Երեկ իշխող ֆրակցիան մոտ մեկ ժամ փակ նիստում քննարկեց ու որոշեց, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով չեն ձեւավորի։
Հրապարակ թերթը գրել է․ Փակ նիստից հետո խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը որոշման հիմնավորումների մասին չխոսեց, ասաց միայն․ «Բայց ՔՊ խմբակցությունը տեւական ժամանակ աշխատում է ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն պատգամավորական էթիկայի վերաբերյալ ամենատարբեր հարցերը: Հույս ունենք, որ այդտեղ ընդդիմությունը եւս մեզ հետ կհամագործակցի, որովհետեւ նաեւ ընդդիմության ձայներն են մեզ պետք լինելու, եւ կստեղծվի մշտական գործող էթիկայի հանձնաժողով»։
Հիշեցնենք․ խոսքն Անդրանիկ Քոչարյանի եւ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջեւ ծագած միջադեպի մասին է․ իշխանական պատգամավորը լրագրողին վիրավորել էր` առաջարկելով մաքրել շրթունքները: Ավելի ուշ նա հրաժարվել էր ներողություն խնդրել՝ ասելով, թե կրկնել է Բագրատ սրբազանի խոսքերը եւ հղում է արել սաղմոսին։ Բայց լրագրողները ստորագրահավաք էին սկսել՝ ԱԺ-ում այս հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, ընդդիմադիրներն էլ նախագիծ էին դրել շրջանառության մեջ։ Սակայն որպեսզի էթիկայի հանձնաժողովը ձեւավորվի, ՔՊ-ն պետք է կողմ քվեարկի, ընդդիմությունն իր փոքրամասնությամբ այն չի կարող կյանքի կոչել։
Չնայած տեւական ժամանակ իշխանական թիմից տեղեկություններ էինք ստանում, որ մի ստվար հատված՝ ԱԺ նախագահի, ՔՊ խմբակցության ղեկավարի գլխավորությամբ, կողմ են, որ Քոչարյանի վարքը քննության առարկա դառնա, եւ պարբերաբար բարձրաձայնում էին այդ մասին, սակայն երեկվա փակ նիստի ընթացքում ծավալված քննարկումից ոմանք շոկի են ենթարկվել՝ ինչպե՞ս կարող էին մասնավոր զրույցներում քննադատել Քոչարյանին, իսկ փակ նիստում նրան աջակցող ելույթներ ունենալ։
Ի դեպ, նիստից հետո իշխանական կուլիսներում բուռն քննարկում էին ոչ միայն ոմանց «դավաճանությունը» եւ Քոչարյանին հրապարակավ աջակցելն ու ետեւից բամբասելը, այլեւ այն, որ ՔՊ-ում, փաստորեն, կան արտոնյալներ, եւ այդ արտոնությունը նրանց տվել է Նիկոլ Փաշինյանը: ՔՊ-ում համոզված են, որ նրա հրահանգով էին ֆրակցիայի անդամները Քոչարյանին աջակցող եւ էթիկայի հանձնաժողով ստեղծելուն դեմ ելույթներ ունեցել, այդ թվում` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Սկզբում խոսել է Անդրանիկ Քոչարյանը եւ կրկնել իր նախորդ ասածները, որ ինքն այլ մտքով չի ասել այդ արտահայտությունը` սաղմոսից է մեջբերել, իսկ եթե ոմանք այլ կերպ են հասկացել` դա իրենց խնդիրն է, ձեռքի հետ էլ, առանց անուններ տալու, ակնարկել է, որ ՔՊ-ում շատ ավելի խայտառակ վարք դրսեւորած պատգամավորներ են եղել, որոնց հարցը քննարկման չի դրվել։ Ի զարմանս շատերի, Քոչարյանի դիրքորոշումն աջակցել են շատերը, իսկ Ռուբինյանը մի բոցաշունչ ելույթ է ունեցել, մոտավորապես այն տրամաբանությամբ, թե ի՞նչ է եղել որ, ինչո՞ւ ընդհանրապես քննարկել այդ հարցը, ինչո՞ւ Սրբազանի արարքը չքննարկվեց, հիմա Ա. Քոչարյանի հարցն ենք քննարկում։
Խմբակցությունից որեւէ մեկը չի քննադատել Քոչարյանի պահվածքը, երկու «լայցոտ» ելույթ է հնչել` Զարուհի Բաթոյանն ընդհանրական խոսել է սեքսիստական մոտեցումից հրաժարվելու, կանանց հարցում մեղմ եւ զգուշավոր պահվածք դրսեւորելու եւ նմանատիպ հարցերի մասին, գրեթե նույնը կրկնել է Արուսյակ Ջուլհակյանը։ Հարցը դրվել է քվեարկության` բոլորը դեմ են եղել Քոչարյանի վարքը քննելու նպատակով էթիկայի հանձնաժողով ձեւավորելուն, բացառությամբ մեկի՝ Քրիստինե Պողոսյանի, որը, սակայն, ելույթ չի ունեցել։ Պողոսյանի եւ Քոչարյանի ջրերը վաղուց մի առվով չեն հոսում, Անդրանիկ Քոչարյանը նախկինում մի քանի անգամ անտակտ դիտողություն է արել Պողոսյանին՝ ոչ պատշաճ դրես կոդով ԱԺ գալու համար, եւ հրաժարվել է նրան տրամադրել 44-օրյա պատերազմի հանձնաժողովի զեկույցը, որը կհրապարակվի սեպտեմբերի 27-ին։
Վերադառնալով էթիկայի հանձնաժողովի ձեւավորմանը` նկատենք, որ ընդդիմության նախագիծն ընդգրկված է պետաիրավական հարցերի հանձնաժողովի մայիսի 25-ի արտահերթ նիստի օրակարգում, բայց դրան ՔՊ-ն դեմ կքվեարկի։
Բաց մի թողեք
Դատավորը վատացել է, նիստը հետաձգվել
«Հիշողություններ մանկությունից եւ որբությունից». գիրք`ցեղասպանությունից հետո որբացած հայ մանուկների մասին. Լուսանկար
3 տարի, 3 դատավոր. ՊՆ նախարարի խորհրդականի որդու հանգամանքը խառնաշփոթ է առաջացրել