24/04/2025

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի երդմնակալությունը, ՔՊ ավագանիներից միայն մեկն էր ներկա

Փարաքարի մշակույթի պալատում տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ, Միասնություն դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։

Լեփ լեցուն դահլիճում միայն մեկ ՔՊ-ական ավագանու անդամ կար` իշխանականները, ինչպես Գյումրիում, այստեղ էլ էին բոյկոտել համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը։

Ապրիլի 16-ին էլ նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ՔՊ-ն չէր եկել, չնայած վերցրել են ավագանու մանդատները, եւ մասնակցելու են Փարաքարի կառավարմանը` որպես ընդդիմադիր խմբակցություն։

Չմասնակցելու պատճառը պարզ է՝ իշխանությունը չի կարողանում մարսել հերթական պարտությունը։

Երդմնակալության արարողության ավարտից հետո ներկաները մոտեցան ֆուրշետի սեղանին` բաժակ բարձրացնելու եւ Վալոդյա Գրիգորյանին շնորհավորելու։ Ներկա էր ՔՊ-ի ավագանու անդամ Արմինե Հակոբյանը, թեեւ նա չցանկացավ խոսել տեսախցիկի առջեւ։ Նշենք, որ Ա. Հակոբյանն աշխատում է Թաիրովի բուժամբուլատորիայում։

Վալոդյա Գրիգորյանը մեզ հետ զրույցներում բազմիցս նշել է, որ չի պատրաստվում աշխատանքից ազատել նրանց, ովքեր իր դեմ են պայքարել՝ լինելով ՔՊ-ական․ «Համայնքապետարանում աշխատում են փարաքարցիներ, եւ ես չեմ պատրաստվում ազատել աշխատանքից այն մասնագետներին, ովքեր բարեխղճորեն կշարունակեն իրենց աշխատանքը»։