Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ի պատասխան «Արմենպրեսսի» հարցի, անդրադարձել է սահմանազատման ու սահմանագծման գործընթացին՝ ասելով, որ հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա:
«Կողմերն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ և առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ»,- հայտնել է Գրիգորյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Երևանն առաջարկներ է ներկայացրել Բաքվին, որոնց վերաբերյալ դեռևս չկա արձագանք: Փորձը ցույց է տվել, որ եթե Երևանն առաջարկներ է ներկայացնում Ադրբեջանին այս կամ այն հարցի վերաբերյալ, ուրեմն դրանից առաջ Ադրբեջանը ներկայացրել է միակողմանի պահանջներ:
Օրինակ, Երևանը հայտարարում է, որ առաջարկներ է ներկայացրել ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, որից առաջ Ադրբեջանը ներկայացնում էր, և, ըստ էության, առ այսօր ներկայացնում է «միջանցքային» պահանջներ:
Ըստ այդմ՝ մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում սահմանազատման ու սահմանագծման առնչությամբ: Ինչպիսի՞ն են դրանք, թերևս հնարավոր է անել տարբեր ենթադրություններ:
Մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ կողմերը պայմանավորվել են աշխատանքն իրականացնել հյուսիսից հարավ, այսինքն՝ Տավուշի հյուսիսային կետից, մինչև Սյունիքի հարավային կետ: Դրանից էլ առաջ կողմերը հաստատել էին կանոնադրությունը, որով պետք է աշխատեն հանձնաժողովները:
Թվում է, թե ամեն ինչ պատրաստ է աշխատանքը սկսելու համար, բայց աշխատանքը ոչ միայն չի մեկնարկել, այլ կողմերը դեռ քննարկում են, թե ինչպես պետք է կազմակերպել աշխատանքը: Դա էլ հիմք տալիս եզրակացնելու, որ գործ ունենք «ավանդական» դարձած պատկերի հետ՝ Ադրբեջանը դնում է պահանջներ, Հայաստանը փորձում գտնել դրանց «հողանցման» մեխանիզմներ:
Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Երևանի փնտրտուքը շատ հաճախ ավարտվում է ադրբեջանական պահանջներին «ադապտացվելով»: Եվ կա մտահոգություն, որ այդ ռիսկն առկա է նաև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի առումով:
Համենայն դեպս, հանրությունն իրավիճակը գնահատելու առավել ստույգ հնարավորություն կունենար, եթե պարզ լիներ, թե ի՞նչ հարցում է Հայաստանի ու Ադրբեջանի անհամաձայնությունը, որի պատճառով ձգվում է սահմանազատման ու սահմանագծման աշխատանքի մեկնարկը:
Ընդ որում՝ հաճախ կիրառվում է շարունակություն ձևակերպումը՝ մատնանշելով Կիրանցի ուղղությամբ տեղի ունեցածը նախորդ տարի ապրիլ-մայիսին: Բայց Կիրանցում տեղի ունեցածը որևէ ընդհանուր բան չունի սահմանազատում-սահմանագծում երևույթի հետ, այլ ընդամենը եղել է Ադրբեջանի պահանջով տարածքի «վերադարձ» և փշալարի ու պատի կառուցում:
Բաց մի թողեք
Ադրբեջանը՝ և ԵՄ և Չինաստանի ուշադրության ներքո է, անգամ շահեր են բախվում՝ ով ավելի շատ, իսկ Հայաստանը
Կրեմլի «Զատկի զինադադարը» անակնկալ էր, բայց այն «օդից չի ընկել»
ՌԴ հատուկ ծառայությունների մակարդակով ռուս-ադրբեջանական համագործակցությունը նաև «հայկական ուղղությո՞ւն ունի»