19/04/2025

Վարդան Ղուկասյանը 2026 թ.-ին կարող է գլխավորել ՀՅԴ ցուցակը. Հետո՞ ինչ, որ ժամանակին ալերգիա ուներ շիրակցի դաշնակներից

«Եկավ աշխատելու ժամանակը»,- Գյումրիի քաղաքապետ դարձած Վարդան Ղուկասյանին նախօրեին այսպիսի հորդոր-մաղթանք հղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գառնիկ Դանիելյանը, որն իր մեկ այլ գործընկերոջ՝ Մհեր Մելքոնյանի հետ որպես «էմիսար» գործուղվել էր «հայրաքաղաք»՝ սեփական աչքերով տեսնելու ու համոզվելու հրաշքի գոյությանը՝ ընդդիմությունը վերջապես կարողացավ միասնական գտնվել ու հազիվհազ իշխանափոխություն անել մեկ առանձին վերցրած տարածքում՝ «գետնելով» ՔՊ-ին։

Սա, ընդդիմության ընկալմամբ, չտեսնված, չլսված բան է՝ հաշվի առնելով իշխանափոխություն անելու նախորդ դառը փորձը՝ «տավուշափրկիչ», «դիմադրիչ», «հայրենափրկիչ» և այլ շարժումների տեսքով։ Ուստի Գյումրիում տեղի ունեցած «պատմական իրադարձությունը», երբ կրիմինալ անցյալով սուբյեկտը դառնում է ընդդիմության հաղթանակի սիմվոլ, ոսկե տառերով պետք է գրվի սերժաքոչարյանական ընդդիմության կենսագրության մեջ։

Կենսագրություն ասացինք, հիշեցինք. երբ Սերժ Սարգսյանն ու նրա նախորդն էին իշխանության, բոլոր մակարդակի և հատկապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ պերմանենտ հաղթում էին իշխող կուսակցության, մեկումեջ էլ «կոալիցիոն գործընկեր» կուսակցությունների ներկայացուցիչները։ Ընդդիմության ներկայացուցիչ թեկնածուները, որպես կանոն, կամ չէին առաջադրվում՝ զուր ժամանակ, նյարդեր ու ֆինանսներ չվատնելու համար, կամ էլ ընտրություններին մասնակցելուց հետո բախվում էին «վզակոթդ կտեսնես, բայց համայնքապետ չես դառնա» դաժան վերդիկտին։ Ի դեպ, նույն Վարդան Ղուկասյանը չորս «սռոկ» պաշտոնավարել է քաղաքապետի պաշտոնում, համայնքներ էլ կան, որտեղ ՀՀԿ-ական գյուղապետերը ուղիղ քառորդ դար պաշտոնավարել են՝ ուզուրպացնելով գյուղապետի աթոռը։ Ինչևէ։ Քանի որ Սերժի ու Քոչարյանի օրոք գոյություն ունեցած ընտրական ավանդույթներն այլևս անցյալում են, դառնանք նախօրեի միջոցառմանը։

Եվ ուրեմն, տավուշափրկիչ Դանիելյանը, սիրտը թունդ առած Սարոյի կերպարի մեջ մտած, «Անուշին»՝ Վարդան Ղուկասյանին, իր սրտի ասելիքը հայտնելուց հետո անցավ իր մյուս առաքելությանը՝ կամերաների առաջ «պատմական իրադարձությունը» մեկնաբանելուն։ Նա, բնականաբար, նորից խոսքը համեմեց ՔՊ-ի մասին զրպարտչական հայտարարություններով, թե՝ ընտրակեղծիքներով, վարչական ռեսուրսի, բռնության գործադրմամբ այդպես էլ չկարողացան հասնել իրենց նպատակին (համոզված ենք՝ Դանիելյանը իր ասած «ընտրակեղծիքների» հարցով չի դիմել իրավապահներին, քանի որ բլեֆ է անում)։ «Սա հրաշալի օրինակ ա ՀՀ-ի համար, թե ոնց կարա միասնական ընդդիմությունը ջախջախի, տապալի, գետնի «Քաղաքացիական պայմանագրին»։ Եվ դրա համար ես շատ ուրախ եմ ու շնորհավորում եմ բոլորին, էն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ պայքարել են էս ռեժիմի դեմ, որը թուրք-ադրբեջանական շահերն ա սպասարկում»,- ազդարարեց ընդդիմության հաղթանակից գերդոզավորում ստացած սուբյեկտն ու «պեչատեց»՝ Գյումրիում տեղի ունեցածը մեր երկրում «գլոբալ փոփոխությունների նախանշանն ա»։

