Ապրիլի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ռաբիս երգիչ Թաթուլ Ավոյանի հոբելյանական մենահամերգը՝ «Թաթուլ եւ ընկերներ» խորագրով։
Համերգը նվիրված էր նրա 60-ամյակին։ Երեկոյի ընթացքում Թաթուլը ներկայացրել է իր ամենահայտնի ռաբիս երգերը, այդ թվում՝ «Դառնացել է այս աշխարհը», «Խաչին մոտ», «Մայրիկ», «Քեֆ-քեֆ», «Ջան Հայաստան», «Պապիկ եմ դարձել», «Իմ ախպերը» եւ այլն։
Համերգին մասնակցել եւ երգել են նաեւ Թաթուլի ընկերները՝ Էմիլ Պողոսյանը, Նանան, Վլեն, Կամո Սեյրանյանը, նրա որդին՝ Լեւոն Սեյրանյանը, DJ Davo-ն, երգիչ Մանչը, Մարի Կիրակոսյանը, Վահան Զաքարյանը, Կարեն Գեւորգյանը, Սպարտակ Առաքելյանը (Հրազդանցի Սպոն), Գագիկ Ստեփանյանը եւ այլք։ Դահլիճը լեփ-լեցուն է եղել` համերգին ներկա է եղել ավելի քան 12 հազար մարդ, ինչը Հայաստանի պայմաններում զարմանալի թիվ է:
Ճանաչված երգիչների պարագայում անգամ Համալիր «լցնելը» բավականին դժվար գործ է, նույնիսկ` անհնար, նույնիսկ նրանք, ովքեր ունեն բարձր երաժշտական ճաշակ, ինքնատիպ ոճ ու երգացանկ, 500 հոգանոց դահլիճներ չեն կարողանում լցնել: Ռաբիս երգի կարկառուն ներկայացուցիչ Թաթուլը ռեկորդ է սահմանել, ինչն իրարանցում է առաջացրել համացանցում:
Շատերը քննադատում են, որ հայ ժողովրդի գեղագիտական ճաշակն այս աստիճան ընկել է, ոմանք էլ այն կարծիքին են, որ պետք է հարգել մարդկանց ազատ ընտրության իրավունքը, որ եթե նախընտրում են Թաթուլ լսել, թող լսեն, ի՞նչն է խնդիրը: Նշենք, որ տոմսերի արժեքը 5000-30 հազար դրամի սահմաններում էր:
Հայ ժողովրդի երաժշտական ճաշակի, ռաբիսի հանդեպ հետաքրքրության մասին «Հրապարակը» զրուցել է կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի հետ:
– Թաթուլի համերգից հետո, որին մասնակցել է 12 հազար մարդ, աղմուկ է բարձրացել, տարատեսակ կարծիքներ են հնչում: Դուք ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ է մեր հասարակության մեծամասնությունը նախընտրում ցածրաճաշակ երաժշտություն լսել:
– Շատ բարդ հարց եք տալիս, բայց…. երեկոները ես աշխատում եմ Համալիրի մոտակայքում գտնվող «Լիվինգսթոն» ռեստորանում, որտեղ մենք բարձրաճաշակ երաժշտություն ենք մատուցում` բառի բուն իմաստով: Այդ օրը չկարողացա անգամ մեքենաս կայանել ռեստորանի մոտ, ոտքով ահագին տեղ քայլեցի, որովհետեւ ամեն ինչ փակ էր: Չորս կողմը ընտանիքներով, տոնական, գեղեցիկ հագնված մարդիկ էին, իրենց երեխաների հետ, ուզում եմ հատուկ ընդգծել, որ երեխաները շատ-շատ էին, ծնողները երեխաներին իրենց կարծիքով տանում էին բարձրաճաշակ երաժշտություն լսելու: Մի այնպիսի ոգեւորությամբ էին քայլում, կարծես… երբ հասա տեղ ու տեսա, որ մեզ լսելու է եկել ընդամենը 30 հոգի, իսկ Թաթուլին լսելու է եկել 12 հազար մարդ, շատ մեծ ափսոսանք ապրեցի եւ հասկացա, որ մենք սա ենք… ուրեմն մենք հայ ազգի «մուտանտներն» ենք, ճիշտը Թաթուլ լսելն է: Մենք մի տեսակ մեծ պահանջներ ունենք մեր ժողովրդից, բայց պետք է հասկանալ մի բան. ի՞նչ կարող ենք պահանջել նման մարդկանցից: Իհարկե, ես ու ինձ նման մարդիկ մեր գործը շարունակում ենք, սակայն՝ մեծ ափսոսանքով:
– Մարդու երաժշտական ճաշակն ինչպե՞ս է ձեւավորվում:
– Ընտանիքից:
