Վարդան Ղուկասյանը երդմնակալությամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը: Գյումրիի ընտրական գործընթացը, ըստ էության, հնարավոր է դրանով համարել ավարտված, թեև հանրապետության երկրորդ քաղաքում այսպես ասած քաղաքական ինտրիգը գուցե թևակոխում է պարզապես նոր փուլ:
Գյումրիի ընտրական գործընթացի առնչությամբ, սակայն ամենից էականը, թերևս, այն է, որ գործընթացն ակնառու կերպով ի ցույց դրեց Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած փոփոխություններից հետո քաղաքական ռեֆորմացիայի խնդրի լիակատար ձախողման, տապալման մասին:
2018 թվականից հետո իշխանության եկած կառավարող ուժը ոչ միայն չիրականացրեց քաղաքական ռեֆորմ, այլ, ըստ էության, չդրսևորեց անգամ դրա գործուն ցանկություն: Հետագա ընթացքը ցույց տվեց, թե ինչու:
Ունենալ մրցակից նախկին կառավարող համակարգը, քաղաքական նոր իշխանության, կառավարող նոր ուժի համար գրեթե իդեալական տարբերակն էր, որն է պահպանվեց, ըստ էության, ամեն գնով: Եվ թերևս պահպանվում է առ այսօր:
Իհարկե, բոլորովին այնպես չէ, որ կենսագործունեության բոլոր այլ ուղղություններով իրականացվել են ռեֆորմներ: Խոշոր հաշվով, ձևից զատ, Հայաստանում չի իրականացվել բովանդակային եւ որևէ արդիականացում:
Քաղաքական համակարգը այստեղ բացառություն չէ: Ընդ որում՝ արդիականացման, ռեֆորմացիայի տոտալ բացակայությունը թե՛ ցանկության, թե՛ նաև կոմպետենտության հարց է: Չկա թե՛ մեկը, թե՛ մյուսը: Հետևանքը այն է, որ Հայաստանում 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը հանգեց ընդամենը բանալ իշխանափոխության:
Մինչդեռ, 2018-ի փոփոխությունների արժեքն ու արդյունավետությունը կարող էր լինել միայն որակական, խորքային արդիականացման գործընթացում՝ սկսած հասարակական հարաբերություններից, մինչև տարբեր համակարգեր, կենսագործունեության տարբեր ոլորտներ:
2018-ին Հայաստանը մի կետում էր՝ բոլոր առումներով, որ այդ կետից էական շրջադարձի համար լոկ իշխանափոխությունը չէր կարող լիներ բավարար, պետք էր համապարփակ ռեֆորմացիայի գործնական ընթացք:
Դա տեղի չունեցավ, ինչի հետևանքը եղավ այն, որ առաջացած բացառիկ հնարավորությունը հանգեց ողբերգական կորուստների, իսկ ներքին կյանքում ամրապնդվեց «նախկին-ներկայի» քաղաքական համակարգը, որը գործող իշխանությունը դիտարկեց կորուստների համար պատասխանատվությունից խուսանավելու և քաղաքական իշխանության դիրքերը պահելու ամենահարմարավետ տարբերակը:
Գյումրին, այդ իմաստով, ըստ էության կարող է տեղավորվել «մասը զիջելու գնով ամբողջը պահելու» տրամաբանության մեջ: Իհարկե, ժամանակը և իրադարձությունները ներկայումս շատ արագ են ամբողջ աշխարհում, և չկա որևէ երաշխիք, որ այդ տրամաբանությունը կարող է արդարանալ մինչև 2026 թվական: Բայց թերևս մի բան է կասկածից վեր, որ 2026 թվականի ընտրական գործընթացում դարձյալ կգերակշռի «նախկին-ներկա» համակարգը:
Բաց մի թողեք
Եվրամիության առաջատար երկրները նախընտրելու են Թուրքիայի հետ հարաբերությունների գործնական նշանակությունը
Հայաստանի կառավարության որոշումը Հնդկաստան – Պակիստան կոնֆլիկտի ֆոնին
Փարիզը և Անկարան կգործակցեն Սիրիայի հարցում, թե՞ …