Երբ Դանիելյանն այս միտքն արտածում էր, Վարդան Ղուկասյանը դեռ չէր արել իր քաղաքական կարիերայի թերևս ամենացնցող հայտարարությունը՝ կողմ է, որ ՀՀ-ն Բելառուսի օրինակով դառնա «Միութենական պետության» մաս, քանի որ… օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ։ Հետևապես. «Да здравствует созданный волей народов, Единый, могучий Советский Союз!»

Նկատենք, որ պատահական չէ, որ ՀՅԴ-ն, «Հայաստան» դաշինքն ու դրա փաստացի ղեկավար Ռոբերը Քոչարյանն են Վարդան Ղուկասյանի կուրատորը։ Կուսակցություն, որն իր հայտնի 004 շրջաբերականում կողմ էր արտահայտվել ՌԴ-ի կողմից նախաձեռնվելիք հավանական նոր միությանը ՀՀ-ի և Արցախի միանալուն։ Ինչպես նախօրեին իր ելույթում հիշեցրեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը. «Իրենց աջակցությամբ Գյումրիում քաղաքապետ ընտրված կոմունիստ, հավատացյալ (ինչը նոր խոսք է համաշխարհային քաղաքագիտության մեջ) Վարդանիկը կողմ է, որ Հայաստանը Բելառուսի օրինակով դառնա Միութենական Պետության մաս, ինչը, ի դեպ, ՀՅԴ 004 շրջաբերականի ուղիղ իրագործումն է»։ Նկատենք՝ Ռուբինյանի ելույթի ընթացքում դահլիճից ռեպլիկ հնչեց, թե՝ ՀՅԴ-ն ի՞նչ կապ ունի կոմունիստների հետ, ինչին ի պատասխան ԱԺ փոխնախագահն ասաց. «Դուք համագործակցել եք երիտթուրքերի հետ, սուլթանի հետ, դուք համագործակցել եք հնչակների հետ, կոմունիստների հետ, Հանրապետականների հետ, ՔՊ-ի հետ էլ փորձում էիք համագործակցել, բայց կեսից որոշեցիք, որ մենք ձեր ավանդական կոալիցիոն գործընկերների պես չենք, և որոշեցիք գնալ ձեր ճանապարհով»։

Ի դեպ, Վարդան Ղուկասյան-ՀՅԴ տեսակետների ակնբախ նմանությունն ու արտաքին քաղաքական «սիմպատիաները» հաշվի առնելով՝ կառուցողական առաջարկ ունենք 135-ամյա կուսակցությանը՝ Դանիելյանի ասածի հանգույն «գլոբալ փոփոխություն» անել ՀՅԴ-ի՝ ապագային միտված պլաններում՝ 2026-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ռուսասեր Ղուկասյանին վերապահել ընտրական ցուցակը գլխավորելու պատիվը՝ իբրև վարչապետի պոտենցիալ թեկնածու։ Հատկապես որ ինքը՝ Ղուկասյանն էլ, նման ակնարկ արել է. «Եթե շատ մարդիկ, որոնց չի ընտրում ժողովուրդը, եթե իրենք կանչեն ու ասեն, այո, մենք գտնում ենք, որ դու պետք է ստանձնես էդ պարտականությունը, իրանք համաձայնություն տան և իմ կողքին կանգնեն՝ այո՛»։ Մի կարևոր նյուանս էլ. ՀՅԴ-ի սերն առ Վարդան Ղուկասյան իրեն զգացնել տվեց դեռ ՏԻՄ ընտրություններից առաջ. երբ փետրվարի վերջին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահը իրավապահների կողմից բերման ենթարկվեցին, ՀՅԴ Գյումրու կոմիտեն շտապեց ստանձնել նախկին քաղաքապետի պաշտպանությունը՝ խստորեն դատապարտելով տեղի ունեցածը. «Երկիրը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած օրվա իշխանությունները շարունակում են քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ոտնահարումը՝ փորձելով Գյումրիում ստեղծել վախի մթնոլորտ: Ցանկացած թեկնածուի նկատմամբ այսպիսի գործողությունները փաստում են գործող ռեժիմի ոչ լեգիտիմ լինելու և ժողովրդավարության հիմք հանդիսացող ընտրական գործընթացի նկատմամբ ունեցած խորը անարգանքի մասին»,- նշված էր Կոմիտեի տարածած հայտարարության մեջ։

Նկատենք, որ տարիներ առաջ, երբ Ղուկասյանն այլևս ՀՀԿ-ական չէր, մամուլը գրել էր, թե Ղուկասյանի մեքենան հաճախ են տեսնում Գյումրիի ՀՅԴ կառույցի առջև, խոսակցություններ կային, թե վերջինս, գուցե, մտադիր է անդամագրվել ավանդական կուսակցությանը։ Ի դեպ, մինչև այս պահը Գյումրիի քաղաքապետն անկուսակցական է և պնդում է, որ քաղաքական հենարան չունի։

Հ.Գ. Ուշագրավ է, որ 2003-ին Շիրակի մարզպետ ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308 (պաշտոնական լիազորությունների չարաշահում) և 314 (պաշտոնական կեղծիք) հոդվածներով քրեական գործ հարուցվեց Շիրակի մարզային դատախազությունում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ։ Մեկ տարի անց, սակայն, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործը կարճելու որոշում կայացրեց: Որ այդ գործը պետք է այսպիսի ավարտ ունենար, ինչպես այդ օրերի մամուլն էր գրել, պարզ դարձավ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Գյումրի կատարած այցի օրը: Մարզպետարանում հրավիրած ասուլիսի ժամանակ վերջինս նշել էր, թե մարզպետին ու քաղաքապետին պաշտոնանկ անելու մասին խոսակցությունները հիմնավոր չեն, ու գոնե արտաքուստ նրանց հակամարտությունը հաջողվել է հարթել: Լավատեղյակ աղբյուրները, սակայն, պնդում էին, որ գործը կարճելու որոշումն իրականում կայացվել է նախագահական նստավայրում: Այդ ողջ ընթացքում հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս, անդրադառնալով քրեական գործին, Վարդան Ղուկասյանը հայտարարում էր, որ ինքը «կույս աղջկա նման մաքուր է», ՀՅԴ-ական մարզպետն էլ բազմանշանակ ակնարկում էր, որ քաղաքապետին դատախազության կողմից մեղադրանք առաջադրելու դեպքում ինքը նրան անվստահություն հայտնելու խնդրանքով կմտնի կառավարություն:

Գյումրու քաղաքապետը, նկատենք, այդպես էլ յոլա չգնաց Ռոմիկ Մանուկյանի հետ, ավելին՝ «ալերգիա ուներ» շիրակցի դաշնակցականներից՝ դարձյալ այդ օրերի մամուլն է վկայում։ 2012-ին՝ ԱԺ ընտրությունների նախօրեին, քաղաքապետը հեռուստատեսությամբ հերթական անգամ խայտառակեց նախկին մարզպետին՝ նրան սատանա անվանելով:

Մի ունիկալ բան էլ՝ 2012-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում քաղաքի երկու հայտնի՝ Ղուկասյանի ու Մարտուն Գրիգորյանի գերդաստանները, որոնք «պապենական թշնամիներ» էին, սատարում էին նույն թեկնածուին՝ ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանին: Բայց քաղաքապետ դարձավ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածուն՝ Սամվել Բալասանյանը։

Հեղինե Մանուկյան

Translate »