայց շինարարություն դեռևս չի ընթանում»։

Translate »