25/04/2025

Նազելի Բաղդասարյանը մարդկային երկատվածություն ունի՞, տարիներ շարունակ ինքն էլ էր ներկա այրմանը․ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Կառավարության գլխի անունից դատապարտել է երեկ ջահերով երթի ընթացքում Թուրքիայի դրոշն այրելը։

Նա մասնավորապես ասել է, որ վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը` այն համարելով անպատասխանատու և անընդունելի։ «Միջազգայնորեն ճանաչված պետության, առավելեւս հարեւան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տարակուսանքով է մոտենում Բաղդասարյանի այս հայտարարությանը. «Նազելի Բաղդասարյանը մարդկային երկատվածության մեջ է․ ինքը տարիներ շարունակ Գյումրիում ներկա է եղել ջահերով երթին, դրոշի այրման գործընթացին։ Այդ ժամանակ դա արվում էր նրա ներկայությամբ, ու ինքը որևէ կերպ վատ չէր արձագանքում։ Էս տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը ջահերով երթը կարող է համարել Ջերմուկի օկուպացիայի պատճառ»։

Դիտարկմանը, որ երեկ իշխանական ԶԼՄ-ներն էլ գրում էին, թե դրոշի այրման ժամանակ ադրբեջանցիները կրակել են Խոզնավարի ուղղությամբ, Գեղամ Մանուկյանն արձագանքեց՝ Նիկոլ Փաշինյանը Haqqin.az-ի դիրքերից է հանդես գալիս, այլ բան սպասել պետք չէ։