– Իսկ ընտանիքի երաժշտական ճաշա՞կը: Պետությունը չունի՞ անելիք:
– Պետությունն ունի մեծ անելիք: ԽՍՀՄ-ի ժամանակ ռաբիս երաժշտություն չէր պրոպագանդվում, շատերը սիրում էին ռաբիս, օրինակ` բոլոր տաքսիստները ժամը 5-ին Բաքու էին միացնում եւ լսում էին ցածրորակ երաժշտություն, բայց այն ժամանակ տաքսիստները մեզանում այսքան շատ չէին, որքան հիմա են: Ռաբիսը հեշտ ընկալելի երաժշտություն է, գեղեցիկ շորեր են հագնում, իրենց ժանրի մեջ շատ էլ լավ կատարումներով են հանդես գալիս Թաթուլը, Սպիտակցի Հայկոն, Ռազմիկ Ամյանը:
– Ռազմիկ Ամյանն է՞լ է ռաբիս:
– Նա այլ կատեգորիայից է: Օպերային լավ երգիչ է, բայց փող աշխատելու համար նա էլ է ռաբիս երգում: Սա շատ խոր արմատներ ունեցող պրոբլեմ է: Կա նաեւ գենետիկայի հարց, մեկի արյունը քաշում է, մյուսինը` չի քաշում:
– Արաբաթուրքական ոճի երաժշտություն լսողները, ըստ Ձեզ, ի՞նչ արմատներ ունեն:
– Դե, ի՞նչ իմանաս: Մարդիկ կան, հասկանում եք, ահավոր շատ են սիրում արաբաթուրքական կլկլոցները, բայց նրանք էլ ունեն իրավունք լսելու, սիրելու այն երաժշտությունը, որը հարազատ է իրենց հոգուն: Այստեղ անգամ դաստիարակությունն էլ չի օգնի նրանց: Բայց, ամեն դեպքում, սովետական տարիներին ռաբիսի դեմ անտիպրոպագանդա էր արվում, եւ դա իր օգուտը տվեց, այն տարիներին բավականին բարձր էր հայ ժողովրդի երաժշտական ճաշակը: Հետո 30 տարվա մեջ այնքան իջավ այն, որ էլ հույս չկա…. թեպետ մենք` պրոֆեսիոնալներս, ամեն ինչ անում ենք, որպեսզի գոնե մի մասին ուշքի բերենք, սակայն մեծամասնության դեպքում չի ստացվում:
– Բարձրորակ երաժշտություն լսելու պրոպագանդայի մեջ էլ երկակի ստանդարտներ են նկատվում: Շատերը գրում են, որ պետք է գնալ Օպերա, լսել դասական երաժշտություն, սակայն այդ գրողներն իրենք էլ չեն գնում նման բարձրորակ երաժշտություն լսելու, եթե գնային, Օպերան այդքան դատարկ չէր լինի….
– Կա երեք կատեգորիա: Ամենաբարձրաճաշակ, ինտելեկտուալ երաժշտությունը կլասիկան է, որն ամեն մեկի համար չէ: Ամբողջ աշխարհում այն պոպուլյար չէ, էլիտաների համար է: Եթե ինչ-որ մարդիկ գնում են Օպերա եւ քնում են համերգի ժամանակ, չի կարելի նրանց մեղադրել…. կա ժողովրդին մոտ երաժշտություն, որը բաժանվում է մի քանի ժանրերի. մարդանման ժանրն էստրադան է, հետո գալիս է ցածրը, ցածրագույնը եւ ցածրագույնից էլ ցածրագույնը: Բարձրակարգ էստրադա լսող մարդիկ նաեւ գնում են Օպերա, պատրաստ են լսել սիմֆոնիկ երաժշտություն: Մեր ժողովրդի մեծ մասը չունի երաժշտական պատրաստվածություն: Ունենք այն, ինչ ունենք: Ամեն դեպքում` օպերան բոլորի համար չէ, այն էլիտար երաժշտություն է: Մի շրջան կար, որ բոլոր ընտանիքներում դաշնամուր կար, երեխաները պարտադիր երաժշտական դպրոց էին հաճախում եւ ավարտում: Երաժշտական կրթություն ստացած մարդկանց էսթետիկան միտված է ավելի բարձրին, իսկ հիմա ո՞ւմ տանը կարող ես դաշնամուր տեսնել` ոչ մեկի: Մի մասն էլ հնից մնացած ունի, բայց չգիտի ում նվիրի, որ տան մի անկյունն ազատվի: Հիմա իմ խնդիրը ոչ թե միայն քննադատելն է, այլեւ ուսանողներիս կրթելն է, փորձում եմ նաեւ կրթել այն մարդկանց, ովքեր ցանկանում են բարձրաճաշակ երաժշտություն լսել:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները